ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ՀՈՒՅՍ

Ուշ է, նա թակում է դուռը փակ,
Նա, ում սպասում ես շարունակ,
Նա է, ով փրկում է քո հոգին,
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարքից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից՝
Թևազուրկ այդ թռչունից:
Հույսն է ապավենը մենության,
Հույսն է, որ կերտում է ապագան,
Հույսն է, որ վերջին պահին կրկին
Կորուստների ճանապարհին
Փրկության լույսով ժպտում է,
Եվ այդ հույսը փրկության 
Քո նշխարքն է հաշտության:
 
Լուռ է, սենյակի դռները՝ փակ,
Ստվերն է ճոճվում պատին սպիտակ,
Հուշն է սղոցում վհատ հոգիդ,
Երբ կիթառի լարերը հին 
Գիշերվա մեջ տրոփում են
Եվ հազար-հազար երգեր 
Պատերից հնչում են դեռ:
Այս ցնորված մնջախաղի 
Անզոր դիմախաղով՝
Շարժվում են մեր ստվերները
Կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
Իրենք անհետանում:
 
Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող,
Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր,
Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում-
Օրացույցին է սևագրում
Գուրգուրած քո երազները
Եվ նկարդ մեծացնում-
Փակում սև շրջանակում:
 
Ուշ է, նա թակում է դուռը փակ:
Նա է՝ ում սպասում ես շարունակ:
Նա է՝ ով փրկում է քո հոգին-
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարգից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից՝
Թևազուրկ այդ թռչունից:
 
Այս ցնորված մնջախաղի 
Անզոր դիմախաղով՝
Շարժվում են մեր ստվերները
Կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում-
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
Իրենք անհետանում:

Яндекс.Метрика