ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ՔՐՔՐՎԱԾ ՍԻՐՏԸ ԻՄ

Քրքրված սիրտը իմ մի թաղեք Դուք այսօր,
Գոնե մեկ օր, մեկ ժամ թող դոփի անորոշ,
Քարացած իմ կարոտը և հույսը այրվող
Թող մեկ ժամ էլ ծխի մոմի շիթերով:
 
Շղթայված իմ ձերքերը՝ կրծքիս չծալվեն,
Կուրացած իմ աչքերը՝ լույսով լվացվեն,
Մերկացած իմ ջիղերը՝ մեկ ժամ էլ լարվեն,
Իսկ հետո ինչ արածխ թող ես չլինեմ:
 
Թող հողը երկրիս ինձ մեկ ժամ էլ կրի,
Ես իմ հոշոտված ու փորված մարմնով
Խոստանում եմ ձեզ, որ բեռ չեմ լինի,
Մի քիչ էլ ինձ կյանք մի քիչ համբերի:
 
Դեռ շնչում են մեղմիկ իմ թոքերը ծխած,
Բայց բաժան են անում իմ լարերը կորած
Մաս առ մաս, երգ առ երգ, գիծ առ գիծ, տող առ տող
Ամենը մեկից և մեկ հարվածով:
 
Օ՜, սպասեք գոնե Դուք՝ ծանոթներ հարգարժան,
Գոնե ես չտեսնեմ, գոնե ես հեռանամ,
Ո՛չ, սկսվել է արդեն թալանն աներես,
Աննկարագրելի աճուրդի հանդես:
 
Սպասեք հեռանամ հետո բզկտեք,
Տարեք յուրացրեք տաղերս ցավոտ,
Եթե, իհարկե, կարողեք մեկտեղ
Կյանքիս էջերը յուրացնել դրամով:
 
Երբ որ իմ երկրիս հողը քարքարոտ
Իր մեջ հալեցրեց բյուր երազանքներ,
«Ո՞ւր էիր, Աստված» կանչը խլացած
Նորից արթնացավ և արձագանքվեց:
 
Երկնքում անթիվ աստղեր են լողում,
Անկախ նրանից, թե ով է երգում,
Այս վանքին գամված երգիս ծերունին
Դեռ մինչև հիմա իր խոսքն է ասում:
 
Նորից «Կտակ»-ի բառերը նայի
Հնչում են չորս կողմ չորցած շուրթերից,
Երգը չի ուղղում շրջադարձն կյանքի,
Այլ կյանքն է դրդում ցանքը երգերի:
 
Թող հողը երկրիս ինձ մեկ ժամ էլ կրի,
Մերկացած իմ ջիղերը՝ մեկ ժամ էլ լարվեն.
Ուզում եմ տեսնել վերջը իմ տաղի,
Այս կողոպուտին ներկա գտնվել:
 
Երկիր անաստված, ինձ մեկ ժամ էլ կրի,
Մերկացած իմ ջիղերը՝ մեկ ժամ էլ լարվեն,
Խոստանում եմ Ձեզ, որ բեռ չեմ լինի,
Մի քիչ էլ ինձ կյանք, մի քիչ համբերի:

Яндекс.Метрика