Վահան Տերյան

***

Դու շրջում ես ամենուրեք, դու չկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կգաս,
Հմայում ես, կանչում, կանչում ու լռում…
 
Քնքշաբույր ծաղիկների թերթերում,
Լույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում:
 
Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում:
 
Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունդ չգիտեմ:

Яндекс.Метрика