ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

Ի ԶԵՆ ՀԱՅԵՐ

Ի զեն հայեր, ի սուր, և ի հրացան,
Մայր Հայաստանը, կոչում է մի ձայն,
Լեռից լեռ թնդում է, ահեղ հրաման,
Թռե՛ք հայեր, թռե՛ք դեպի Հայաստան:
 
        Դեպի, դեպի, դեպի՛ Հայաստան,
        Թռեք հայեր՝ դեպի՛ Հայաստան: 
 
Արևելք, Արևմուտք, հարավ և հյուսիս,
Դղրդաց ու թնդաց, քաղցր ավետիս,
Հայկաց քաջ զավակաց, առյուծ սրտերից,
Ազատություն հնչեց, ամե՛ն կողմերից:
 
        Ամեն, ամեն, ամե՛ն կողմերից,
        Ազատություն հնչեց՝ ամե՛ն կողմերից: 
 
Խումբ-խումբ հայեր դեպի, Մայր Հայաստանը,
Փրկության ավետիս առած ի բերան,
Դիմում են ցնծությամբ, իբրև հարսանիք,
Ուխտած սուրբ արյունով, փրկե՛լ հայրենիք:
 
        Փրկել, փրկել, փրկե՛լ հայրենիք,
        Ուխտած սուրբ արյունով՝ փրկել հայրենիք: 
 
Մայր Հայաստանը, ոտքի է կանգնում,
Առյուծաբար վրեժ, վրեժ է գոչում,
Արյունով ներկվում են, բոլոր լեռները,
Լոկ արյուն են հոսում, բոլո՛ր գետերը:
 
        Բոլոր, բոլոր, բոլո՛ր գետերը,
        Լոկ արյուն են հոսում՝ բոլո՛ր գետերը: 
 
Թշնամին զարհուրած, փախուստ է դիմում, 
Անթիվ ավար ու գանձ, հայերին թողնում,
Հաղթություն, հաղթություն, գոչենք միաձայն,
Թշնամին կորած է, կեցցե՛ Հայաստան:
 
        Կեցցե, կեցցե, կեցցե՛ Հայաստան,
        Թշնամին կորած է՝ կեցցե՛ Հայաստան:

Яндекс.Метрика