ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ԱՌԱՋ ԳԻՏԵԻ

Խոսք՝ Մուշեղ Իշխանի
Առաջ գիտեի,
Թե մարդիկ ինչու կգային աշխարհ,
Արեգակն ինչու կթափեր ոսկի,
Ծաղկաբաց ծառի ափերում դալար
Ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
 
Առաջ գիտեի,
Ինչ էին ասում աստղերը պայծառ,
Կախված կամարից անհաս երկնքի,
Թե ուր կարշավեր վազքը տենդահար
Հավերժագնաց մեր մոլորակի
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
 
Առաջ գիտեի,
Թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն
Խառնվում էր լաց, արյուն ու արցունք,
Եվ ինչու կյանքի հինավուրց ճամփին
Վիհին կնայեր ամեն մի բարձրունք,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
 
Առաջ գիտեի
Թե ինչ կար կյանքից, մահից էլ անդին,
Ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան,
Եվ թե որ անսուտ, նորածագ լույսին,
Կբացվեր հանկարծ ամեն գերեզման,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:

Яндекс.Метрика