Վահագն Դավթյան

ԱՅՐՎԱԾ ԿՏԱՎՆԵՐ

Մինաս Ավետիսյանի հիշատակին
Շրջանակներ այրված, շրջանակներ պարապ, 
Շրջանակներ, որպես սպիտակած բիբեր... 
Եվ ներշնչման ոգին՝ մի նետահար կարապ, 
Մոխիրների վրա հոգեվարում է ղեռ:
 
Բոցկլտում էր այնտեղ մի հրեղեն կարոտ, 
Ու տեսիլն էր ցոլում ծվեններով ծավի, 
Մի ծարավ էր այրվում կածաններին քարոտ, 
Եվ մի կորչող աշխարհ գեղեցկանում ցավից:
 
Ու ցավի մեջ այդ տաք՝ որձաքարե տներ, 
Մի հոգնատանջ գեղջուկ ու թևաթափ մի մայր... 
Եվ չգիտեն նրանք, որ Հիսուս են ծնել՝ 
Տառապանքի, ցավի ու հրաշքի համար:
 
Շրջանակներ այրված, շրջանակներ անդեմ, 
Շրջանակներ, որպես մութ վիհերի հառաչ... 
Հետո կանգնել էի գերեզմանիդ հանդեպ՝ 
Այդ ահավոր, վերջին շրջանակի առաջ:
 
Կանգնել էին նրանք՝ մի հոգնատանջ գեղջուկ 
Ու թևաթափ մի մայր... Եվ անձրև էր մաղում... 
Չգիտեին նրանք՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ, 
Չգիտեին նրանք, որ Հիսուս են թաղում:
 
Շրջանակներ այրված, շրջանակներ պարապ, 
Շրջանակներ, որպես սպիտակած բիբեր, 
Ո՞վ է նշան բռնել քեզ, ներշնչման կարապ, 
Այդ ի՞նչ մրրիկ է սև քո թևերին դիպել:
 
Պիտի շանթը շողար, բայց անձրևն էր մաղում, 
Պիտի որոտ լիներ, բայց շշուկ էր տխուր... 
Երբ աշխարհում աշխարհ ու հրաշք են թաղում, 
Ամպրոպ, ինչո՞ւ ես լուռ...

1981թ.

Яндекс.Метрика