Վահան Տերյան

***

Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ:
 
Թփերն ես շարժում,
Շրշում անուշ
Շշուկով պայծառ
Ու փաղաքուշ...
 
Անհայտ է ուղին
Քաղցըր երկրիդ,
Ուր բախտ է անանց,
Անանց ժպիտ:
 
Ուր ծաղիկ ու երգ
Ուրիշ են, այլ,
Ուր անմահական
Փառք է ու փայլ:
 
Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում:
 
Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ 
Կանչում ես ինձ:

Яндекс.Метрика