Վահագն Դավթյան

ԷԼ ԲԱՎԱԿԱՆ է...

Էլ բավական է... Թախիծն այս ցավոտ 
Անվերջ ու անվերջ սիրտս է ծվատում։ 
Պիտի վեր կենամ ես այս առավոտ 
Ու գնամ այնտեղ ու գնամ մեր տուն։
 
Թեկուզ և գիտեմ, որ տեսիլք է սա, 
Որ այն աշխարհը հեռու է ու փակ, 
Բայց միևնույն է, ճանապարհ, սուրա՛, 
Սլացիր իբրև հրեղեն պապակ։
 
Բայց միևնույն է, անցիր վիհերով, 
Մոլորվիր մթին անդունդների տակ 
Եվ քարափների մամռոտ քիվերով 
Ոլորվիր դեպի այն հովիտը տաք:
 
Այնտեղ արև կա ու հոտ կա հարդի, 
Այնտեղ գետակ կա, քարեր կան կիզող, 
Արև է շնչում մի խաղաղ բարդի, 
Որ կիսով կանաչ, արծաթ է կիսով։
 
Ու տուն կա այնտեղ, քարե մի տնակ, 
Եվ գիտեմ, նրա հին առաստաղից 
Մի հին կարոտ է մաղում շարունակ, 
Ու կաթկթում է մի մրոտ թախիծ...

Яндекс.Метрика