ՍԻՐՈ ՄԵՂԵԴԻՆԵՐ

ԱՆՈՒՇ ՄԻ ԱՌԱՎՈՏ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Գևորգի (Գևորգ Գրիգորյան)
Անուշ մի առավոտ, դեռ վարդը քնած,
Սոխակն էր դայլայլում վարդով հմայված,
Եվ մեր ծաղկադաշտից սիրո փունջ կապած,
Յարիս տնից հանի սիրտը մոլորված։
Արթնացել էր խոր քնից աչքերը թաց էր,
Յարս ինձ էր սպասել դռները բաց էր։
 
Մատին օսկե օղ արել 
Սրտին դող առել,
Գլխին քող էր կապել,
Ինչ հարս էր դառել։ 
 
Հանկարծ զուռնան փչեց, զարկեց նաղարին,
Արևն ամբողջ ժպտաց սարին ու քարին,
Տղա աղջիկ բռնած մշո քոչարին, 
Սուրբ Կարապետ տարան ինձ ու իմ յարին։
Յարս շողշողում էր հեզ ամռան հովի պես,
Ողջ Մշո դաշտն է ելել եկել հարսնատես։
 
Խոնարհ ու լուռ կանգնած դեմը խորանի,
Պսակեց քահանան հագած ծիրանի,
Մաղթեց որ մի բարձի աստված ծեր անի,
Ամենքն էլ մեզ տվին հազար երանի։
Յարս շողշողում էր լուռ ամռան ցողի պես,
Ողջ Մշո դաշտն է ելել եկել հարսնատես։

Яндекс.Метрика