ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ

Ցուցափեղկում սառած հավեր կան անգլուխ,
Ցուցափեղկի մայթին՝ շարժվող ամբոխ,
Հապճեպ երկուշաբթի, հավի տեղական միս, 
Օրերը անգլուխ ի՜նչ շուտ դարձան ամիս:
 
Նորից երկուշաբթին՝ ջղային, անօգնական, 
Ձեռքերը կպարզի երեքշաբթի օրվան,
Նորից կբամբասի հարբած կիրակիից՝
Դատարկապորտ ու ծույլ այդ անբանից:
 
Չորեքշաբթին միշտ զուսպ, հանգիստ գլխով կանի,
Ու հինգշաբթին կհորանջի մինչև ուրբաթ,
Շաբա՛թ, ի՜նչ լավն ես դու ու աննկատ,
Ի՜նչ հուսալի է միշտ քո առավոտը:
 
Իսկ կիրակին նորից չգիտի՝ ինչ անի,
Ո՜նց զարմացնի բոլոր շաբթիներին,
Ելավ փողոց, հետո մի քիչ թրև եկավ
Ու հայհոյեց բոլոր այս օրերին:
 
Ռեստորանում հարբած նա կռիվներ սարքեց,
Փնտրեց ու չգտավ իրեն հարմար մեկին,
Առավոտյան նրան խմած-քնած գտավ
Ջղային, ներվային երկուշաբթին:
 
Ցուցափեղկում սառած հավեր կան անգլուխ,
Ցուցափեղկի մայթին՝ սառած ամբոխ,
Ասես երազ է սա, որ չի վերջանալու,
Այսպես երկարելու ու կյանք է դառնալու:
 
Ու կյանք են դառնալու հապճեպ երկուշաբթին
Եվ կիրակին հարբած և զուսպ չորեքշաբթին:
Օրացույցից հերթով պոկվում-ընկնում են ցած
Օրերը անգլուխ, օրերը անգլուխ,
Օրերը անգլուխ... օրերը գլխատված:

1983թ.

Яндекс.Метрика