Վահագն Դավթյան

ՋՐՀՈՐԸ

Գլուխս կախել, նայում եմ անթարթ 
Ու ինձ եմ տեսնում մեր մութ ջրհորում, 
Ասում են՝ այնտեղ ցերեկով անգամ 
Երկնքի ոսկե աստղերն են լողում։
 
Ամառ է ու շոգ, սակայն ջրհորից 
Բուրում է մի զով, մի խոնավ աշուն... 
Մայրս դույլն առել, եկել է նորից, 
Թեքվել ջրհորին ու ջուր է քաշում։
 
Դույլը իջնում է զվարթ զնգոցով 
Եվ արձագանք է խորքերում տալիս, 
Դույլը ելնում է ծանր տնքոցով 
Եվ պատերն ի վար արցունք է տալիս։
 
Նայում եմ նորից ջրհորին խավար, 
Որ հանդարտվեցին ու իրար եկան... 
Թաց քարերն ի վար, մամուռներն ի վար 
Արցունք է կաթում... Ու աստղեր չկան...

Яндекс.Метрика