Վահագն Դավթյան

ՅՈԹ ԵՐԳ` ԵՐԿՐԻՆ

Ա
Երկի՛ր,
Լեռներիդ կապույտ ալիքը 
Կապույտ աստղերի ու կապույտ ցրտի
Ցոլքերի մեջ է լողանում հավերժ...
Երկի՛ր,
Վիհերիդ մութ անդունդներում
Նախապատմական մշուշն է լողում
Առասպելներիդ ծվենների հետ:
Չգիտեմ,
Երկի՛ր,
Ո՞ւմ ներշնչանքից
Դու ծնունդ առար ու արարվեցիր,
Եվ սակայն գիտեմ՝
Դու արարվել ես միայն այն պահին,
Երբ միացել են իմաստությունը և խենթությունը։
Երկի՛ր,
Կարող եմ բարձրանալ հիմա կատարներդ ի վեր
Եվ այնտեղ կանգնած
Խոսել կապուտակ քո աստղերի հետ,
Ինչպես խոսում են մանուկների հետ ու ծաղիկների:
Կարող եմ,
Երկի՛ր,
Ձորերդ իջնել
Եվ անձավներիդ մութի դեմ կանգնած
Զրուցել նրանց լռության հետ քար,
Ինչպես խոսում են իմաստունների ու ծերերի հետ:
 
Երկի՛ր,
Ժայռերդ` կարծր տառապանք,
Եվ ծաղիկներդ` զոհաբերություն,
Ջրերդ` մաղթանք,
Ու երկինքը քո՝ լույս ու բարություն։
 
Կանգնել եմ,
Երկի՛ր,
Կանգնել եմ քո դեմ, չգիտեմ սակայն,
Քե՞զ եմ լուռ դիտում,
Թե՞ թափառում եմ էությանս մեջ...
 
Բ
Երկի՛ր,
Երբ ձյունե քո կատարների 
Թրթռուն ցոլքն եմ զգում ճակատիս, 
Հպարտանում եմ ես իմ ճակատով:
Երբ քո լեռնային բուռ - բուռ լճերում 
Պատկերս եմ տեսնում լույսով շաղախված` 
Աստվածանում եմ ինքս իմ աչքին:
 
Երբ քո լեռներից ու անդունդներից
Արձագանքներն եմ լսում իմ ձայնի` 
Մեծանում եմ ես ու ահագնանում։
 
Երկի՛ր,
Երբ հոգնած ներբաններիս տակ 
Զգում եմ քարե կարծրությունը քո` 
Ամեն քայլիս հետ հավատ եմ տանում:
 
Գ
Դու փոքր ես,
Երկի՛ր,
Սրտի չափ ես դու,
Եվ դրա համար
Իմ սրտի մեջ եմ ես քեզ միշտ պահում:
 
Կոպիտ ես, քարոտ,
Քնքշանքի կարոտ, 
Եվ դրա համար
Ամենաքնքուշ իմ քնքշանքով եմ 
Ես քեզ փայփայում...
 
Եվ բարձր ես,
Երկի՛ր,
Բարձր ես աստղորեն,
Եվ դրա համար լռում ակամա
Ու իմ գլուխն եմ քո դեմ խոնարհում։
 
Դ
Երկի՛ր,
Տառապանքն այն ակոսն է սև, 
Որի մեջ լույսի ու իմաստության 
Սուրբ հասկն է աճում:
 
Այդ ակոսն ես դու,
Այդ կնճիռն ես դու աշխարհի դեմքին:
 
Եվ ծանրացել է քո հասկը, 
Երկի՛ր,
Լցվել է լույսով,
Ցորյանով մաքուր...
Երկի՛ր,
Դու ակոս,
Սրբազան դու հասկ
Ե՛վ հաց անսպառ, և՛ հաց ոգեղեն...
 
Ե
Երկի՛ր,
Լեռներդ ըմբոստ են այնքան,
Որ թվում է թե ուր որ է ահա
Հրաբուխներով որոտան պիտի,
Եվ կապույտն այնքան հեթանոսական,
Որ թվում է թե արյունաթաթախ
Առավոտն է դեռ այն նավասարդի...
 
Ծխանի ծուխ կա օդում ծփացող, 
Եվ ինչ-որ մի տեղ լեռնալանջն ի վեր 
Եզջերուներն են երևի վազում, 
Փողեր են փչում, 
Թմբուկ են զարկում 
Ու զարթնում է մի կապույտ առասպել...
 
Արևագալիդ լույսերից հարբել,
Օրորվում է մի համբարձող բարդի:
 
Ականջս փողի հեռավոր ձայնին,
Կարծես գնում եմ,
Գնում ու սուզվում
Առավոտի մեջ այն նավասարդի:
 
Զ
Երկի՛ր,
Փակում եմ աչքերս քո դեմ, 
Եվ կոպերիս տակ հրդեհ է մնում, 
Կրակ է մնում 
Ու մնում ոսկի...
 
Երկի՛ր,
Բացում եմ աչքերս քո դեմ՝
Ոսկի է կաթում,
Կրակ է կաթում,
Հրդեհ է կաթում քո ամեն ոստից։
 
Երկի՛ր,
Ամեհի անդունդն ի վար
Գահավեժ նետվող ջրերդ բոլոր
Իրենց փառավոր այդ անկումի մեջ
ճերմակ կրակ են
Ու ճերմակ հրդեհ...
 
Երկի՛ր,
Աստղամոտ քո բարձունքներում
Լճեր կան կապույտ,
Որ երկինքն ի վեր
Կապույտ աղոթքի բոցով են մխում։
 
Եվ քարերիդ մեջ,
Ապառաժեղեն երակներիդ մեջ
Կայծեր կան նիրհող
Ու նիրհող բոցեր,
Որ բախումներից զարթնում են հանկարծ`
Բաշերի նման...
 
Եվ այրվում ես դու,
Դու ոտից գլուխ այրվում ես,
Երկի՛ր,
Եվ այրումի պես գեղեցիկ ես դու:
 
Է
Երկի՛ր,
Լեռներդ, լեռնապարերդ
Մեկը մյուսի խոյանքն են կրկնում
Մի անկրկնելի վեհափառությամբ։
 
Եվ քո ջրերը,
Մաքուր ջրերը
Այստեղ դարեդար ժայռեր են փշրում
Իրենց իմաստուն խելագարությամբ:
 
Եվ ծաղիկներդ,
Եվ ծաղիկներդ,
Քարերի վրա արյուն են ծորում
Մի անկիզելի ողջակիզությամբ:
 
...Դարեր են գալիս,
Գնում են դարեր,
Եվ ապրում ես դու,
Հավերժում ես դու
Քո անմեկնելի ըմբոստ հեզությամբ։

1963թ.

Яндекс.Метрика