ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Ո՞ր խոսքերին ապավինեմ, 
Ո՞ր հույսերով ինձ պարուրեմ ,
Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,
Եվ ո՞ր կանչին արձագանքեմ,
Ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
Ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս:
 
Ո՞ր ձայներից կխլանամ, 
Ո՞ր ցավերին կդիմանամ,
Ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,
Եվ ո՞ր ստին կհավատամ, 
Նորից ի՞նչից կզարմանամ,
Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից:
 
Աննշմար դողով ծառերը, 
Մեր կյանքի փողոցներում, 
Թաքցնում են մեր ձայները 
Տերևի երակներում,
Եվ դեղին մագաղաթները 
Մայթերի վրա թերթվում,
Եվ հողին մորմոքն են ժառանգում:
 
Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, 
Ո՞ր սաղմոսին ապավինեմ
Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ,
Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, 
Ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ,
Ո՞ր կորուստներից կխենթանամ:
 
Ո՞ր քաղաքում անհետանամ,
Ո՞ր տան խցում անէանամ,
Եվ ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից
Ո՞ր լույսերից կկուրանամ, 
Ո՞ր ցավերից ես կոռնամ,
Ո՞ւմ փամփուշտից կհեռանամ կյանքից,
 
Աննշմար դողով ծառերը, 
Մեր կյանքի փողոցներում, 
Թաքցնում են մեր ձայները 
Տերևի երակներում
Եվ դեղին մագաղաթները 
Մայթերի վրա թերթվում,
Եվ հողին մորմոքն եմ ժառանգում:
 
Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, 
Ո՞ր սաղմոսին ապավինեմ
Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, 
Ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ
Ո՞ր կորուստներից կխենթանամ:

Яндекс.Метрика