ԿՈՄԻՏԱՍ

ԱԼ ԱՅԼՈՒՂ

Աղջիկ.
Ալ այլուղս կորավ ձեր դուռ, 
Փոթոթել է սիրտս մրմուռ,
Բախտը ինձի գցեց էս կուռ,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն տղա, տո՛ւր այլուղս:
 
Տղա.
Ալ այլուղդ ես չգտա,
Երդվում եմ, Աստված վկա.
Ով գտել է, թող բերի տա,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն աղջիկ, քո այլուղդ:
 
Աղջիկ.
Այլուղս յարի բաշխած էր,
Ալ աբըրշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն տղա, տո՛ւր այլուղս:
 
Տղա.
Ջահել-ջիվան` սարերն ընկա,
Ցավոտ սրտիս ճար չգտա,
Քո սերն ինձի հոգի կուտա,
Ջանո՛ ջան,
Թող ինձ մնա ալ այլուղդ:
 
Աղջիկ.
Ա՜խ, ի՞նչ ասեմ ես իմ մորս,
Կամ ի՞նչ պատմեմ ազիզ հորս,
Խաբար կուտան մեծ ախպորս,
Ջանո՛ ջան,
Տղա՛, տղա՛, տո՛ւր այլուղս:
 
Տղա.
Սևո՛ւկ աղջիկ, սիպտակ հագիր,
Ա՛ռ այլուղդ, վերքս կապի՛ր,
Սիրուդ գերի` ինձ մի՛ տանջիր,
Ջանո՛ ջան,
Էրված աղջիկ, առ այլուղդ:

Яндекс.Метрика