ՍԻՐՈ ՄԵՂԵԴԻՆԵՐ

ՆՈՐ ՏԱՐԻ

Խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի
Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
 
Երնեկ թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
 
Երնեկ թե այս Նոր տարին
Հայ ազգն ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:
 
Երնեկ թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:
 
Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:

Яндекс.Метрика