Ռազմիկ Դավոյան

ԱՅԴ ԲՈԼՈՐԸ ՎԵՐՀՈՒՇ Է

Եթե ձյուն է գալիս,
Եթե սպիտակ ձյան մեջ
Սև մեքենաներ են պառկած
Իմ պառկած սիլուետի նման,- 
Այդ բոլորը - վերհուշ է:
 
Եթե իմ դեմքի մազը երբեմն աղվամազ է,
Եթե ոտքերս երբեմն ծուռ են,
Քայլելիս սայթաքում եմ ես,
Այդ բոլորը - վերհուշ է:
 
Եթե լացել եմ ես քեզ համար,
Եվ արցունքներիս մեջ կապույտ կրակներ են եղել,-
Այդ բոլորը - վերհուշ է:
 
Իսկ ինձ համար - ուշ է,
Իսկ քեզ համար - ուշ է:
 
Ծառերի մեջ գլորվող լուսնի ետևից
Գլորվում է թևավոր մանուկների մի խումբ:

Яндекс.Метрика