ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ԷԼ ՈՉ ՄԻ ՎԻՇՏ

Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,
Ոչ մի կսկիծ, կամ էլ մորմոք,
Ոչ մի դատարկ հույս կամ աղոթք,
Կամ բյուրեղյա երազ անհոգ.
Անցան դարեր:
 
Բավ է դիեր ու հեկեկանք,
Բավ է՝ մեր ծեր ցավը ողբանք,
Հերիք՝ անխելք մխիթարանք.
Հոգնել եմ ես:
 
Որքան հետքեր գաղթականի,
Որքան տներ առանց ծխի,
Իբրև վկայք՝
Դեռ չմարած մեր պարտքերի:
 
Որքան աղոթք անզեն իզուր
Եվ սխրանքներ անհատների,
Պարապ գանգեր՝
Առանց մարմին ու անլեզու:
 
Կար լոկ դիմակ վստահության,
Միայն ստվեր խիզախության,
Եվ, իբր վերջ,
Ապտակն ուժգին մեր պատմության:
 
Սա է աղոթքը մեր դարի,
Սա է պատգամը մեր ծառի,
Այս գորշ վիժվածքը 
Պատմության և մեր հողի:
 
Եվ չի փոխվել աշխարհը սին,
Եվ չեն փոխվել արև լուսին,
Նայեք այսօր ձեր դեմքերին,
Նայեք այսօր ձեր աչքերին:
Հոգնել եմ ես...
 
Ինչ էր երեկ նույնն է այսօր,
Նույն բզկտումն ամենազոր
Եվ պառակտված, փշրանք դարձած
Մի ժողովուրդ:
 
Նայեք իրար, նայեք ձեր մեջ,
Ինչ կա հզոր հաղթող հավերժ,
Եվ որն է խաչը հավատքի,
Ով է հայր մեր:
 
Արդեն բավ է միմյանց խաբենք,
Քանի դեռ ուշ չի, կանք դեռ մենք,
Քանի դեռ սուրը ոսոխի
Ճամփին է դեռ:
 
Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,
Ոչ մի կսկիծ, կամ էլ մորմոք,
Ոչ մի դատարկ հույս, կամ աղոթք,
Կամ բյուրեղյա երազ անհոգ.
Անցան դարեր:

Яндекс.Метрика