Վահան Տերյան

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող:
 
Ինձ փաթաթիր, որպես ամպ՝
Մութ աչքերդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքս խորտակիր...
 
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտըս խայթիր՝ ծիծաղիր.
Թող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր:
 
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող:

Яндекс.Метрика