ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Երբ անառակ որդու նման,
Դառնաս՝ թողած քաղաքդ,
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,
 
Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են` ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ`
Ուշ է, ուշ է...
 
Երբ անառակ որդու նման,
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ անկյունում:
 
Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց`
Ուշ է, ուշ է...
 
Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան, ով որ սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը:
 
Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Հե՜յ, ուշ է...
 
Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում,
Ամենն ունի իր վերադարձը,
Միշտ ուշացած գտնում ես այն,
Ինչ որ վաղուց կորցրած ես:
 
Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է խիղճը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Ուշ է, ուշ է...

Яндекс.Метрика