Վահագն Դավթյան

ՎԱՅՐԿՅԱՆ

Զրնգացող լույսի նման 
Մի ձայն հնչեց իմ ականջում, 
Եվ ցոլացին մոգություններ 
Զարմանալի ու թախծալի, 
Թվաց հեռվում ինձ են հիշել, 
Թվաց հեռվից ինձ են կանչում. 
Թվաց հեռվից աչքով արեց 
Մի արևոտ ցայգածաղիկ:
 
Մանուկ օրվա կապույտի պես 
Մի քնքշություն ալեվետեց, 
Սահեց, գնաց ու խառնվեց 
Աղբյուրների ուրախ լացին... 
Ու մեկն անցավ հեռուներով, 
Վրաս տխուր մի լույս նետեց, 
Անցավ հպարտ՝ այնպես նման 
Այն քնքշորեն հեռացածին...
 
Հետո գույներ՝ կանաչ ու հիր, 
Գույներ նռան ու մարջանի, 
Գույներ, գույներ, որ քամու հետ 
Թափառում են արոտներով... 
Ու թռչուններ չտեսնված՝ 
Փետուրներում կայծ ու քամի, 
Ու գազաններ հրաշամորթ, 
Հրաշալի մռութներով:
 
Ու ես գնում էի թեթև, 
Աղբյուրների խմբերգն առած, 
Ինձ հետ հավքերն էին գնում, 
Գնում էին դաշտ ու լեռներ, 
Չկար գաղտնիք ու չկար մութ. 
Չկար ստվեր ու առեղծված, 
Եվ գիտեի ես սիրուց լալ, 
Եվ գիտեի սիրուց մեռնել...
 
Զրնգացող լույսի նման 
Փայլատակեց մի հուր վայրկյան, 
Զրնգացող լույսի նման 
Մի ձայն մարեց իմ ականջում, 
Եվ ափերիս պարապի մեջ 
Մի թախծություն մնաց հանգած, 
Մնաց մի տաք լույսի մոխիր, 
Մնաց մի տաք աստղի աճյուն...

1977թ.

Яндекс.Метрика