Մետաքսե

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Դեռ հանդիպում են ընթերցարանում
Մի ջահել տղա, տարիքով մի կին,
Իրարից մատիտ ու գիրք են վերցնում,
Խոսում են, ասես լուռ ու սրտագին:
Թեթև շիկնում է կինն ամեն անգամ,
Աղջկա նման շփոթվում իսկույն,
Նրա հուզմունքը տեսնում է տղան
Ու սրտի դողով սպասում թաքուն...
Երբ զրուցում են... անսահման քնքշանք,
Անորոշ վախ կա կնոջ աչքերում,
Տղան զգում է, նայում համարձակ,
Բայց ինքն էլ ինչ-որ տագնապ է ապրում:
Տուն ուղեկցելիս տղան կամացուկ
Բռնում է կնոջ ձեռքը սիրելի,
Հետո գնում են նրանք թևանցուկ,
Ու ջերմանում են սրտերն ավելի:
Սիրահար տղան ինչպե՜ս իմանա,
Թե ուր կտանի գերող այդ ուղին,
Նա գիտե՞ արդյոք, որ իր մեջ հիմա
Կինը փնտրում է սերն իր առաջին...

Яндекс.Метрика