ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ

Խոսք՝ Արշալույս Սարոյանի
Երաժշտություն՝ Լեյլա Սարիբեկյանի
Երազիս մեջ կարոտավառ
Համբուրեցի հողն հայրենի,
Վարդերի հետ արտասվեցի՝
Արցունք դառավ ցողն հայրենի:
Մասիսն հեռվից նայում էր ինձ,
Արագածն էր ոտքերիս տակ,
Ծաղիկների թերթերի հետ
Սիրտս լվաց շողն հայրենի:
 
Երբ շուրթերս գետնին կպան՝
Թվաց արևն եմ համբուրում,
Թվաց թե իմ Հայաստանի
Բոլոր սարերն եմ համբուրում,
Մեր դյուցազուն նախնիների
Շիրմաքարերն եմ համբուրում,
Նվիրական նոր հույզերով
Սիրտս լցրեց հողն հայրենի:
 
Օտար մեղրից հազար անգամ
Քաղցր է ծիլը հայոց հողի.
Հայրենիքիս կաթիլ ջուրը
Մի օվկիանի հետ չեմ փոխի,
Սրբություն են քուլաները
Երդիկներից ելնող ծխի,
Թող հար-հավերժ կանաչ մնա
Նվիրական հողն հայրենի:

Яндекс.Метрика