ԿՈՄԻՏԱՍ

ՉԵՄ ԿՐՆԱ ԽԱՂԱ

Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Վարդ կոշիկս կճռճռա,
Անոթի փորս կղռղռա,
Կեսուրս կգա կվռվռա:
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Սևասուգ սիրտս կդողդողա,
Լացից աչքս կմրմռա,
Չար կեսուրս կբռբռա:
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Ջահել-ջիվան դոշիս դաղ ա,
Լաչառ տալս կճղճղա,
Տեքրակինս կբղբղա:
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Քավթառ յարս կծու սոխ ա,
Ի՞նչ եղավ քեզ, ա՛յ շեկ տղա,
Ես քո սիրուց հալ-մաշ եղա:

Яндекс.Метрика