Մետաքսե

ՎԵՐԱԴԱՐՁ

-Եղի՛ր իմ սիրո հանգրվանը դու,-
Ասում ես հոգնած, թախիծով թեթև,
Փայլում է արդեն մազերիդ մթնում
Հինգ տարիների փոշին արծաթե:
 
Դու քաղաքներ ես արել ոտնատակ,
Մարել աչքերիդ երազները հուր,
Անմիտ ցրել ես կարոտներդ տաք՝
Փակելով ճամփիդ այնքան բախտի դուռ:
 
Սեղանների շուրջ հյուր ես եղել լոկ,
Ձեռքից ձեռք անցել մերթ գավաթի պես,
Ի՜նչ փույթ, թե այնժամ հավատով իրոք
Հեռավոր մի սիրտ կանչում էր դեռ քեզ...
 
Դու ուշացել ես, ուշացել այնքան,
Մի՛ թակիր դուռս զղջումով անզուսպ,
Իմ արցունքներին դարձել են դամբան
Աշխարհի բոլոր տաճարները սուրբ...

Яндекс.Метрика