Վահագն Դավթյան

ՊԱՏՐԱՆՔ

Ես չգիտեմ, պատրա՞նք է սա, թե ցնորք, 
Անքնության տառապա՞նք է, թե թախիծ… 
...Երբ լուսնկան շող է կախում ու շնորհ, 
Ելնում է նա քարանձավի երախից:
 
Մորուք ունի, ասես մամուռ է սաթե, 
Աչքերի մեջ ինչ-որ հեգնանք կա թաքուն, 
Ձեռքը պարզում, բռնում է հովն արծաթե 
Ու շուրթերին սրինգ արած նվագում:
 
Լույս է ծորում այդ արծաթե եղեգից 
Ու աստղային արտասուքներ են կաթում, 
Ծավալվում է խորհրդավոր մեղեդին 
Եվ ամեն ինչ ոսկեզօծում բացատում:
 
Լույսի շող է, լույսի քող է, լույսի դող, 
Տերևներն են հաշտ ու թեթև թրթռում, 
Եվ աստղերը ցողերի մեջ մկրտվող 
Շեկլիկ ու տաք մանուկներ են ինձ թվում:
 
Աղբյուրն անուշ հեկեկում է իր ակից, 
Հովն է շոյում գանգուրները թփերի, 
Եվ ինչ-որ մութ, ինչ-որ մամռած փչակից 
Հայտնվում է զարմանալի մի փերի:
 
Նստում է նա, որ թաց վարսերը սանրի 
Ու կանչում է, ու կսւնչում է ինձ հեռվից,
Բայց կախարդն այն քրքջում չար ու մանրիկ, 
Մուժ է կախում, փուշ է կախում թփերից:
 
Ես քայլում եմ... Ծավալվում է մեղեդին, 
Ես քայլում եմ, քայլում ու չեմ նկատում, 
Որ փշերին, ծաղիկներին, թփերին 
Իմ ծնկներից արյուն ու ցավ է կաթում:
 
Ու քայլում եմ, ու քայլում եմ ես մենակ, 
Գլխիս վրա գիշերվա հավքն է ճչում, 
Լույս մեղեդին ծավալվում է շարունակ, 
Ու կախարդն է չար ու մանրիկ քրքջում:

1982թ.

Яндекс.Метрика