ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն:
 
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չը տեսած,
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ:
 
Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիրոդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին:
 
Հայ տիկինը ըստիպում է ամուսնուն գնալ...
Պատերազմի դաշտի վրա վերք տալ` ստանալ:
 
Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:
 
Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին:
 
Ցնծա՛, Մա՛յր մեր, ո՛վ Հայաստան, որդիքդ միացան,
Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան:
 
Ուսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան` եռանդ ռազմի... պաշտպան անվեհեր:
 
Ուրախացավ Մա՛յր Հայաստան, ելավ կանգնեցավ,
Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ:

Яндекс.Метрика