ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ԵՐԲ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Քո օրացույցի դեղին էջերին,
Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Տերևների պես, քո կյանքի ծառից:
 
Երբ ժամացույցի լարված զսպանակը
Կացինն է ճոճում քո պարանոցին,
Անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:
 
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է անվերջ պայքարի,
Պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
Երբ վերածվում է կյանքի իմաստի:
 
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Երբ տապալվում է կանգնած արձանը,
Ժամանակը միշտ վիժում է նորից:
 
Փողոց ու այգի իմաստազրկվում են
Իմաստազրկված քաղաքի մեջքին,
Տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:
 
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծնվել երախում բյուր ժողովների,
Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
Այն վազքի նման, որ ավարտ չունի:
 
Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
Պատճառները բյուր առանց պատճառի:
 
Անիմաստության խորտակվող իմ նավը
Նորից փրկության ափին է զարնվում,
Երբ վերարկույով քնած զավակներս
Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:
 
Նրանց աչքերի առկայծող լույսերը
Ոգուս սառույցի կեղևն են փշրում,
Անկարողության պոկում կապանքները,
Եվ կյանքս նորից իմաստավորում:

Яндекс.Метрика