Վահան Տերյան

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով:
 
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել.
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր:
 
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել:
 
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ…
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում-
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Яндекс.Метрика