ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՀԵՔԻԱԹ N

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջի՛ն ու վերջի՛ն սեր, 
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, 
         Ճակատագրից,
                  Ճակատագրից պոկված նվե՛ր:
 
Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր,
Տե՛ս՝ կորցրել եմ քաջությունս, 
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, 
         Բայց նա է հենց,
                  Բայց նա է հենց երջանկությունս:
 
Ես կորցրել եմ ճերմակ ձիս՝
Իմ ոսկեթամբ ժառանգությունը, 
Ինչպե՞ս ելնեմ այս անտառից, 
Երբ կորցրել եմ, 
         Երբ կորցրել եմ,
                  Երբ կորցրել եմ ուղղությունս:
 
Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց, 
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ինձ ժպտաց,
         Բայց ինձ փրկեց,
                  Եվ ափ հանեց հաջողությունը:
 
Մի կո՛ղմ թողեք անմիտ վեճերը՝
Աննպատակ ու անտեղի,
Խառնել եմ իմ մտքի էջերը
Եվ ճիշտ հասցեն,
         Եվ ճիշտ հասցեն,
                  Եվ ճիշտ հասցեն իմ այս տեղի:
 
Ես իջեցրել եմ իմ դրոշը՝
Հպարտություն կոչվող նավի, 
Վիճակը իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, 
         Պարտության մեջ եմ,
                  Պարտության մեջ եմ կամովի:
 
Ահա՛ իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի, 
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, 
         Երգի նման,
         Երգի թևով կփոխանցվի:
 
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քա՜ղցր թույն, ի՜մ սրտակեր, 
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, 
         Ճակատագրից,
                  Ճակատագրից պոկված նվե՛ր:

1994թ.

Яндекс.Метрика