Վահան Տերյան

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում,
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանոթ:
 
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում է մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:
 
Անակնկալ բախտի նման
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ.
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Яндекс.Метрика