ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ՄԱՅՐ ԻՄ (ԴՈՒՆ ՄԻԱՑԱՐ ՄԵՐ ՀՈՂԻՆ)

Խոսք՝ Մուշեղ Իշխանի
Մա՜յր իմ՝ արև ու հեռանո՜ւշ լուսնկա
Դարձար նշխար ու միացար մեր հողին,
Եվ հողն անուշ հայրենիքին հնամյա,
Քիչ մ՝ավելի անուշցավ...
 
Մա՜յր իմ՝ երկինք և առավոտ սրբալուս,
Դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբուր
Եվ հողը սուրբ լուսապսակ պապերուս
Քիչ մ՝ավելի սրբացավ...
 
Մա՜յր իմ, դուն գանձ և անսպառ ոսկեհանք,
Դարձար խորհուրդ և հողակոյտ աննշան,
Բայց գանձն անխոյզ մեր հողերու լանջքին տակ
Քիչ մ՝ավելի աճեցավ...
 
Մա՜յր իմ՝ աղբյուր սիրո անհաս հրաշքին,
Գացիր ննջել Լուսավորչի աստղին տակ,
Եվ սիրտն անհուն Հայաստանի մայր հողին
Քիչ մ՝ավելի մայրացավ...
 
Մա՜յր իմ՝ երդիկ, մա՜յր իմ՝ սեղան տոհմական,
Հարազատ բառ և սուրբ բարբառ մայրենի,
Քեզնով հիմա աշխարհն հայոց աննման,
Քիչ մ՝ավելի հայացավ:

Яндекс.Метрика