Վահան Տերյան

ՄԱՀ

Մարիր լույսը մշուշոտ, 
Սև հուսերդ արձակիր, 
Դու իմ դահիճ, դու իմ քույր, 
Դու իմ ընկեր տարագիր, 
Էլ մի՛ կրկնիր, մոռացի՛ր 
Խոսքերն անմիտ ու պատիր, - 
Լուռ տանջանքով, խավարով 
Փայփայիր ու փարատիր... 
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր, 
Մեղսոտ սիրով սիրիր ինձ, -
Մեխիր սուրդ կուրծքս բաց, 
Թող թույն լինի և թախիծ։ 
Արդեն գիշեր, արդեն մութ, 
Անանց խավար է արդեն, -
Եղիր հզոր ու անգութ, 
Չար ժպիտով ել իմ դեմ... 
Երգի՛ր խավար և անկում, 
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր, - 
Այրի՛ր սիրտս, թող լինի 
Այնտեղ ավեր ու մոխիր։ 
Ցուրտ համբույրով համբուրի՛ր, 
Այրիր բոցով նրա ցուրտ - 
Վերջին սիրով անպատիր, 
Անվախճան ու անհագուրդ... 
Իմ ցավագին աղոթքին 
Ունկնդրի՛ր ու երևա՛, 
Քո հաղթության ու սիրո 
Կնիքը դիր իմ վրա...

Яндекс.Метрика