Մետաքսե

ԴԱՏԱՐԿ ԳԼԽՈՎ

Միշտ տխրում էիր, թե մանկության մեջ
Մի աղավնի ես սպանել հանկարծ,
Որի աչքերում ծիածանը պերճ
Կլորացել էր ու սառել անդարձ...
 
Հիվանդանոցում դու պառկել այսօր,
Առաստաղին ես նայում ամայի,
Ճմլում ես ահից սավաններ ու շոր,
Ներկված արյունով քո երեխայի:
 
Դեռ մայր չդարձած, ո՛վ դահիճ, դու քեզ,
Դու քեզ մորթեցիր քո իսկ արգանդում,
Կիսաթալանված եկեղեցու պես
Խաչդ կորցրել, սգում ես տրտում...
 
Առաստաղին ես նայում վշտահար,
Հիշում սպանված քո սուրբ աղավնուն,
Որոնց կորստի զղջումը դժվար
Արցունք է ծնել աչքիդ խորանում...

Яндекс.Метрика