ՍԻՐՈ ՄԵՂԵԴԻՆԵՐ

ԻՄ ՓԵՐԻՆ

Խոսք՝ Ավետիք Իսահակյանի
Կես գիշերին գետի ափին
Ես նըստած եմ սիրավառ.
Գետն հոսում է, - և հոսանքին
Ես նայում եմ միալար:
 
-Ո՞վ է խաղաղ մեջ-գիշերին
Քընած գետը վարդովում.
Ալիքները խըփում ժայռին, -
Ծերուկ ժայռը լըվանում:
 
-Ո՞վ է աստղոտ, զով գիշերին
Լուսնի շողով զարդարվում,
Շուշան-կըրծքին, սև մազերին
Գոհար ցողեր սըրսկում:
 
-Ո՞վ է չքնաղ բարի-լուսին
Ծաղիկները համբուրում.
Մըշուշային փըրփուրի մեջ
Արշալույսին ողջունում:
 
-Նա հեղ գետի լուռ փերին է,
Ցնորքներիս սիրելին,
- Նա իմ սըրտի դիցուհին է,
Վառ երգերիս նազելին...
 
Եվ մինչև լույս գետի ափին
Ես նըստած եմ քարացած.
Գետն հոսում է, - և հոսանքին
Ես նայում եմ շիվարած:

Яндекс.Метрика