ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ՄԻ ԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ

Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
Մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
Եվ հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների...
Մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
 
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
Եվ նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
Եվ նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում...
Խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
Հեղափոխության գորշ երախում:
 
Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
Անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
Կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
Եվ մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:
 
Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում,
Գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում...
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
Զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
Բզկտում են խիղճդ և այրում:
 
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
Չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
Չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնան,
Երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը- 
Նրան էլ մորթի - հանգստանաս:
 
Ինձ ասում են՝ խենթ ես, չէ աշխարհն է ցնորվում...

Яндекс.Метрика