ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

Ես սիրած մի աղջիկ ունեի՝
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ:
 
Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ
Ու երբեք չգա հետ:
 
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ,
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց:
 
Ես ազնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ:
 
Ու քամուն ես նորից խնդրեցի՝ 
Պատմությունն այս տանի-կորցնի,
Որ տանի-կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ:
 
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ,
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից:
 
Ես անցյալս ջնջել փորձեցի
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյալիս դժգույն դեմքը տեսա:
 
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի-կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ
Շատ երկար ժամանակ:
 
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից:
 
Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը իրոք մոռացա:
 
Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սուլի ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակ:
 
Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց:
 
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան՝
Անիմաստ, անիմաստ խոհական:
 
Իսկ հետո բոլորի նման ես 
Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ, 
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան:
 
Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տան տիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին:
 
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան:

1982թ.

Яндекс.Метрика