Վահագն Դավթյան

ՀԱՎԱՏՈԻՄ ԵՄ ՔԵԶ

Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, 
Քե՛զ, որ լեռներում այս բարձրիկ ու լուրթ 
Ապրել ես դարեր, դարեր մաքառել 
Եվ քո կրակը միշտ վառ ես պահել... 
Քե՛զ, որ առաջին հասկն ես սերմանել, 
Քե՛զ, որ առաջին գինին ես քամել, 
Լույսի դեմ չոքել հեթանոսորեն, 
Փառաբանել ես ողկույզ ու ցորեն, 
Քե՛զ, որ կերտող ես դարերում եղել, 
Քարեր ես ձևել, ժայռեր ես պեղել, 
Քարի քար խղճից հանել ես բարին, 
Ազնվությունդ տվել խաչքարին 
Եվ քո վաստակով, քո կոթողներով, 
Քո մատյաններով, սիրո տողերով, 
Գողթան երգերով, խորունկ վերքերով 
Եվ խոյանքներով քո լույս հանճարի
Կանգնել ես դարեր սրի դեմ չարի...
 
Ցեղեր են եկել, արշավել ցեղեր,
Քո արդար ու հին արյունն են հեղել, 
Ասպատակել են ու ջարդել են քեզ, 
Դարեր ու դարեր աղարտել են քեզ, 
Բայց դու Նարեկով ինքդ քեզ զտել, 
Քո սուրբ հարության հրաշքը գտել
Եվ քո վաստակով, քո կոթողներով, 
Քո մատյաններով, սիրո տողերով, 
Գողթան երգերով, խորունկ վերքերով 
Եվ խոյանքներով քո լույս հանճարի 
Հասել հողմերին այս ահեղ դարի։
 
Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, 
Քե՛զ, իմ տառապանք, իմ խորին խորհուրդ, 
Քե՛զ, որ Դեր-Զօրի խորշակով կիզված, 
Եվ այդպես ցրիվ, և այդպես կիսված, 
Ապրեցիր նորից, նորից տևեցիր, 
Դեպի երազդ նորից թևեցիր, 
Հավատում եմ քեզ, քո արմատներին, 
Քո հոգու թաքուն խորխորատներին, 
Բիրտ ու բարբարոս քո կարծրությանը, 
Խոնարհ ու փխրուն քո թախծությանը, 
Քո հին արյանը, քո արյան կանչին, 
Քո հզոր լեզվին՝ մեծասքանչին, 
Քո մաքուր գինուն, քո արդար հացին, 
Հարատևության քո առեղծվածին...
 
Գիտե՛մ, այս դարի հողմերում վրդով 
Դարերից բերած խորին խորհրդով 
Քեզ պիտի նորից Նարեկով զտես, 
Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես, 
Ջրդեղես պիտի Չարենցյան հրով 
Ու քո վաստակով, քո կոթողներով, 
Քո մատյաններով, սիրո տողերով, 
Քո մաքուր գինով, քո արդար հացով, 
Հարատևության քո առեղծվածով 
Հավերժես պիտի լեռներում այս լուրթ, 
Հավատո՛ւմ եմ քեզ, իմ հայ ժողովուրդ...

Яндекс.Метрика