ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԱ

Հիմա հասկացա՝ կարևորը կանգառն է:
Ճանապարհը՝ միայն կետերի միացում:
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Մեզ կուլ է տալիս և դուրս շպրտում:
 
Սեղմված են իրար դատարկ ճամպրուկները,
Յուղոտ բաժակները՝ սեղանին դողում,
Իրարից զզված ուղևորները
Ինչ-որ անիմաստ ստեր են փչում:
 
Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է,
Առջևում՝ միայն անհայտություն:
Երբ քո փողոցից մարդիք վերանում են,
Դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում:
 
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
 
Քո ճամպրուկն էլ, խե՛նթ, ջութակի պատյանն է:
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում:
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:
 
Դու հիմա հասկացար՝ կարևորը կանգառն է,
Ճանապարհը՝ երկու կետերի միացում:
Անշարժությունից զզված ընթանում ես
Քազաքից քաղաք, ուր քեզ չեն սպասում:
 
Պառկած ես անշարժ փայտե մահիճին՝ դողալով ցրտից:
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
 
Դու հիմա հասկացար՝ կարևորը կանգառն է,
Ճանապարհը՝ երկու անհայտի միացում:
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Մեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:
 
Երգն էլ, մի տեսակ, կետերի միացում է,
Խոսքերը՝ կցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է՝
Ուր ջութակը քո՝ հարբած ուղևոր:
 
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

Яндекс.Метрика