ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ

Խոսք՝ Հրաչյա Թամրազյանի
Իմ տարիները չոր հենակ,
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում:
 
Մտերիմներ՝ թե հին, թե նոր:
Մաքուր էր սերն իմ առաջին:
Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպղծված միակ խաչին:
 
Ճաշակեցի և քեն, և ողբ,
Ու կուրացած իր փայլերից
Քրքջացող մարդկանց ամբոխ
Ու կորուստներ՝ թե հին, թե նոր,
Ու մուրացող իմ հայրենիք:
 
Ահա կանգնել է իմ դիմաց,
Դա ես տեսել եմ, թե լսել,
Օ սոսկահար մահվան դիմակ,
Օ մոտեցող աղաղակներ,
Եվ հին ստի նոր երանգներ:
 
Ճերմակ երազ, ճերմակ աչքեր՝
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
Անիրական կյանքի ծարավ
Ու ժամանակը կանգ առած:
 
Աչքերիս դեմ ճերմակ մի սար
Ու մեր ճամփան՝ ճերմակ տեսիլք,
Ու մեր հայացքը համընթաց,
Ու անհաղորդ սրտերը սառ
Քարի նման թափվում են ցած:
 
Մեղեդիներ լեզուն կտրած
Ո տեսիլքնել մեռած ու ողջ,
Այդ խավարի մեջ ինձ գտավ,
Այդ գիշերից ինձ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ:
 
Նա շոշափեց կույրի նման
Իր երգը լուռ ու կյանքը կարճ,
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց,
Այսպես կիսատ ու սիրտը կախ,
Ես շրջվեցի... բայց նա չկար:

Яндекс.Метрика