ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ԽՈՒԼ ՀԱՌԱՉԱՆՔԻ

Խուլ հառաչանքի ցավի մորմոքից,
Միշտ նույն գիշերով սահմանված չես դու,
Բախտի խաղն է սա, մի դաժան վարկյան,
Անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու:
 
Առեղծվածային այս կյանքի բեմին,
Այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
Վաղը դու սակայն կհասնես լույսի,
Եթե չկորչես տափաստաններում, ու դառնաս անտեր:
 
Մեռած հույսերի, մարած հավատքի
Դու պահակը չէս սառ գերեզմանի:
Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի
Միայն թե բեմի լույսը չմարի:
 
Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի
Մինչ կսողոսկի քո քայլերի տակ
Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի,
Որ չթուլանաս նախիրի առաջ:
 
Սա է քո ճամփան, բեռն համբերության
Կիսամեռ չորցած արմատից չես դու:
Թող քեզ հարվածեն ու մի պահ ցնծան,
Դու զարկդ պահիր գալիք մարտերին, ու նայիր հեռուն:
 
Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի
Խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
Որ քեզ կկանչեն քո մեծ երազի
Ժայթքող նյարդերի հարվածին հոսուն:
 
Երբ ազատության դռանը կապված,
Շանը կարձակեն պահակները քո,
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան,
Դարձիր մարդկության մասնիկը անհոգ:
 
Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար,
Եվ որսից փրկված մի գազանի պես,
Գորշ հայացքների պատնեշի միջով,
Ոտքի տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր:
 
Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան,
Քո ուսից գցիր բեռն հիշողության,
Երկինք նայելիս հույսով ողողված,
Եվ էլ մի կանչիր «Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ»:

Яндекс.Метрика