ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

Ահա և վերջ...
Վերջ հարաժամ և հարատև,
Իբրև վերջին փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:
Օ՜ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ՜ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ու՞մ ենք հավատում,
Ո՞ւր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է՝ պարտվեցի՞նք:
Ահա եվ վերջ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում,
Որ խամաճիկն է ամբոխի:
Երգն այն նետն է ազատության
Ու նիզակը՝ առասպելի:
Բել ոսոխին Հայկը հաղթեց...
Կամ հակառակը՝ երևի՞...
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելի՞ն...
Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
Ահա եվ վերջ...
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչո՞ւ չի ավարտվում:
Օ՜ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոքու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ՜ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ո՞ւմ ենք հավատում,
Ո՞ւր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք:
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...
Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
Մեծածավալ և հիասքանչ տաճարների
Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը՝
Ամենը ձեզ, և արծաթե լապտերը վանքերի,
Ադամանդե շարքով հյուսված խաչերը:
 
Դուք ձեզ վերցրեք և փառավոր շքախմբեր,
Եվ տոնական կախարդական զանգերը:
Ամենը ձեզ, իսկ ինձ միայն բաժին թողեք
Դժոխքներով անցած «Հայր մեր»-ը:
 
Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս,
Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը:
Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ
Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը:
 
Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:
 
Ամենը ձեզ` քարոզների խորհուրդն անգին:
Ճանկեք կյանքի ձեր մարտնչած փառքերը,
Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ
Եվ տարերքին տրված խելառ օրերը:
 
Այսպես պոկված ճյուղի նման, կյանքի ծառից,
Մոլորվեցինք այս աշխարհի մեջ:
Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի,
Եվ անաստված դարի մեղքերը:
 
Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:
Երբ անառակ որդու նման,
Դառնաս՝ թողած քաղաքդ,
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,
 
Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են` ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ`
Ուշ է, ուշ է...
 
Երբ անառակ որդու նման,
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ անկյունում:
 
Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց`
Ուշ է, ուշ է...
 
Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան, ով որ սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը:
 
Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Հե՜յ, ուշ է...
 
Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում,
Ամենն ունի իր վերադարձը,
Միշտ ուշացած գտնում ես այն,
Ինչ որ վաղուց կորցրած ես:
 
Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է խիղճը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Ուշ է, ուշ է...
Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերից փչող ամեն հով,
Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս:
 
Անմեղ զոհերի արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
Եվ նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
Կծնվեն մարդիկ արյունով հարբած:
 
Սրի ու սովի կդառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
Եվ ոտքի կոխան հասկեր անհամար`
Աշխատավորի քրտինքով օծուն:
 
Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կխլեն մարդիկ անվարան
Որբի բերանից պատառը հացի:
 
Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
Կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
Առաջ գիտեի,
Թե մարդիկ ինչու կգային աշխարհ,
Արեգակն ինչու կթափեր ոսկի,
Ծաղկաբաց ծառի ափերում դալար
Ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
 
Առաջ գիտեի,
Ինչ էին ասում աստղերը պայծառ,
Կախված կամարից անհաս երկնքի,
Թե ուր կարշավեր վազքը տենդահար
Հավերժագնաց մեր մոլորակի
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
 
Առաջ գիտեի,
Թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն
Խառնվում էր լաց, արյուն ու արցունք,
Եվ ինչու կյանքի հինավուրց ճամփին
Վիհին կնայեր ամեն մի բարձրունք,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
 
Առաջ գիտեի
Թե ինչ կար կյանքից, մահից էլ անդին,
Ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան,
Եվ թե որ անսուտ, նորածագ լույսին,
Կբացվեր հանկարծ ամեն գերեզման,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
Երկնքում անթիվ աստղեր են լողում,
Բայց մարդիկ երբեք վերև չեն նայում,
Հայացքները կախ միշտ նայում գետնին,
Քարացած սրտով ինչ հրաշք երկինք...
 
Երկնքում կապույտ արևն է լողում,
Ամպերը սակայն երկինքն են փակում,
Շողերը վերջին խեղդվում են ահա,
Սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ...
 
Երկնքից պոկված աստղերին ափսոս,
Երկինքը ափսոս` հողին հարթեցված,
Աստղերը պոկող պատանուն ափսոս,
Ափսոս խորտակված իղձերին նրա...
Ասում են կարճ է կյանքը,
Շուտ կը մարի սրտի զարկը,
Բայց արևի տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի,
Ահա կանգնած շարան շարան,
Կձանձրանան:
 
Ասում են քաղցր է կյանքը,
Եվ անսահման երկրի փառքը,
Բայց քրկի մեջ բուրաստանի,
Ծաղիկների դեմ գեղանի,
Մարդիկ ահա շարան շարան,
Կձանձրանան:
 
Ասում են խորն է կյանքը,
Լույս է համայն երկրի հանքը,
Բայց կանչի դեմ ծիածանի,
Կամ աստղերի խորհրդալի,
Մարդիկ ահա շարան շարան,
Կձանձրանան:
 
Ասում են նոր է կեանքը,
Միշտ կհնչի սիրո զանգը,
Բայց աներազ առանց տաղի,
Սեղանի շուրջ աղ ու հացի,
Մարդիկ ահա շարան շարան,
Կձանձրանան:
Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում,
Մնացածը տալիս քամուն
-Եվ հեռանւմ,
-Բարով մնաք...
 
Բարով մնաս իմ մանկություն,
Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
Աքսորների խուլ ահազանգ,
-Կռիվ ու խաղ,
-Բարով մնաք...
 
Բարով մնաք իմ ընկերներ,
Որ կիսեցիք ինձ հետ օրերը հին,
Ես կհիշեմ ամեն վայրկյան
Նրանց, որոնք արդեն չկան,
-Օրհնյալ լինեք,
-Բարով մնաք...
 
Բարով մնաս դու իմ քաղաք.
Եվ փողոցներ իմ հարազատ,
Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
Հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
-Ես դեռ կգամ,
-Բարով մնաք...
 
Ինքս ինձնից եմ հեռանում
Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում...
Ես հեռանում եմ, որ դառնամ,
Հազար փակված դռներ բանամ,
-Հիմա գնամ,
-Բարով մնաք...
 
Մնաս բարով, վերջին իմ սեր,
Կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր...
Գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված,
Եվ կորուստի դռները բաց
-Ես փակեցի,
-Բարով մնաք...
 
Մնաք բարով խելառ օրեր
Անքուն հազար իմ գիշերներ
Բարով մնաք, խոսքեր մաշված
Դեմքեր հոգնած
Նոր խաբկանքի դռները բաց
-Չեմ հավատում,
-Բարով մնաք...
 
Մնաս բարով, վերջին կորուստ,
Վերջին իմ հույս, սպասում, 
Երազ վերջին...
Ես հեռանում եմ ամենից,
Ամեն տեսակ սուտ խաղերից
-Ես չեմ խաղում,
-Բարով մնաք...
Կապեցին վաղուց աչքերդ փալասով,
Ժանգոտեց ձեռքիդ կշեռքը դարավոր,
Գողացան կշռաքարերը քո խղճի
Դու ես, որ արդարություն ես - Հե՜յ, երևի...
 
Հեգնեցի ես կուռքերին իմ հին ու նոր,
Չեմ կանգնի ես քո առջև գլխակոր,
Բանտարկված եմ ես ցմահ այս կյանքով,
Եվ արդեն պատիժ է դա ծայրագույն հոդվածով...
 
Այրեցի բոլոր դռները բաց և փակ,
Կողպեքները ձեզ վերցրեք - Հե՜յ, հիշատակ,
Սև թելով սպիտակ թևերը կարեցի
Ինձ ասում են - Չես թռչի - կջարդվես… Ցատկեցի...
Ո՞ր խոսքերին ապավինեմ, 
Ո՞ր հույսերով ինձ պարուրեմ ,
Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,
Եվ ո՞ր կանչին արձագանքեմ,
Ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
Ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս:
 
Ո՞ր ձայներից կխլանամ, 
Ո՞ր ցավերին կդիմանամ,
Ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,
Եվ ո՞ր ստին կհավատամ, 
Նորից ի՞նչից կզարմանամ,
Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից:
 
Աննշմար դողով ծառերը, 
Մեր կյանքի փողոցներում, 
Թաքցնում են մեր ձայները 
Տերևի երակներում,
Եվ դեղին մագաղաթները 
Մայթերի վրա թերթվում,
Եվ հողին մորմոքն են ժառանգում:
 
Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, 
Ո՞ր սաղմոսին ապավինեմ
Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ,
Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, 
Ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ,
Ո՞ր կորուստներից կխենթանամ:
 
Ո՞ր քաղաքում անհետանամ,
Ո՞ր տան խցում անէանամ,
Եվ ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից
Ո՞ր լույսերից կկուրանամ, 
Ո՞ր ցավերից ես կոռնամ,
Ո՞ւմ փամփուշտից կհեռանամ կյանքից,
 
Աննշմար դողով ծառերը, 
Մեր կյանքի փողոցներում, 
Թաքցնում են մեր ձայները 
Տերևի երակներում
Եվ դեղին մագաղաթները 
Մայթերի վրա թերթվում,
Եվ հողին մորմոքն եմ ժառանգում:
 
Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, 
Ո՞ր սաղմոսին ապավինեմ
Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, 
Ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ
Ո՞ր կորուստներից կխենթանամ:
Ես ձեզ ասում եմ՝ կըգա ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
 
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք, 
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք:
 
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կըգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանգնեք ծովե ծով...
Երկու տուն ունիմ, փակ արած,
Երկու սիրտ ունիմ, կանգ առած,
Երկու թև ունիմ, կապ արած,
Երկու տեր ունիմ` մի Աստված..
 
Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա...
 
Դուդուկիս շունչով հագենամ,
Իմ ոգուս ցավին դիմանամ,
Աշխարհքի ստով կուրանամ,
Նախանձի թույնից հեռանամ...
 
Կարգեցին գուսան ծաղրանքով,
Երգերս` պատանդ վիրավոր,
Կոկորդիս ձայնը խլացավ,
Էս մարդոց խիղճը վերացավ...
 
Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա...
 
 
Խոսք՝ Սայաթ Նովայի, Արթուր Մեսչյանի
Երաժշտություն՝ Սայաթ Նովայի

 

Ես փոխում եմ սլաքները,
Երեևի վերջին անգամ:
Չգիտեմ ճամփան իմ բաց է,
Թե կարմիր լույսին կմոտենամ...
 
Հե՜յ, ինչ իմանամ:
 
Ձյան սպիտակ թավշե սփռոցը,
Իմ թողած հետքերը կծածկի:
Խլացնող այս լռության մեջ,
Միգուցե լսվի մեկ մեղեդի:
 
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
Բազմաձայն մի երգչախումբ է,
Դեմքերով թշակալած:
Բեմերում լարերը լուռ են,
Ո՞ւր ես դու, հաջորդ իմ ցնորված:
 
Պատվիրված ոսկե թակարդը,
Իր հրաշքներով քեզ չգերեց,
Փոխանցում եմ իմ ջութակը քեզ,
Իմ բարեկամ, օրհնյալ լինես:
 
Ես փոխում եմ սլաքները,
Հեռանում եմ դեռ չեկած
Առջևում վերջին կանգառն է,
Ո՞ւր ես դու, հաջորդ իմ ցնորված:
 
Ձյան սպիտակ թավշե սփռոցը,
Իմ թողած հետքերը կծածկի,
Խլացնող այս լռության մեջ,
Միգուցե լսվի մեկ մեղեդի:
 
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
Ես փոխում եմ սլաքները,
Երևի վերջին անգամ:
Չգիտեմ ճամփան իմ բաց է,
Թե կարմիր լույսին կմոտենամ...
 
Հե՜յ, ինչ իմանամ:
 
Ձյան սպիտակ թավշե սփռոցը,
Իմ անցած հետքերը կծածկի:
Խլացնող այս լռության մեջ,
Կլսվի, գուցե, մեկ մեղեդի:
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Քո օրացույցի դեղին էջերին,
Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Տերևների պես, քո կյանքի ծառից:
 
Երբ ժամացույցի լարված զսպանակը
Կացինն է ճոճում քո պարանոցին,
Անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:
 
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է անվերջ պայքարի,
Պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
Երբ վերածվում է կյանքի իմաստի:
 
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Երբ տապալվում է կանգնած արձանը,
Ժամանակը միշտ վիժում է նորից:
 
Փողոց ու այգի իմաստազրկվում են
Իմաստազրկված քաղաքի մեջքին,
Տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:
 
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծնվել երախում բյուր ժողովների,
Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
Այն վազքի նման, որ ավարտ չունի:
 
Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
Պատճառները բյուր առանց պատճառի:
 
Անիմաստության խորտակվող իմ նավը
Նորից փրկության ափին է զարնվում,
Երբ վերարկույով քնած զավակներս
Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:
 
Նրանց աչքերի առկայծող լույսերը
Ոգուս սառույցի կեղևն են փշրում,
Անկարողության պոկում կապանքները,
Եվ կյանքս նորից իմաստավորում:
Վախցիր, երբ սիրտդ կարյունի`
Վերքը խղճի չունի դարման,
Օր ու գիշեր պիտի բանի,
Մինչև հատնի կյանքի ճամփան...
Քեզ չեն կարող էլ վշտակցել,
Խիղճը ծակող ցավի համար,
Խղճի արյան ամեն կաթիլ
Կիյնա ծածուկ և աննշմար...
Վախցիր, երբ խիղճդ ամբասիր,
Մեղապարտի պես կարյունի,
Եվ կդառնա տեր ու դպիր,
Կյանքն արյունող ամեն ցավի...
Աչքերիդ դեմ խղճահարի,
Պիտի հորդի մեղքը մարդոց,
Պիտի քայլի զորքը չարի,
Աշխարհի մեջ տառապակոծ...
Վախցիր, երբ դեմքդ է միշտ ժպտում,
Բայց կարյունի խիղճդ ներսեն
Երբ կկիսես հացը մարդու,
Բայց արյան համ կգա հացեն:
Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:
 
Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
Կամ ծիծաղում խենթի նման,
Նվիրվում եմ ավազներին`
Անապատի գետի նման:
 
Նվիրվում եմ անմնացորդ,
Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:
 
Վաղը, երբ որ մշուշ լինի
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը, փոքրիկ մի կայծ
Ետ բերի իմ ծիծաղից:
 
Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:
Երկիր հնամյա, երկիր հայրենի,
Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին
Քո հավերժական հմայքը չունեն,
Լեռներից այն կողմ, ամպերից անդին:
 
Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,
Որքան էլ օտար հողերում լինեմ,
Անհունության մեջ, միջոցին թափուր,
Ես քեց կորոնեմ, հայրենի իմ տուն:
 
Դու առաջին սեր և վերջին կարոտ,
Հուշերի նավակ, ուրախ ու ցավոտ,
Շրթերիս վրա կմնաս միշտ դու,
Մայրական համբույր, իմ կարոտ տխուր:
 
Երկիր հնամյա, երկիր պապենի,
Քո ոգուց շաղված լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ,
Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
 
Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն,
Արցունքի հովիտ կամ դրախտավայր,
Ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ,
Ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:
Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս՝ ես կհագենամ,
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ,
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:
Ասում են՝ ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:
 
Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,
Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,
Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում:
Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:
 
Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:
 
Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Կսպանվի սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանի,
Դատապարտելով աճյունը սառաց մի ճոխ թաղումի:
 
Զարմանում եմ ես, որ նորից-նորից, գլուխը կորցրած,
Ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած:
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում:
Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում:
 
Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից,
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,
Խուլ ու հնազանդ չարին հանձնված այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց անդունդը տանող ճանապարհներից:
Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,
Ոչ մի կսկիծ, կամ էլ մորմոք,
Ոչ մի դատարկ հույս կամ աղոթք,
Կամ բյուրեղյա երազ անհոգ.
Անցան դարեր:
 
Բավ է դիեր ու հեկեկանք,
Բավ է՝ մեր ծեր ցավը ողբանք,
Հերիք՝ անխելք մխիթարանք.
Հոգնել եմ ես:
 
Որքան հետքեր գաղթականի,
Որքան տներ առանց ծխի,
Իբրև վկայք՝
Դեռ չմարած մեր պարտքերի:
 
Որքան աղոթք անզեն իզուր
Եվ սխրանքներ անհատների,
Պարապ գանգեր՝
Առանց մարմին ու անլեզու:
 
Կար լոկ դիմակ վստահության,
Միայն ստվեր խիզախության,
Եվ, իբր վերջ,
Ապտակն ուժգին մեր պատմության:
 
Սա է աղոթքը մեր դարի,
Սա է պատգամը մեր ծառի,
Այս գորշ վիժվածքը 
Պատմության և մեր հողի:
 
Եվ չի փոխվել աշխարհը սին,
Եվ չեն փոխվել արև լուսին,
Նայեք այսօր ձեր դեմքերին,
Նայեք այսօր ձեր աչքերին:
Հոգնել եմ ես...
 
Ինչ էր երեկ նույնն է այսօր,
Նույն բզկտումն ամենազոր
Եվ պառակտված, փշրանք դարձած
Մի ժողովուրդ:
 
Նայեք իրար, նայեք ձեր մեջ,
Ինչ կա հզոր հաղթող հավերժ,
Եվ որն է խաչը հավատքի,
Ով է հայր մեր:
 
Արդեն բավ է միմյանց խաբենք,
Քանի դեռ ուշ չի, կանք դեռ մենք,
Քանի դեռ սուրը ոսոխի
Ճամփին է դեռ:
 
Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,
Ոչ մի կսկիծ, կամ էլ մորմոք,
Ոչ մի դատարկ հույս, կամ աղոթք,
Կամ բյուրեղյա երազ անհոգ.
Անցան դարեր:
Կապել են ամուր փալասով քո աչքերը,
Ձեռքիդ էլ կախել կշեռքը ժանգոտ,
Ոնց որ գողացել են քո կշռաքարերը
Արդարություն ես դու կույր ու վախկոտ,
Դու ես արձան, որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի:
 
Ես հեգնեցի հին ու նոր կուռքերին իմ,
Դու ինձ չես տեսնի գլխակոր ծնկաչոք,
Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
Չես վախեցնի ծայրագույն հոդվածով,
Դու ես արձան, որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի:
 
Կիսատ թռիչքը երազիս
Եվ լուռ տրոփը լույսերի
Այն ինչ այսօր չհասկացա,
Այն ինչ աստղի ես չհասա
Եվ ինչ հեքիաթ որ չապրեցի,
Բնավ առանց տագնապների
Հաջորդ կյանքին ես հանձնեցի:
 
Թևերը սպիտակ իմ մարմնին կարեցի,
Մոտեցա ես եզրին քո բերդի պարիսպի,
Եվ լուռ ժպիտով երկնքին նայեցի,
Գոռում են կանգնիր կջարդվես մի թռչի... Ցատկեցի:
Իմ տարիները չոր հենակ,
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում:
 
Մտերիմներ՝ թե հին, թե նոր:
Մաքուր էր սերն իմ առաջին:
Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպղծված միակ խաչին:
 
Ճաշակեցի և քեն, և ողբ,
Ու կուրացած իր փայլերից
Քրքջացող մարդկանց ամբոխ
Ու կորուստներ՝ թե հին, թե նոր,
Ու մուրացող իմ հայրենիք:
 
Ահա կանգնել է իմ դիմաց,
Դա ես տեսել եմ, թե լսել,
Օ սոսկահար մահվան դիմակ,
Օ մոտեցող աղաղակներ,
Եվ հին ստի նոր երանգներ:
 
Ճերմակ երազ, ճերմակ աչքեր՝
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
Անիրական կյանքի ծարավ
Ու ժամանակը կանգ առած:
 
Աչքերիս դեմ ճերմակ մի սար
Ու մեր ճամփան՝ ճերմակ տեսիլք,
Ու մեր հայացքը համընթաց,
Ու անհաղորդ սրտերը սառ
Քարի նման թափվում են ցած:
 
Մեղեդիներ լեզուն կտրած
Ո տեսիլքնել մեռած ու ողջ,
Այդ խավարի մեջ ինձ գտավ,
Այդ գիշերից ինձ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ:
 
Նա շոշափեց կույրի նման
Իր երգը լուռ ու կյանքը կարճ,
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց,
Այսպես կիսատ ու սիրտը կախ,
Ես շրջվեցի... բայց նա չկար:
Կորչում գնում են, հեռանում, մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ, որտեղ տիրում են թմբուկները
Որտեղ ամեն մի մեղեդի փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան, նրանք են մենակատարները:
 
Ձեզ չեն ների - որ դիմացաք, չնվաղեց երբեք ձեր կամքը,
Չներեցիք և հեռացաք՝ նախազգալով խաղի ավարտը
Ձեզ չեն ների - երբ ետ դառնաք, երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն կպահանջվեն շինարարները:
 
Ձեզ չեն ների, որ չկորաք, պահպանեցիք ոգու տաճարը,
Որ դատեցիք ինքներդ ձեզ հեգնած նրանց նեխած ատյանը
Որ հարբեցող դուք չդարձաք կյանքի հոտած պանդոկների մեջ,
Եվ չկորաք թմրած ծխում՝ տառապյալի հիմար դերի մեջ...
 
Տեսե՞լ եք դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը. 
Կյանքի բեմից դուրս շպրտված՝
Լուռ հեռանում են սպիտակները:
Խուլ հառաչանքի ցավի մորմոքից,
Միշտ նույն գիշերով սահմանված չես դու,
Բախտի խաղն է սա, մի դաժան վարկյան,
Անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու:
 
Առեղծվածային այս կյանքի բեմին,
Այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
Վաղը դու սակայն կհասնես լույսի,
Եթե չկորչես տափաստաններում, ու դառնաս անտեր:
 
Մեռած հույսերի, մարած հավատքի
Դու պահակը չէս սառ գերեզմանի:
Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի
Միայն թե բեմի լույսը չմարի:
 
Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի
Մինչ կսողոսկի քո քայլերի տակ
Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի,
Որ չթուլանաս նախիրի առաջ:
 
Սա է քո ճամփան, բեռն համբերության
Կիսամեռ չորցած արմատից չես դու:
Թող քեզ հարվածեն ու մի պահ ցնծան,
Դու զարկդ պահիր գալիք մարտերին, ու նայիր հեռուն:
 
Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի
Խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
Որ քեզ կկանչեն քո մեծ երազի
Ժայթքող նյարդերի հարվածին հոսուն:
 
Երբ ազատության դռանը կապված,
Շանը կարձակեն պահակները քո,
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան,
Դարձիր մարդկության մասնիկը անհոգ:
 
Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար,
Եվ որսից փրկված մի գազանի պես,
Գորշ հայացքների պատնեշի միջով,
Ոտքի տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր:
 
Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան,
Քո ուսից գցիր բեռն հիշողության,
Երկինք նայելիս հույսով ողողված,
Եվ էլ մի կանչիր «Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ»:
Աշխարհը այս բաժանվել է
Հազար ու մի տարբեր կտորների...
Ասում են շատ վաղուց (ստում են երևի),
Ամեն լաթի կտորը մի երկիր է՝
Իր կարկատած օրենքներին գերի.
Եվ մարդկային կիսված ամբոխ՝
Ցցված այդ լաթերին:
 
Ամեն մի կեսը կայսրություն է,
Կամ պետություն, կամ էլ գաղութ ինչ որ մեկի,
Սահմանների փշալարով կարված՝
Մարմնի վրա կապոյտ մոլորակի:
 
Այդ կեսերից էլ մեկը մեր երկիրն է՝
Կապված առագաստով՝ քարե խարիսխներին,
Կես սահմանի ցցին սեղմված,
Կես լույսերի հույսին հառած
Եվ կես կտոր հացին...
 
Եվ երբ կիսված է ժամը, և քարացած է դեմքը աշխարհի,
Կիսված կռիվ ու մսաղաց՝ լքված կիսատ ջոկատների,
Կիսված վերջին փամփուշտը և վերարկուն
Նախորդ պատերազմից,
Եվ դու որ քո մարմնով փակում ես
Միջանցքը նոր կորուստների...
Ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
Այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
Կես խուժանից արդեն ես ձանձրանում եմ,
Կես գողերից, քառորդ հովիվներից.
Եվ կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք-
(Կեցցե ամբողջությունը խենթերի),
Կես խափնված ազգասերին ատում եմ,
Ռամիկ պարոններից ես զարզանդում եմ,
Էլի մի բան, որ չեմ հիշի...
 
Նորից փրդած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան շեմին,
Նորից քո պատուհանը մութ կյանքի լույսով կողողվի,
Միայն թե դիմանա քո սիրտը կիսված հազար հարվածներին,
Չքարանան թևերը քո թռիչքի մեջ կիսված ճամփին:
Լսի՛ր, ժամանակի կիսված զարկերը, լսիր,
Դեռ չկիսված մի մեղեդի,
Փակի՛ր կորուստների բացված դռները
Եվ ամբոխին կիսված մի՛ խառնվիր:
 
Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը
Ատում եմ քեզ կիսատության գերի
Ձեզ հետ եմ ես՝ ովքեր ցավից պարում են,
Ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
Հեգնում ճակատագրի գորշ երեսին:
Հայր Մեր հրաշք ամենատենչ,
Աղբյուր լուսո` Դու, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Տեր մեր բարձրյալ՝ Դու արարիչ ես,
Եվ եկեսցե արքայություն,
Եղիցի կամք Քո՝ ծայրագույն ես,
Որպես յերկինս և յերկրի՝
Դու` տիրակալ տիեզերքի, միայն լռում ես...
 
Քեզնից ենք հացը ողորմում,
Երբ որ դաշտերը մեր լքյալ են
Եվ թողություն ենք աղերսում
Մեր մեղքերին, քանզի կախյալ ենք,
Ասված է, որ ներենք նրանց,
Ով որ պղծի երկրիս տաճարը.
Գուցե ուրիշը և ների,
Բայց մենք՝ երբեք. Հիշր անցյալը...
 
Եվ մի տանիր ի փորձություն,
Բայց կյանքը մեր լոկ փորձություն է,
Եվ զմեզ փրկեա Տեր ի չարե,
Բայց ինչու Դու, Մենք ի՞նչ՝ անճար ե՞նք,
Զի Քո է և արքայություն, և զորություն,
Եվ փառք՝ Դու տիրակալ ես...
Այժմ և միշտ և հավիտյան՝
Մենք կկորչենք, իսկ Դու անմահ ես...
Ապակյա կապույտ թափանցիկ մի գունդ
Կրում է իր մեջ մոլորակը փուչ,
Ամպոտ արգանդում դրախտ ու դժոխք
Կապված են իրար նույն ժամանակով...
 
Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է՝ չեն փոխում անունդ...
 
Տե՛ր, գիտես, Քեզ որդեգրել են
Եվ ասում են՝ թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը,
Ո՞վ է հնարել այս սուտը...
Ո՞ւմ եր պետք, ասա, այս սուտը...
 
Մարդկանցից հոգնել եմ անհաղորդ,
Մեկը բութ հովիվ է, իսկ մյուսը՝ ճորտ,
Երրորդն էլ՝ ճոճվում երկնի մեջտեղում,
Չորորդն է միայն, որ չի հանձնվում...
 
Մեզ ծալում է կյանքը և վիժում,
Միայն ավարտին ենք, Հա՛յր մեր, Քեզ հիշում,
Մարել ենք բոլոր մոմերը խորանում,
Քեզ կորցրել ենք, Հա՛յր մեր, չենք գտնում...
 
Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է՝ չեն փոխում անունդ...
 
Լավ է՝ չեն փոխում անունդ...
 
Տե՛ր, գիտես, Քեզ որդեգրել են
Եվ ասում են՝ թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը,
Ո՞վ է հնարել այս սուտը...
 
Ո՞վ է հնարել այս սուտը...
Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,
Սալերով պատվեց Քո նավը և դարձավ տաճար...
 
Բաժնեցին նրա խորհուրդը հազար աթոռի,
Մոռացան կիսել «Հայր Մեր»-ը
Եվ մարդոց մաշված ջիղերը...
Եվ լաթերը՝ ժառանգված խղճի...
 
Ուժասպառ վանքի կմախքը գմբեթն է կրում,
Տեր մարդոց հոգու թոքախտն է արյունով հազում...
 
Դեռ կանգուն են տաճարներտ՝ հովիվներն են սուտ,
Ինքնակոչ առաջնորդները,
Կիսակրոն վարդապետները,
Քահանան՝ ճարպոտ, դպիրը՝ բութ...
 
Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է՝ չեն փոխում անունդ...
 
Տե՛ր, գիտես, Քեզ որդեգրել են
Եվ ասում են՝ թլպատել են,
Ախոռում եր Քո ծնունդը,
Ո՞վ է հնարել այս սուտը...
Ո՞ւմ էր պետք, ասա՛, այս սուտը...
 
Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,
Սալերով պատվեց Քո նավը և դարձավ տաճար...
 
Բաժնեցին նրա խորհուրդը հազար աթոռի,
Մոռացան կիսել «Հայր Մեր»-ը
Եվ մարդոց մաշված ջիղերը...
Եվ լաթերը՝ ժառանգված խղճի...
Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցին կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի
Զհաց մեր հանապազօրդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք թողումք
Մերոց պարտապանաց
Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն
Այլ փրկեա զմեզ ի չարէ
Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի
Զհաց մեր հանապազօրդ
Տուր մեզ այսօր...
 
Այժմ և միշտ և հավիտյան
Օրհնյալ ես Տեր մեր Ողորմած...
 
Աշխարհ վաղուց դատարկվեցավ,
Երբ Քեզնից, Տեր, նա զրկվեցավ...
Ձայնդ օդում մարած կեցավ,
Ձյան փաթիլով լուռ պառկեցավ...
Եվ վերացավ...
Քրիստոս մեր մեջ հայտնվեցավ,
Անձրևի պես տեղաց անցավ,
Հողին ծարավ ջուր տվեցավ,
Սիրտը վհատ համբարձվեցավ
Եվ վերացավ...
Քրիստոս երկիր մեր իջեցավ,
Սիրտը մարդոց հետ կիսեցավ,
Կորսված հոգում լույս վառեցավ,
Մեր մեղքերով լուռ խաչվեցավ
Եվ վերացավ...
 
Հայր մեր,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի...
 
Մոլորյալ եկրի փորձություններից
Դադրած աշխարհի...
Համբառնում եմ Քեզ Ամենակարող,
Լույս Դու իմ աչաց,
Հնազանդության և տառապանքի
Քարոզները սուտ կզարնեմ պատին,
Կողոպտյալ, անշունչ և աստվածազուրկ,
Լույսից Քո զրկյալ խորանի լքյալ...
Որքան էլ սեղմեն բյուր կապանքներով,
Զկոկորդ զանգի,
Չի խեղդվի երբեք մոգական կանչի
Զղողանջը նորա...
Սրտիս մեջ մաշված տաճարում խղճի
Կպահեմ, Հայր մեր, ես անունը Քո...
Եվ կօրհնեմ ամեն առավոտ լուսո
Զոգիդ Արարիչ,
Զկամք Քո բարձյալ
Երկնային Տեր Իմ ...
 
Հայր մեր,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի...
 
Այժմ և միշտ և հավիտյան...
Այժմ և միշտ և հավիտյան...
 
Աշխարհ վաղուց դատարկվեցավ,
Երբ Քեզնից, Տեր, նա զրկվեցավ...
Ձայնդ օդում մարած կեցավ,
Ձյան փաթիլով լուռ պառկեցավ...
Եվ վերացավ...
Քրիստոս մեր մեջ հայտնվեցավ,
Անձրեվի պես տեղաց անցավ,
Հողին ծարավ ջուր տվեցավ,
Սիրտը վհատ համբարձվեցավ
Եվ վերացավ...
Եվ վերացավ...
 
ՕՐՀՆՅԱԼ ԵՍ, ՏԵՐ ՄԵՐ, ՈՂՈՐՄԱԾ,
ԱՅԺՄ ԵՎ ՄԻՇՏ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ...
Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի
Զհաց մեր հանապազօրդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք թողումք
Մերոց պարտապանաց
Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն
Այլ փրկեա զմեզ ի չարէ
Զի Քո է արքայութիւն և զորություն
Եվ փառք...
 
ՉԷ ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՍ...
 
Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի
Զհաց հանապազօրդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք թողումք
Մերոց պարտապանաց
Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն
Այլ փրկեա զմեզ ի չարէ
Զի Քո է արքայութիւն և զորություն
Եվ փառք հավիտեանս...
 
ՉԷ ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՍ...
 
Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի
Զհաց մեր հանապազօրդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք թողումք
Մերոց պարտապանաց
Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն
Այլ փրկեա զմեզ ի չարէ
Զի Քո է արքայութիւն և զորություն
Եվ փառք...
 
ՉԷ ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՍ...
 
Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո
Եկեսցե արքայութիւն Քո
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի
Զհաց մեր հանապազօրդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք թողումք
Մերոց պարտապանաց
Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն
Այլ փրկեա զմեզ ի չարէ
Զի Քո է արքայութիւն և զորություն
Եվ փառք հավիտեանս...
 
ՉԷ ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՍ...
 
Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչաց,
Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած,
Աշխարհի անաստված դիմակին կարծրացած
Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած...
 
Բայց հեռու ես Դու, Տեր, աստղային մշուշում,
Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում,
Այս կյանքում մորմոքող խիղճն է Տեր ու Աստված,
Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ...
 
Բացարձակ ճշմարիտ՝ Դու խորհուրդ իրական,
Ամենի արարիչ՝ Դու ոգի հավիտյան,
Բայց կյանքում դողացող սերն է Տեր ու Աստված,
Երկնայինը հետո, երբ կյանքից հեռանանք...
 
Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչաց,
Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած,
Աշխարհի անաստված դիմակին կարծրացած
Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած...
 
Բայց հեռու ես Դու Տեր աստղային մշուշում,
Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում,
Այս կյանքում մորմոքող խիղճն է Տեր ու Աստված,
Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ...
 
Երբ ընկնենք մենք անշարժ...
Մեր աչքերին քող է հյուսված,
Ու զննում ես շուրջդ միշտ դու,
Եվ ուրիշի տեսողությամբ
Քո քողարկված կյանքը դիտում:
 
Եվ հին արյամբ չափում, կրկին,
Ուղիները քո դեմ ընկած,
Եվ երակն ես մտնում կյանքի
Այն հայացքով, այն հայացքով, որ համընկավ:
 
Թափառում ենք երկար-երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:
 
Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար,
Եվ նա իմ կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկան:
 
Նոր հուներ է կյանքը մտնում,
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Լող են տալիս իր լուծույթում
Աշխարհները նրբերանգի:
 
Եվ խռովքի քամուց հազիվ
Փրփրում են ջրերն հանկարծ,
Եվ փշրվում են ավազին,
Ալինքները, որ համընկան:
 
Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան,
Եվ օրերը տագնապալից
Ընծաներով իրենց բերած:
 
Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
Եվ ո՞վ պիտի հողում պեղի
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի:
 
Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շավղից փրկված,
Հիշողության վեմը կերտող,
Այն ձեռքերը, որ համընկան:
 
Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում,
Եվ զգում ենք հանկարծ վախով
Թե ինչպես է կապը կորչում:
 
Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:
 
Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց,
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց:
Ինչ որ այրվեց ու հեռացավ,
Այն ինչ ջնջվեց ու կարծրացավ,
Այն ինչ կիսատ շնչեց հոգում,
Այն ինչ չարվեց մեկ այս կյանքում,
Այն ինչ երկունք մնաց սրտում-
Սպասիր, սպասիր- 
Ես կավարտեմ հաջորդ կյանքում:
 
Կիսատ համբոյրը՝ քարացած,
Կապոյտ գիշերը՝ չքացած,
Կիսատ աղոթքը՝ մոռացված,
Անբիցծ երդումը՝ ուշացած,
Կիսատ իմ սերը՝ գողացած...
Սպասիր, սպասիր-
Քեզ կսիրեմ հաջորդ կյանքում:
 
Կիսատ ապտակը՝ չտրված,
Կիսատ հեգնանքը՝ չմարած,
Խաչիս վերքերը՝ սպիացած,
Կիսատ վրեժը չլուծված,
Եվ հայհոյանքը անավարտ...
Սպասիր, սպասիր- 
Ես կավարտեմ հաջորդ կյանքում:
 
Կիսատ երգերս՝ չերգած,
Կիսատ տողերս՝ չգրված,
Անձայն խորհուրդը՝ չակոսած,
Տենդոտ բեմերը՝ չբացված,
Կիսատ կիթառս՝ չլարած...
Սպասիր, սպասիր- 
Ես կլարեմ հաջորդ կյանքում:
 
Կիսատ անեծքը՝ հուշ դարձած,
Կիսատ բաժակը՝ չխմված,
Կիսատ մեղքերս՝ չգործած,
Կիսատ հոյսերս՝ գողացված,
Փոշոտ դիմակը՝ փրկության,
Սպասիր, սպասիր-
Ես կպատռեմ հաջորդ կյանքում:
 
Կիսատ թռիչքը երազիս
Եվ լուռ տրոփը լույսերի
Այն ինչ այսօր չհասկացա,
Այն ինչ աստղի ես չհասա
Եվ ինչ հեքիաթ որ չապրեցի,
Սպասիր, սպասիր-
Քեզ հետ կապրեմ հաջորդ կյանքում:
Հիմա հասկացա՝ կարևորը կանգառն է:
Ճանապարհը՝ միայն կետերի միացում:
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Մեզ կուլ է տալիս և դուրս շպրտում:
 
Սեղմված են իրար դատարկ ճամպրուկները,
Յուղոտ բաժակները՝ սեղանին դողում,
Իրարից զզված ուղևորները
Ինչ-որ անիմաստ ստեր են փչում:
 
Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է,
Առջևում՝ միայն անհայտություն:
Երբ քո փողոցից մարդիք վերանում են,
Դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում:
 
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
 
Քո ճամպրուկն էլ, խե՛նթ, ջութակի պատյանն է:
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում:
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:
 
Դու հիմա հասկացար՝ կարևորը կանգառն է,
Ճանապարհը՝ երկու կետերի միացում:
Անշարժությունից զզված ընթանում ես
Քազաքից քաղաք, ուր քեզ չեն սպասում:
 
Պառկած ես անշարժ փայտե մահիճին՝ դողալով ցրտից:
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
 
Դու հիմա հասկացար՝ կարևորը կանգառն է,
Ճանապարհը՝ երկու անհայտի միացում:
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Մեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:
 
Երգն էլ, մի տեսակ, կետերի միացում է,
Խոսքերը՝ կցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է՝
Ուր ջութակը քո՝ հարբած ուղևոր:
 
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Դուք, որ մեռաք հինգ դար առաջ,
Դուք, որ այսօր կմահանաք,
Նույն ծառի ծիլն էիք կանաչ,
Եվ դարձաք նույն հողին ճարակ:
 
Հինգ դար առաջ հինգ դար հետո,
Նույն անցորդ եք անվերադարձ,
Կիչնի անհույս մութ երեկո,
Ձեր աչքերի վրա սառած:
 
Ծառի համար և այս հողի,
Նույնն էր երեկ նույնը այսօր,
Նույն ծաղկումն է գարնանային,
Եվ աշնան նույն տերևը չոր:
 
Նույնն է հիմա դար ու վարկյան,
Երբ որ չկա երթ ու գալիք,
Համայնական նույնն է ճամփան,
Երբ որ չկա կյանքի ալիք:
 
Դուք, որ հաճախ արտասվեցիք,
Եվ դուք, որ շատ զվարճացաք,
Դուք, որ դրիք փուշ ու ծաղիկ,
Նույն խավարին դարձաք բանակ:
Ուշ է, նա թակում է դուռը փակ,
Նա, ում սպասում ես շարունակ,
Նա է, ով փրկում է քո հոգին,
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարքից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից՝
Թևազուրկ այդ թռչունից:
Հույսն է ապավենը մենության,
Հույսն է, որ կերտում է ապագան,
Հույսն է, որ վերջին պահին կրկին
Կորուստների ճանապարհին
Փրկության լույսով ժպտում է,
Եվ այդ հույսը փրկության 
Քո նշխարքն է հաշտության:
 
Լուռ է, սենյակի դռները՝ փակ,
Ստվերն է ճոճվում պատին սպիտակ,
Հուշն է սղոցում վհատ հոգիդ,
Երբ կիթառի լարերը հին 
Գիշերվա մեջ տրոփում են
Եվ հազար-հազար երգեր 
Պատերից հնչում են դեռ:
Այս ցնորված մնջախաղի 
Անզոր դիմախաղով՝
Շարժվում են մեր ստվերները
Կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
Իրենք անհետանում:
 
Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող,
Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր,
Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում-
Օրացույցին է սևագրում
Գուրգուրած քո երազները
Եվ նկարդ մեծացնում-
Փակում սև շրջանակում:
 
Ուշ է, նա թակում է դուռը փակ:
Նա է՝ ում սպասում ես շարունակ:
Նա է՝ ով փրկում է քո հոգին-
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարգից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից՝
Թևազուրկ այդ թռչունից:
 
Այս ցնորված մնջախաղի 
Անզոր դիմախաղով՝
Շարժվում են մեր ստվերները
Կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում-
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
Իրենք անհետանում:
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:
 
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի...
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:
Մա՜յր իմ՝ արև ու հեռանո՜ւշ լուսնկա
Դարձար նշխար ու միացար մեր հողին,
Եվ հողն անուշ հայրենիքին հնամյա,
Քիչ մ՝ավելի անուշցավ...
 
Մա՜յր իմ՝ երկինք և առավոտ սրբալուս,
Դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբուր
Եվ հողը սուրբ լուսապսակ պապերուս
Քիչ մ՝ավելի սրբացավ...
 
Մա՜յր իմ, դուն գանձ և անսպառ ոսկեհանք,
Դարձար խորհուրդ և հողակոյտ աննշան,
Բայց գանձն անխոյզ մեր հողերու լանջքին տակ
Քիչ մ՝ավելի աճեցավ...
 
Մա՜յր իմ՝ աղբյուր սիրո անհաս հրաշքին,
Գացիր ննջել Լուսավորչի աստղին տակ,
Եվ սիրտն անհուն Հայաստանի մայր հողին
Քիչ մ՝ավելի մայրացավ...
 
Մա՜յր իմ՝ երդիկ, մա՜յր իմ՝ սեղան տոհմական,
Հարազատ բառ և սուրբ բարբառ մայրենի,
Քեզնով հիմա աշխարհն հայոց աննման,
Քիչ մ՝ավելի հայացավ:
Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
Մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
Եվ հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների...
Մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
 
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
Եվ նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
Եվ նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում...
Խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
Հեղափոխության գորշ երախում:
 
Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
Անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
Կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
Եվ մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:
 
Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում,
Գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում...
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
Զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
Բզկտում են խիղճդ և այրում:
 
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
Չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
Չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնան,
Երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը- 
Նրան էլ մորթի - հանգստանաս:
 
Ինձ ասում են՝ խենթ ես, չէ աշխարհն է ցնորվում...
Մի տխրություն հավերժական,
Եվ էլ ուրիշ բան չունեմ,
Կորուստների ողբ ու կական,
Եվ էլ ուրիշ բան չունեմ.-
Թեև հոգուս մեջ խնդության
Անարձագանք կանչ ունեմ,
Ամենքի հետ լուռ եմ սակայն,
Եվ էլ ուրիշ բան չունեմ:
 
Արեգակը կրկին բացվեց
Էլ մնացածը, ոչինչ...
Սիրտս լույսի մեջ լվացվեց
Էլ մնացածը, ոչինչ...
 
Կորուստներով, սարսափներով, 
Այս խելագառ աշխարհի
Հոգուս ականջը լվացվեց
Էլ մնացածը, ոչինչ...
 
Ախ, թե լիներ՝ իմ երազած
Կյանքով մեկ օր ապրեի,
Խեղճ մարդկության երջանկության
Հանգով մեկ օր ապրեի.-
 
Հաղորդվեի մի ակնթարթ
Ինձ արարող Ոգու հետ,
Ծնված օրս գլխիս լույսի
Թագով մեկ օր ապրեի:
Միայն այն չի վաճառվում,
Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
Որ ոչ լողում է, ոչ թռչում,
Միայն այդ չի վաճառվում:
 
Միայն նա չի վաճառվում,
Որ ոչ ծնվում է, ոչ շնչում,
Որ ոչ լռում է, ոչ ճառում,
Միայն նա չի վաճառվում:
 
Մնացածը վաճառվում է,
Մնացածը վաճառվում է,
Մնացածը վաճառվում է,
Անաստված այս աշխարհում:
 
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում:
 
Եվ միայն խաչիդ գամերը,
Այս կյանքի տառապանքները
Միայն այդ չի վաճառվում:
 
Եվ սրտին սեղմված պատկերը,
Կորուստի թախծոտ աչքերը,
Միայն այն չի վաճառվում:
 
Անցյալի հալված ստվերները,
Եվ գալիք արհավիրքները,
Միայն այդ չի վաճառվում:
 
Եվ նաև վերջին չորրորդը,
Որ մերժում է այդ աճուրդը,
Միայն, միայն դա չի վաճառվում:
 
Մնացածը վաճառվում է,
Մնացածը վաճառվում է,
Մնացածը վաճառվում է,
Անաստված այս աշխարհում:
 
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում:
Ցնորք է գուցե մեր շուրջ ամեն բան,
Աչքերը մարդու խաբկանքի պաստառ,
Ընթացքն աշխարհի լոկ շարժանկար,
Ցնորք է գուցե մեր շուրջ ամեն բան:
 
Կսկիծն է կյանքում միայն իրական,
Տառապանքը խոր ու բազմախորհուրդ,
Ամեն սրտի մեջ եռացող սնում,
Կսկիծն է կյանքում միայն իրական:
 
Հուշ է երազի պահը խնդության,
Հույսի արձագանքխ ծափ և ցնծություն,
Լուսնյակի ցոլք՝ ժպիտը մարդու,
Հուշ է երազի պահը խնդության:
 
Արցունքն է կյանքում միայն իրական,
Ամեն ժամ քամվող հյութը այս հողի,
Խենթության հոսող հրաշեկ գինին,
Ո՛չ, սերն է կյանքում միայն իրական:
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
Եվ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի:
Նույն քաղաքն է նույն արևը, սրճարանը անկյունում,
Բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
Քայլվածքին քո հետևում:
 
Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
Ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում:
Քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,
Հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,
Եվ անիվը պատմության վերադարնում:
 
Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝
Ես հավատում եմ, Տեր,
Դեռ չի չորցել արմատը մեր ծառի, և դեռ կտա ծիլեր,
Որքան ել մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում,
Մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր տուն:
 
Երբ սեղմում եմ բռունցքներս եւ աշխարհն եմ անիծում,
Երբ կորցնում եմ հաշտությունս, քո երգերն եմ մրմնջում,
Եվ այդ ի՞նչ է, որ հավերժ է, Հույսը, կյանքը, թե՞ հոգին,
Չգիտեմ. պարապ խոսքեր են... Երևի այս մեղեդին:
 
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
Եվ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի:
Նույն քաղաքն է, նույն արևը և բոզերը անկյունում,
Բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
Քայլվածքին քո հետեւում:
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,
Թափվում են ցած, ավազի պես, օրերի շարքը անտարբեր
Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:
 
Դա էլ կանցնի գուցե մի օր և կփակվեն ցավոտ վերքերը,
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից,
Եվ նվիրված պատրանքներից, նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչև ճամփիս վերջ, որովհետև սիրել եմ ես:
 
Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իր իմաստը,
Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին, չճարպոտեց երբեք իմ սիրտը,
Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես:
 
Մոլորվեցին ձայները մեր և խզվեցին ձայնալարերը,
Եվ կորցվեցին աղմուկներում, վերջին ճիչերը խլացած,
Մեկ մեկ միայն, անսպասելի քեզ կգտնեն կորցված երգերը,
Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրված:
 
Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինդ,
Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված,
Եվ խոզերի առջև, ստիպված, դու չես սփռի մարգարիտները,
Եվ կյանքը չի դառնա տհաս, իմ բարեկամ քանի դու կաս:
Չորսը պատ շարված մի տուն է,
Չորս տախտակ մեխված մի դուռ:
Ճաղապատ լուսամուտները-
Խենթանոցն է համար ութ:
Մենք ցրտից չէ, որ սառել ենք,
Քարացել ենք խարույկից...
Տե՛ս, այրում են մեր գրքերը,
Որ գտան բարձի տակից:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Եվ խժռում է վառարանը հաստափոր,
Իմաստները յուրացնում հատոր հատոր,
Կարմրել է հաճույքից նրա մարմինը,
Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր-
Շարադրում են լուրերով բյուր պատճառներ
Եվ նշում աննախատես հանգամանքները:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Հե՜յ, դե կոճկե՛ք ձեր բերանները:
Հե՜յ, դե կանգնե՛ք բոլորդ զգաստ:
Հե՜յ, ձեզ դատում են մանուկները:
Հե՜յ, բարուրների մեջ սառած:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Ավարտվեց ձեր միացումը:
Առնետները միացան:
Միացան կատղած շները,
ճիվաղները միացան,
Միացավ և կեղտաջուրը
Խցանված խողովակում:
Գժերով մենք որոշում ենք 
Անջատում և լվացում:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր,
Շարադրում են չորս կողմից բյուր պատճառներ,
Եվ նշում աննախատես հանգամանքները,
Եվ փառքի նալերն են իրարից պոկում,
Չիբանների պես օրեցօր աճում
Չաղ ու բախտավոր բարերարները:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Հե՜յ, դե կոճկե՛ք ձեր բերանները:
Հե՜յ, դե կանգնե՛ք բոլորդ զգաստ:
Հե՜յ, ձեզ դատում ենք՝ մենք՝ գժերս:
Հե՜յ, մեղձավոր ենք: Միաձայն: Միաձայն...
Այս անգամ՝ վերջին անգամ:
Մոռացե՛ք ձեր երազները,
Ձեզնից ոչ ոք չի փախչի,
Տուրը տաք հրաշք երկիրը՝
Գժերով կանցնենք գործի:
Չեք գտնի ձեր հանգրվանը
Հեռավոր տաք ափերում,
Չեք լափի գողցած նշխարը,
Ձեզ գժերն են հետևում:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն,
Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,
Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:
 
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:
 
Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին,
Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցման ես տիրացա,
Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:
 
Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,
Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:
 
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա..
Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...
Հող է հիմա...
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Մոմի լույսով՝ խավարի մեջ համատարած,
Կհալածես դու տեսիլքներ արևավառ,
Կխարխափես և խավարին չես հավատա...
 
Արցունքներիդ մի գամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար՝
Կտառապես և վշտերիդ չես հավատա...
 
Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք՝
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք,
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար,
Դու կխեղդվես՝ շղթաներիդ չես հավատա...
 
Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա,
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա...
 
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար,
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա...
Ո՞ւր էիր, Աստված-
Երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ...
Ո՞ւր էիր, Աստված-
Երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ:
Ո՞ւր էիր, Աստված-
Երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված-
Երբ, խենթացած ցավից, աղաչում էինք - Ամեն...
Ո՞ւր էիր, Աստված-
Երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված-
Երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց:
Ո՞ւր էիր ,Աստված-
Երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց,
Լուռ էիր Աստված-
Երբ, խաչերին գամված, 
Աղոթում էինք - Ամեն...
 
Իմ կարոտ հոգում, 
Չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք,
Ո՞ւ ր էիր, Աստված-
Երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր Աստված-
Երբ հույսերս կտրած
Աղոթում էինք - Ամեն...
 
Ուժ տուր մեզ, Աստված, 
Որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
Սիրտ տուր մեզ, Աստված, 
Որ տառապանքի շուրթերը ջնջենք...
Լույս տուր մեզ, Աստված, 
Որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ, Աստված, 
Որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից - Ամեն...
Ո՞ւր են տանում քայլերն անխելք
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ վեր բարձրացնում արևի լույսին:
 
Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս
Խելագար ձայնով երկինքը պատռել,
Կամ խելապատառ արևին ձգտել:
Քայլեր...
 
Գալիս են նրանք պատմության խորքից,
Մերթ տրորելով մեր բախտը դաժան,
Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ,
Մեր երազն ու մեր հույսը ապաքում:
 
Տանում են նրանք իրենց ետևից՝
Եվ զորավորին, և խեղճ տկարին,
Որ վերջում կյանքի, անդունդը նետեն՝
Քայլերը նաև հզոր քանքարին:
 
Ահագնանալով՝ դղրդում նրանք,
Խլացնում են ձայնը մեր սրտի,
Դոփելով գալիս, դոփելով գնում,
Անցնում են դեպի սահմանն անհայտի:
 
Ո՞ւր են տանում քայլերն անխելք,
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին,
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ վեր բարձրացնում արևի լույսին...
Քրքրված սիրտը իմ մի թաղեք Դուք այսօր,
Գոնե մեկ օր, մեկ ժամ թող դոփի անորոշ,
Քարացած իմ կարոտը և հույսը այրվող
Թող մեկ ժամ էլ ծխի մոմի շիթերով:
 
Շղթայված իմ ձերքերը՝ կրծքիս չծալվեն,
Կուրացած իմ աչքերը՝ լույսով լվացվեն,
Մերկացած իմ ջիղերը՝ մեկ ժամ էլ լարվեն,
Իսկ հետո ինչ արածխ թող ես չլինեմ:
 
Թող հողը երկրիս ինձ մեկ ժամ էլ կրի,
Ես իմ հոշոտված ու փորված մարմնով
Խոստանում եմ ձեզ, որ բեռ չեմ լինի,
Մի քիչ էլ ինձ կյանք մի քիչ համբերի:
 
Դեռ շնչում են մեղմիկ իմ թոքերը ծխած,
Բայց բաժան են անում իմ լարերը կորած
Մաս առ մաս, երգ առ երգ, գիծ առ գիծ, տող առ տող
Ամենը մեկից և մեկ հարվածով:
 
Օ՜, սպասեք գոնե Դուք՝ ծանոթներ հարգարժան,
Գոնե ես չտեսնեմ, գոնե ես հեռանամ,
Ո՛չ, սկսվել է արդեն թալանն աներես,
Աննկարագրելի աճուրդի հանդես:
 
Սպասեք հեռանամ հետո բզկտեք,
Տարեք յուրացրեք տաղերս ցավոտ,
Եթե, իհարկե, կարողեք մեկտեղ
Կյանքիս էջերը յուրացնել դրամով:
 
Երբ որ իմ երկրիս հողը քարքարոտ
Իր մեջ հալեցրեց բյուր երազանքներ,
«Ո՞ւր էիր, Աստված» կանչը խլացած
Նորից արթնացավ և արձագանքվեց:
 
Երկնքում անթիվ աստղեր են լողում,
Անկախ նրանից, թե ով է երգում,
Այս վանքին գամված երգիս ծերունին
Դեռ մինչև հիմա իր խոսքն է ասում:
 
Նորից «Կտակ»-ի բառերը նայի
Հնչում են չորս կողմ չորցած շուրթերից,
Երգը չի ուղղում շրջադարձն կյանքի,
Այլ կյանքն է դրդում ցանքը երգերի:
 
Թող հողը երկրիս ինձ մեկ ժամ էլ կրի,
Մերկացած իմ ջիղերը՝ մեկ ժամ էլ լարվեն.
Ուզում եմ տեսնել վերջը իմ տաղի,
Այս կողոպուտին ներկա գտնվել:
 
Երկիր անաստված, ինձ մեկ ժամ էլ կրի,
Մերկացած իմ ջիղերը՝ մեկ ժամ էլ լարվեն,
Խոստանում եմ Ձեզ, որ բեռ չեմ լինի,
Մի քիչ էլ ինձ կյանք, մի քիչ համբերի:
Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար այլևս սիրտ չկա:
 
Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ,
Սեղմվեց բեմի եզրին,
Եվ երգը՝ գոլորշու նման,
Հպվեց նրան, դարձավ կաթիլ:
 
Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:
 
Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված:
 
Հազար-հազար դեմքերի մեջ
Տեսնում եմ քո աչքերը ես միայն:
Ինչո՞ւ է բեմը լուսավոր,
Իսկ դահլիճի շարքերը՝ աննշմար:
 
Մի տող, մի տուն, մի երգ՝ ոչինչ
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման
Իրականում եմ միշտ սիրել:
 
Իբրև երազ, իբրև կարոտ,
Իբրև հրաշք կապույտ երկինք,
Դու մարդկային ոգու տաղանդ,
Դու չես ժպտում ամեն մեկին:
 
Հազար երգերի մեջ տանջված,
Գրքերի մեջ ճզմված թիթեռ,
Երեք տառից է բաղկացած
Հրաշքը՝ որ կոչվում է սեր:
 
Նա է, որ չի ներում կեղծիք,
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում
Աղոթքի պես աստվածային:
 
Լույսն է սիրո քեզ ուղեկցում,
Ամեն վարկյան ռազմի դաշտում:
Սերն է, որ մեզ գուցե փրկի
Կամ էլ կորցնի անապատում:
 
Սերն է միակ տերն ու արքան,
Մնացածը՝ ունայնություն:
Նա է իմաստը այս կյանքի,
Որ մեկ անգամ է շնորհվում:
 
Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված,
Եվ սառույցե այս ամրոցում,
Նրա կրակը չի մարած:
 
Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր՝ երկար-երկար սատկած ձմեռ:
 
Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:
 
Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար այլևս սիրտ չկա:
 
Օրերը նենգ, օրերը ստոր,
Օրեր վերելք, օրեր դավաճանած,
Օրեր հազար տագնապների,
Սակայն՝ երբեք-երբեք ծնկի չեկած:
...
Եվ հոգիս է մորմոքում,
Կուրծքս ճեղքեց սուրը վայրագ,
Եվ արյունս է դեռ հոսում:
 
Միակն էի ամբողջ գյուղից,
Մյուսները փախեփախ,
Ես ինչ անեմ, որ ողջ գյուղը
Դարձրեց իրեն գաղթական:
 
Վախը այրեց հոգին մարդոց,
Դարձրեց մի հոտ փախստական,
Ազգս՝ բաժան, լոկ միացավ
Գաղթի ճամփին անիծյալ:
 
Աղոթքս զենքով ես փոխեցի,
Դարձա մենակ ֆիդային,
Մինչ ուժասպառ ես կռվեցի,
Ոչ ոք չկար իմ կողքին:
 
Վերցրու ինձնից կաթիլ արյուն,
Օրհնիր փոքրիկ մատուռում,
Թեկո՛ւզ մենակ, թեկո՛ւզ անզեն
Դարձա պաշտպան իմ հողին:
 
Մենակ ընկած շատ սպասեցի,
Սակայն չեկավ օգնություն,
Միայն անթիվ սև ագռավներ
Պտտվում են իմ կողքում:

Яндекс.Метрика