ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՊՈԵՏՆԵՐԸ ԵՎ ՇՆԵՐԸ ԸՆԿԵՐՆԵՐ

Ես ու լուսինը միասին
Մոտեցանք սառած ջրափոսին
Եվ գիշերը՝ ժամը երկուսին
Երգեցինք այս երգը այն մասին,
 
Թե ինչու են պոետները
Եվ շները ընկերներ,
Որովհետև նրանք գիշերը
Սիրում են լուսնոտ երգեր:
 
Որ մեր կյանքն աղավաղում են 
Ցերեկներն անիրական,
Գիշերները մենք գտնում ենք
Մեր դեմքերը իսկական:
 
Մո՛ւթ ամպեր, մի՛ փակեք լուսնի դեմքը,
Թո՛ւյլ տվեք զրույցը ավարտել, 
Ես, լուսինն, այն շունն ու ջրափոսը
Շա՜տ վաղուց իրար չենք հանդիպել:
 
Շունը, որ կանգնած էր իմ կողքին,
Դունչը մոտեցրեց ջրափոսին,
Նա այնտեղ տեսավ կլոր լուսնին
Եվ ասաց դատարկ այդ ափսեին:
 
Որ իր հայրը ցեղական էր,
Մայրն՝ անհայտ ցեղի մի շուն,
Նրանց կապն օրինական չէր,
Ու ծնվեց մի որբ անտուն:
 
Որ անվերջ այս գզվռտոցը
Հանուն մի կտոր հացի
Ապրելու միակ միջոցն է,
Որ կյանքից չուտես քացի:
 
Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է,
Ուր լուսնի դատարկ ափսեն է շողշողում,
Կան մարդիկ, որոնք այնտեղ թքում են,
Իսկ ոմանք լուսին են որոնում:
 
Եվ հանկարծ, ջրափոսից սառած,
Դուրս լողաց լուսինը սփրթնած,
Նա մեզ մոտեցրեց իր դեմքը թաց
Եվ ահա՛ թե ինչ նա շշնջաց:
 
Որ երգերը մեր ցավերն են՝
Բոլորից թաքուն պահած,
Որ գիշերը մենք ոռնում ենք՝
Աշխարհի դեմ դառնացած:
 
Ու մի պահ մեր դեմ բացում է
Դրախտի դռներն Աստված,
Շներին նա կերակրում է
Ու փակում վերքերը բաց:
 
Իսկ այնտեղ բոլոր շները կուշտ են,
Պոետներն ունեն գինի ու հաց,
Եվ երգերն այնտեղ ոչ թե ոռնում են,
Այլ երգվում են մինչև լուսաբաց:
 
Ու պոկում են շղթաները
Պոետները ու շները կատաղած,
Գիշերվա մեջ համբարձվում է
Նրանց երգն աղոթք դարձած:
 
Ու թռչում են պոետները
Շների հետ խենթացած,
Այնտեղ, ուր արդեն բացել է
Դրախտի դռներն Աստված:

1983թ.

Яндекс.Метрика