ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԻՆՁ ՄԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ

Ինձ մի՛ փնտրիր, մի՛ թակիր իմ պատուհանը, 
Այստեղ եմ ես, ես, կամ էլ՝ իմ ուրվականը:
 
Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը, 
Ա՛յ քեզ հրաշք, սա իմ տո՞ւնն է, թե՝ զնդանը:
 
Դու ինձ ասա՛, գոնե դո՛ւ տուր պատասխանը, 
Ո՞ւմ տունն է սա, ո՞ւմն է այս բնակարանը:
 
Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը, 
Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը:
 
Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը, 
Ո՞ւմ գործն է դա, մի՞թե դա է էականը:
 
Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,
Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը:
 
Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը, 
Նրան անձայն կընդունի իմ ուրվականը:
 
Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը:
 
Կահագանգի նա իր ղեկավարությանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը:
 
Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը, 
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը:
 
Գինում խեղդված՝ կճչա խցանահանը, 
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը:
 
Եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը, 
Գուցե և ձեզ ընդունի իմ ուրվականը:
 
Չզարմանաք, մի՞թե դա է էականը,
Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը:
 
Ինձ մի՛ փնտրիր, ոստիկա՛ն, 
Ես քեզ համար չեմ, ես չկամ: 
Դու ինձ ինչքան էլ որոնես, 
Ուրվականիս կհանդիպես:

1981թ.

Яндекс.Метрика