Մետաքսե

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Երբ տեսնում ես ինձ,
Իրարանցումով ձեռքդ գցում ես դու ծխախոտիդ,
Մի կարմիր ալիք ոտքերիդ ծայրից
Վազում է վերև, շառագունելով դալուկը դեմքիդ,
Սրտիս ծխանով գլանակներիդ ծուխը բարձրանում,
Մշուշ է մաղում աչքերիդ հեռու հորիզոններում,
Ուր բռնկվում է տվայտանքներիս ցոլքը խելագար,
Ցոլքը ծխածածկ...
Ու թրթռում են շուրթերդ սիրո սարսուռից շվար,
Դողում են խոնարհ կնոջդ բախտի ու իմ սրտի հետ...
Ոչ ոք չի տեսնում փախուստդ քեզնից ու սրտից քո խենթ,
Ոչ ոք չի տեսնում ներսիդ խուճապը ինձանից բացի,
Քանզի այս նույնը չի կրկնակվում ոչ մեկի ներսում,
Ոչ մեկի ներսում հրդեհվող սիրտը այսպես չի մրսում...
 
Երբ տեսնում ես ինձ,
Այնպես ես լինում դու տակնուվրա,
Որ մոխրանում ես գլանակներով, մոխրանում ես լուռ,
Լավ չէ՞ լուսավոր մի մեղք վերցնել իր խղճի վրա,
Քան այդքան մրուր...

Яндекс.Метрика