Վահան Տերյան

***

Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
 
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:
 
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չգիտեմ...

Яндекс.Метрика