Վահագն Դավթյան

ԵՐԳՈՂ ԽԱՉՔԱՐ

Լուսինե Զաքարյանին
Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ, 
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին...
Եվ ինչ հրաշքով խաչքարից հանեց 
Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին։
 
Եվ մաքրությունն այդ ծավալվում վերում, 
Հալչում էր իբրև ղողանջը զանգի, 
Կանչում էր ասես երկիր մի հեռու 
Եվ կանչում էր մեզ խոստովանանքի։
 
Մեզ, որ օրերի վազքի մեջ անքուն 
Մոռացել էինք ինքներս անգամ, 
Որ մեր հոգու մեջ այդքան սրբություն 
Ու թախիծներ կան դեռ անանձնական...
 
Երգեց...Ու այնտեղ՝ կապույտում վերին, 
Ինչ-որ մի խորին խորհուրդ էր թևում, 
Աստղային լույսը խոնարհ կոպերին՝ 
Մայր Հայաստանն էր ասես երևում։
 
Ծիրանի ծառը բուրում էր բարակ,
Եվ անրջում էր ակոսը տրտում,
Կաթկթում էին ցողերն անարատ, 
Մեղավորներիս լույսով մկրտում։
 
Երգեց...Եվ հուշեց ձայնն այդ մոգական, 
Որ թե այդ փխրուն աղջկա հոգում 
Դարերից ձգվող ոգի կա այդքան, 
Ուրեմն շա՜տ ենք համառ ու տոկուն։
 
Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ, 
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին...
Եվ ինչ հրաշքով խորքերից հանեց 
Մեր հոգում նիրհող մաքուր մեղեդին։
 
...Ծավալվում անվերջ երգի լույսն անեղծ 
Ու թրթռում է կապույտ եզերքում...
Կանգնած հողմերի ու արևի մեջ
Ասես մի փխրուն խաչքար է երգում...

1981թ.

Яндекс.Метрика