ՍԻՐՈ ՄԵՂԵԴԻՆԵՐ

ԵՐԵՔՆՈՒԿ

Խոսք՝ Պարույր Սևակի
Երաժշտություն՝ Վաչե Հովսեփյանի
Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:
 
Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք քաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
«Սիրեմ-սիրեմ» անվերջ խաղում:
 
Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ոչ մի անգամ:
 
Որքան անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում:
 
Չէ, ինձ չէիր, չէիր սիրում,
Թե չէ, ի՞նչ է, բա՞րդ է այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ:

ԲԱՐԻ ԱՐԱԳԻԼ

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան, ունեմ օթևան,
Ազատ հայրենիք, երջանիկ երկիր,
Երջանիկ, երջանիկ երկիր:
 
Բարով, արագիլ, բարի արագիլ,
Արագիլ գարնան, արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բախտի արագիլ,
Բույն հյուսիր ծառին, բարդու կատարին:
 
Իմ բալիկների աստղերն են շողում
Հույսով անթառամ, վարդերով վառման,
Վշտերս դառան ժպիտներ շողուն,
Ժպիտներ, ժպիտներ շողուն:
 
Արագիլ, ինձ հետ ուրախ գովերգիր
Յայլա ու վրան, հանդեր հոտևան,
Արտեր, այգիներ, մանուշակ երկինք,
Մանուշակ, մանուշակ երկինք:

ԳԻՇԵՐՆ ԵԿԱՎ

Խոսք՝ Ավետիք Իսահակյանի
Երաժշտություն՝ Ելենա Սարդարյանի
Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տըվին.
Լուսնյակ ելավ մով-ծովն ընկավ,
Հավքերըն ինձի ձայն տըվին:
 
Ես վեր ելա ոգի առած՝
Զարկի սըրտիս լարերին.
Սիրտըս խընդաց, կուրծքըս թընդաց,
Եվ լարերը խըզվեցին:
 
Միայն սիրո լարը մնաց
Սըրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում:

ՉՔՆԱՂ ԵՐԱԶ

Խոսք՝ Արամայիս Սահակյանի
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի
Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:
 
Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:
 
Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:
 
...Դու իմ կյանքի... ՉՔՆԱՂ ԵՐԱԶ...

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

Խոսք՝ Արմենակ Սարգսյանի (Սարմեն)
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի
Հայի աչքեր, սիրու՛ն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:
Լույսի լճակ` աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:
 
Հայի աչքե՛ր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:
 
Հայի աչքեր` ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր:
Լույսի լճակ` աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:

ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ

Խոսք՝ Լևոն Միրիջանյանի
Երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Ով սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին,
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և՜ քուն, և՜ դադար:
 
Ով սիրուն, սիրուն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչո՞ւ լքեցիր:
 
Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:

ՍԻՐՈ ԳԻՇԵՐ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Սերս տանջող անուշ ցավ` լցված երազով,
Այս գիշերն էլ լուսացավ աչքերիս լույսով.
Ինձ հետ աստղերը բոլոր քեզ էին հիշել,
Արցունքիս մեջ քեզ նորից տեսա այս գիշեր:
 
Ախ՜, երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ,
Ես կարծեցի քո մատներն են իմ մազերի մեջ,
Ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան,
Ու իմ սրտին քո կարոտի դողերը իջան:
 
Լույս են դարձել ճամփեքին կարոտներս վառ,
Քեզ սիրելը հեշտ եղավ, ատելը դժվար:
Հուզված սրտիս նման է աղբյուրը երգում,
Հավքը գտել է հավքին` ես քեզ չեմ գտնում:
 
Իմ խնդության արցունքի մեջ աստղերն են վառվում,
Այս բախտավոր գիշերվա մեջ ցեղն է արարվում:
Կիջնեն շուտով աստղերը վառ, կդառնան ծաղիկ,
Ծաղիկներում սեր կդառնա հույսը ծիծաղի:

ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Հարսի նման ճերմակ հագար,
Ծաղկած բալենի,
Կարծես հույսի ճամփով եկար,
Իմ հույս բալենի,
Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ,
Իմ քույր բալենի:
 
Ախ, ուզում եմ դողալ քեզ պես,
Հարսնաքողի տակ,
Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ,
Իմ քույր բալենի:
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:
 
Դու ինձ հիմա շատ ես նման,
Քո բույր ու նազով,
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:

ՍԻՐՈ ԵՐԳ

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի
Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում
Մեր համբույրն առաջին:
 
Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ
Իմ անուշ, իմ միակ:
 
Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:
 
Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես անգին,
Սակայն ես չեմ մոռացել
Այն գարունն ու այգին:
 
Գնում ենք այնտեղ միասին,
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ,
Իմ անուշ, իմ միակ:

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ

Խոսք՝ Հովհաննես Ղուկասյանի
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի
Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը,
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար հույսն իմ զուր էր,
Մի ուրիշն էր թովել քո հոգին:
 
Առաջին այս սիրուց ահա,
Ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում
Ոսկեվառ...
 
Միտք արի կօգնի բաժանումը,
Քո սիրուց թողի հեռացա,
Տարիներ անցան բայց անունդ,
Իմ ճամփին ես երբեք չմոռացա:
 
Ինձ հեռվում ապրել շատ դժվար է,
Ես նորից սիրով ետ եկա,
Իմացիր հոգիս սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող սիրտ չկա:

ԵՐԳ ԽՆՋՈՒՅՔԻ

Խոսք՝ Արմենակ Սարգսյանի (Սարմեն)
Երաժշտություն՝ Կարո Զաքարյանի
Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:
 
Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:
 
Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:
 
Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:
 
Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ:

ԵՐԳ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ

Խոսք՝ Հովհաննես Շիրազի
Երաժշտություն՝ Հր. Թորոսյանի
Ուրախ կյանքի ընկերն եմ ես,
Ես գինին եմ, գինին, գինին,
Մի տաս գինին մի կյանք է քեզ,
Մեկից ավելն ահ է կյանքին:
 
Մի թասը լավ է,
Երկուսը բավ է,
Բայց լավ իմացիր,
Երրորդը ցավ է:
 
Ով խմում է հատիկ-հատիկ,
Նա դառնում է նռան հատիկ,
Ով խմում է բազմապատիկ,
Նա զարկվում է պատեպատիկ:
 
Կյանքում այսպես ամեն մի բան,
Չափի մեջ է միշտ գեղեցիկ,
Նույնիսկ բաժակն ուրախության,
Իր չափն ունի, անչա՛փ մարդիկ:

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Ձյուն է իջել բարձր սարին,
Ծաղիկներս մրսում են,
Նայում եմ քո ճանապարհին,
Ես առանց քեզ տխրում եմ:
 
Կռունկները եկան, անցան,
Դու նրանց հետ մի գնա,
Արի վառի իմ տան լույսը
Դու մնա դու մի գնա,
Քոնն է սիրտս կարոտ սիրտս
Դու նրանց հետ մի գնա:
 
Քո հասակը կանաչ բարդի,
Ինձ թող ապրեմ քո շուքին,
Ես նման եմ շաղոտ վարդի,
Ինձ խառնիր քո շշուկին:

ԱՆՈՐ

Խոսք՝ Հովհաննես Հարությունյան (Թլկատենցի)
Երաժշտություն՝ Համբարձում Պերպերյանի
Սիրտս կըթռի ջաղչին քարին պես,
Մարմինս կըփխրի ջաղչի ալրին պես,
Ե՞րբ պիտի լուսնա գիշերը դարի պես,
Տեսնեի տղան խաչին լուսնին պես։
 
Տեսնեմ կսեի, ձեռքիս վարդը տամ,
Վարդը որ չառնե, ոսկի խնձոր տամ,
Խնձորն երբ չառնե, մազս քաշեմ տամ,
Ան ալ որ չառնե... հոգիս քաշեմ տամ:

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Խոսք՝ Համո Սահյանի
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
 
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...
 
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Խոսք՝ Գեղամ Սարյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Կանաչները արթնացան,
Դարձան ծառերը ծաղկուն,
Ծիծեռնակներ ետ դարձան,
Արագիլներն եկան տուն:
 
Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:
 
Ամառն եկավ խանդավառ,
Մրգեր կախեց ծառերին,
Արտերն հնձեց անհամար,
Արև փռեց սարերին:
 
Եկավ աշունը,
Աշունը տրտում,
Կգա և ձյունը,
Կարոտն իմ սրտում:

ՈՐՏԵՂ ԳՏՆԵՄ ՔԵԶ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Քարից թռան երկու կաքավ,
Թռան սրտիս պես,
Ախ, դու իմ յար, ախ, դու իմ լավ
Որտեղ գտնեմ քեզ:
Արևի հետ դու գնացիր,
Լուսնի հետ արի,
Դու չես գալիս, ամեն օրս
Դարձել է տարի:
 
Սիրտս բացվել է վարդի պես
Արի գարնան արևի պես,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, յար, արի:
Վայ լե լե լե, վայ լե լե լե
Աչքս արցունքով լցվել է,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, շուտ արի:
 
Հավքերն անցան երամ-երամ
Բայց ես մենակ եմ,
Այրվում եմ ես, դու չես տեսնում,
Կանչող կրակ եմ:
Քեզ չեմ տեսել ամբողջ տարի,
Իմ արև, արի,
Մի թող դառնամ լացող աղբյուր
Քո ճանապարհին։
 
Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,
Որ չնայեմ տխուր ամպին,
Որ մազերդ շողերի պես
Փռես իմ ճամփին:
Վայ լե լե լե, վայ լե լե լե
Աչքս արցունքով լցվել է,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, յար, արի:

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի
Երևանի սիրուն աղջիկ,
Ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ, որ ծնվել ես
Միայն ինձ համար:
 
Ինձ պես յար ունես,
Ոսկե զարդ ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ինչ դարդ ունես:
 
Աշուղ դարձաց քեզ եմ կանչում,
Ուր ես իմ անգին,
Քեզ իմ սիրո ծաղկաց այգում
Սրտիս տեր անեմ:
 
Գինին ձեռքիս, անուշ խաղով,
Քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով,
Ինչ ես ինձ տանջում:

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ

Խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Այնպես անփույթ, այնպես հանգիստ,
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով:
 
Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին:
 
Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին:
 
Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:
 
Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:
 
Ասում են, թե սերը սուտ է,
Չեմ հավատում, իմ անգին,
Առանց սիրո տունս ցուրտ է,
Արի շունչ տուր կրակին:

ՋԱՀԵԼ ՕՐԵՐ

Խոսք և երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Անցնում են կյանքիս, ջահել օրերը,
Ջահել օրերը, սիրահարության,
Ջահել չենք մնա, ծերություն էլ կա
Աշհարհը փուչ է, մեզ էլ չի մնա:
 
Մորդ համբույրից, հեռու մի մնա,
Հորդ գրկիցը, հեռու մի գնա,
Յարիդ համբույրից, հեռու մի մնա
Աշհարհը փուչ է, ձեզ էլ չի մնա:
 
Քանի ջահել էի, կյանքն էր ցանկալի,
Հենց որ ծերացա, կյանքն էր ամայի,
Թե միլիոն լիներ, այդ էլ կտայի
Գոնե տաս տարով ջահելանայի:

ՆԱՎԱՎԱՐ

Խոսք և երաժշտություն՝ Ալեքսանդր Ծատուրյանի
-Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում,
Ո՞ւր ես նստում դու նավակ,
Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում,
Դեպի երկինք կապուտակ:
 
Հորիզոնն էլ մութով պատած,
Հեռվում ամպն է որոտում,
Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց
Պարզ երեսն է կնճռոտում...
 
է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա,
Ծովափին եմ ես ծնվել
Մեծացել եմ ծովի վրա,
Ծովի ջըրով միշտ սնվել:
 
Մանուկ օրից շա՜տ եմ տեսել,
Ե՛վ փոթորիկ, և՛ աղետ,
Ծովն է ինձ միշտ օրոր ասել,
Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ:
 
Հայր ունեի - ծովում կորավ,
Որսի ելած մութ գիշեր,
Նրան ալիք լափեց, կերավ,
Նա ձկնորս էր անվեհեր:
 
Ծովում կորցրի երկու եղբայր,
Նավավարներ ինձ նման,
Որ իմացա-երկինք, աշխարհ,
Ասես, գլխիս փո՜ւլ եկան...
 
է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,
Թե ծովն ինձ էլ կուլ կըտա,
«Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»...
Ամեն բանի վե՜րջը կա...
 
Կյանքը լավ է... բայց ի՞նչ արած,
Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ...
Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց,
Ծովի տակ էլ կըհանգչեմ...
 
Ասաց, շարժեց նա թիակներ
Եվ բարձրաձայն երգելով,
Քաջ սլացավ ծովի խորքեր,
Սև ալիքներ ճեղքելով...

ՈՒՌԻՆ

Խոսք՝ Ավետիք Իսահակյանի
Երաժշտություն՝ Դանիել Ղազարյանի
Գետակի վրա,
Թեքվել է ուռին,
Ու նայում է լուռ,
Վազող ջրերին:
 
Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում,
Ու ցնդում անհետ:
 
Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ,
Գալիս են, գնում:
 
Հին տարիների,
Նուշ հեքիաթներից,
Պատմում էր ուռին,
Այն վառ հուշերից:
 
Անցած գնացած,
Գարուն օրերին,
Մրմունջն էր կարդում,
Ծերացած ուռին:
 
Ու լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ,
Գալիս են, գնում...

ՂԱՓԱՄԱ

Խոսք և երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Հրավեր ուներ Արտաշը,
Ղարսեն բերին կարկաշը,
Ճամփե արի քեռերկին,
Ղափամա եփե Սերակին:
 
Հեյ, ջան ղափամա,
Անուշ եղով ղափամա,
Սյուզմա մեղրով ղափամա,
Ջան ղափամա, ղափամա:
 
Հրավերները տպած էր,
Ղափամեն տակը կպած էր,
Տես, որ տերը չիմացավ,
Չկերած՝ ասլան դարձավ:
 
Գինին սեղանին դրին,
Ղափամեն ետկեն բերին,
Արդահանա եղովը,
Կարմրած էր տեղովը:
 
Կերան, կերան պարեցին,
Գինին խմին հարբեցին,
Կլոր խաղը սարքեցին,
Ծափ տվեցին պարեցին:

ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ-ՊԱՏԻԿ

Խոսք և երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Ջաղացըս պատիկ-պատիկ,
Աչքերը նռան հատիկ,
Ամեն քեզի տեսնելիս
Հա՛մ համբարձում, հա՛մ զատիկ:
 
Ջաղացըս մանի-մանի,
Անուշ քունըս կըտանի,
Իմ յարը հանդում, չոլում,
Իմ քունը ո՞նց կտանի:
 
Ջաղացըս ման եմ տվել,
Սիրել եմ, ջան եմ տվել,
Յոթը տարի սիրություն,
Մեկ օր պայման եմ տվել:

ԿԱՐԻՆԵ

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Արտեմի Այվազյանի
Մեր երկրում ազատ, ուրախ,
Ուր գարունն է միշտ բուրում,
Դու ծաղկել ես շողշողուն, Կարինե,
Իմ երկրի քնքուշ ծաղիկ:
 
Քո հայացքը գեղատես,
Քո հասակը բարդու պես,
Եվ խոսքերդ սրտակեզ, Կարինե,
Արեվոտ, պայծառ աղջիկ։
 
Կարինե, Կարինե,
Քեզ համար եմ հորինել
Իմ այս երգը սիրավառ,
Դու իմ Կարինե:
 
Թե գործի մեջ, թե կյանքում
Դու կրակ ես փոթորկուն,
Եվ չունի դադար ու քուն, Կարինե
Ով քեզ մի պահ տեսնի:
 
Սիրտդ մեծ է, սերդ` խոր,
Եվ ուղին քո` լուսավոր,
Ողջ աշխարհը ամեն օր, Կարինե,
Թող ինձ հետ քեզ գովք ասի:

ԴՈՒ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ

Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի
Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում,
Զարթնեց մի այրող կարոտ իմ հոգում:
Վեր թռա ես գիշերվա կեսին.-
Դու եկար ինչպես տեսիլ:
 
Ինձ փարվեցիր զղջումով ու իջար ծունկի,
Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի:
Սիրտդ լի էր զղջումով մի լուռ,
Ինձ տվիր անուշ մրմուռ:
 
Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի,
Բայց դու մի աստղի նման մարեցիր,
Եվ ընկար ցած երկնքից սիրուս,
Ինձ թողած ինչ-որ մի հույս:

ԿՈՒԶԵ՞Ս ԼԻՆԻՄ

Խոսք՝ Ավետիք Իսահակյանի
Երաժշտություն՝ Գեղունի Չթչյանի
Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր՝
Աչերիդ մեջ շող ցայեմ.
Լուռ գիշերվա անուշ հովեր՝
Փունջ ծամերդ փայփայեմ:
 
Ինչ որ ցանկաս՝ կուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
Միայն, միայն ինձ սիրիր...
 
Կուզե՞ս լինիմ վարդ նազելի՝
Կրծքիդ վրա վառվռիմ.
Արշալույսի շողեր ոսկի
Դեմքիդ վրա փայլփլիմ:
 
Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ՝
Գրկումս քեզ նինջ սփռեմ,
Թալուկ ստվեր, թովիչ թռչնիկ,
Օրոր ասեմ, օրորեմ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԳՈ

Խոսք՝ Արամայիս Սահակյանի
Երաժշտություն՝ Աիդա Ավետիսյանի
Սեր իմ, մերթ շողում ես դու սրտիս մեջ,
Սեր իմ, մերթ դողում ես հուզվում,
Ծովի նման փոթորկվում ես իմ մեջ,
Հովի նման լուռ ալիքվում և նազում:
 
Իմ սերն ես,
Բայց տանջում ես դու ինձ, սեր
Եվ այրում ես դու ինձ, սեր,
Իսկ ես քեզ եմ օրհնում... 
 
Սեր իմ, մերթ գարուն ես ինձ համար դու,
Սեր իմ, մերթ դառնում ես ամառ,
Գանձի նման թանկագին ես կյանքում,
Ահա ինչու՝ ես դողում եմ քեզ համար:

ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Օրս քեզ հետ անցավ, բայց թվաց ինձ մի պահ,
Աշխարհն ինձ տվին ու դարձյալ թվաց մի պահ,
Ախ, ինչ գեղեցիկ ու ինչքան անուշ օր էր,
Կապույտ Սևանը մեր երազների ծովն էր:
 
Հանձնվել էիր դու Սևանի ջրերին,
Ես ափին նստած ժպտում էի արևին,
Ախ, ինչքան անուշ ու ինչ գեղեցիկ օր էր,
Սևանի ափը մեր հեքիաթների ծովն էր:
 
Օրս քեզ հետ անցավ, բայց թվաց ինձ մի պահ,
Աշխարհն ինձ տվին ու դարձյալ թվաց մի պահ,
Վախենում եմ ես, քո հավերժ սիրուց իմ սեր,
Որ կյանքս էլ կանցնի ու ինձ կթվա մի պահ:

ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵՍ ԳԱԼԻՍ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Դու նորից ես գալիս, 
Ու հիշում անցածը,
Չես ուզում հավատալ
Անդարձ է կորցրածը:
 
Հեռացի՛ր, էլ չեմ գա,
Մոռացի՛ր, էլ չեմ գա,
Հավատա իմ սրտում
Քեզ համար տեղ չկա: 
 
Մեր ճամփեքը օտար,
Վաղուց են հեռացել,
Քո սերը ինձ համար
Երազ է մնացել:
 
Անցածը դժվար էր,
Դու թողիր հեռացար,
Բայց վստահ իմ սիրուն
Դու նորից մոտեցար:

ՄԻ ԳՆԱ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Մի՛ գնա, մի՛ գնա, սիրելիս,
Մի՛ նայիր, մի՛ տանջիր ինձ այդպես,
Տես, սիրո արցունքներն աչքերիս,
Ծնկաչոք աղաչում եմ ես քեզ։
 
Աշխարհում սիրեցի քեզ միայն,
Սիրեցի, պաշտեցի կույրի պես,
Ու հիմա լալիս եմ ես անձայն
Եվ անխոս հայացքով նայում քեզ... 
 
Անցածը մի՞թե էլ չի գա ետ,
Մի՞թե երազ էիր, որ անցար,
Ժպտացիր, խաղացիր կյանքիս հետ
Ու հետո հավերժող հուշ դարձար։

ԾԱՂԻԿՆԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Ծփում է Սևանը,
Կանչում է Սևանը,
Ծով ալիքների մեջ
Ժպտում է Սևանը:
 
Ծաղիկնե՛ր, ծաղիկնե՛ր,
Անթառամ ծաղիկնե՛ր,
Դուք սիրո, կարոտի
Անմոռաց ծաղիկներ: 
 
Մեր սերը երազ էր,
Արթնացա էլ չկար,
Ես շատ արտասվեցի,
Բայց ավաղ ճար չկար:
 
Ես լուռ փնտրում եմ քեզ,
Փնտրում, տենչում եմ քեզ,
Ներիր, ինձ, սիրելիս,
Որ դեռ սիրում եմ քեզ:

ԱՅՆ ԳԻՇԵՐ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Այն գիշեր ինձ խոստացար
Ծաղիկները աշխարհի,
Այն գիշեր դու ցանկացար,
Որ մեր սերը չմարի:
 
Գիշերը այն պայծառ էր,
Ո՞ւր թողեցիր հեռացար,
Այն գիշերը անծայր էր,
Ո՞ր տանջեցիր ու անցար:
 
Դու գնում ես, ա՜խ գնա,
Չեմ կանչելու էլ քեզ ետ,
Դու գնում ես դե՛ գնա,
Էլ ինչո՜ւ ես նայում ետ:
 
Դու գնում ես բայց ինչո՞ւ,
Ես տանջվում եմ քեզ համար,
Դու գնում ես, բայց ինչո՞ւ
Ետ ես նայում անդադար:
 
Թե դու էլ ինձ չսիրես,
Ու հանդիպես ուրիշի,
Թե դու մի օր ինձ հիշես,
Որ քո սերն եմ առաջին:
 
Հիշիր գիշերը պայծառ,
Ծաղիկները աշխարհի,
Հիշիր գիշերը անցած,
Որ նոր սերդ չմարի:

ՄԹՆՇԱՂ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Մթնշաղն է իջել,
Օրորվում են լույսեր,
Գալարվում են լույսեր,
Դու չկաս:
 
Ինձ թվում է կգաս,
Ինձ թվում է հեռվում,
Դու թաքուն հայացքով
Ինձ ես լուռ հետևում։
 
Մթնշաղն է իջել,
Որոնում եմ հույսեր,
Որոնում եմ հույսեր՝
Որ չկան։
 
Չի լսվում ոչ մի ձայն,
Դու նորից չես գալիս,
Բայց ինչու եմ փնտրում
Ես քեզ միշտ, սիրելիս։
 
Ու թողնում եմ տխուր,
Փողոցը, որտեղ լուռ,
Որոնում եմ ու էլ՝
Չեմ գտնում։
 
Ախ ո՞ւր ես դու իմ սեր,
Կփնտրեմ քեզ հավետ
Ու կուզեմ, որ դու էլ
Գաս մթնշաղի հետ:

ԾԱՂԻԿՆԵՐՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Բաժանումից ինձ հիշատակ
Թողեցիր մի ծաղկեփունջ,
Ու լսում եմ սիրուս պես թանկ
Մի տխրանուշ, մեղմ շշունջ։
 
                Ծաղիկներս խոսում էին
                Մեր անցած սիրո մասին,
                Արցունքներս հոսում էին
                Եվ արտասվում միասին։
 
Ու շրջում ենք փողոցներով
Ծաղիկներիս հետ անքուն,
Ծաղիկներս անհուն սիրով
Սպասում են քեզ թաքուն։
 
                Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ,
                Ծաղիկները մեր սիրո,
                Ծաղիկներս կարոտ են ջերմ
                Մի հայացքի, մի սիրո։
 
Ու ծաղկանց հետ կարոտ սրտով
Շատ փողոցներ շրջեցի,
Ծաղիկներիս թաց աչքերով
Ես քո սերը փնտրեցի։
 
                Ու չգտա էլ փնտրելով,
                Ծաղիկներս լռեցին,
                Եվ հավիտյան քեզ կորցնելով,
                Նրանք սիրուց թոշնեցին:

ՊԵՏՔ ՉԷ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի
Պետք չէ՛, սիրելիս, պետք չէ՛
Կասկածներով ինձ տանջես,
Պետք չէ, սիրելիս, պետք չէ
Մի անցած սիրո խանդես:
 
Մի՞ թե ոչինչ չեն ասում
Աչքերս՝ սիրով արբած,
Եվ շշուկս չես լսում՝
Արցունքի մեջ դառնացած:
 
Պետք չէ՛, սիրելիս, պետք չէ՛
Կասկածներով ինձ տանջես,
Մի անմեղ սիրո համար
Ինձ հավիտյան դու խանդես:
 
Մի՞ թե երջանկությունը
Այսքան կարճ է տևելու,
Եվ անցած ջերմությունը
Էլ երբեք չի ներվելու:
 
Պետք չէ՛, սիրելիս, պետք չէ՛
Պետք չէ՛, սիրելիս, պետք չէ՛...

ՍԵՎ ԱՉԵՐ

Քո, սև, աչերդ ինձ այնպես են գերել,
Քո, վառ, ժպիտով ինձ կյանք ես ներշնչել,
Ես, քեզ, հանդիպում եմ իմ ճանապարհին,
Ախ, սիրտս խոսում է և անխոս լալիս:
 
Եվ ինձ թվում է թե դու կմոտենաս,
Սիրո խոստումներով կյանքիս սեր կտաս,
Բայց, դու, անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում: 
 
Արդեն, անցել են այն օրերը ջահել,
Նայում եմ քո ճամփին չկաս սիրելիս,
Ծանոթ, մարդիկ տեսնում են ու հարցնում,
Արդյոք, այս խենթ տղան ում ես որոնում:

ԵԿ ԱՅՍ ԳԻՇԵՐ

Խոսք՝ Արամայիս Սահակյանի
Երաժշտություն՝ Սուսաննա Կարապետյանի
Առանձին ենք, չի խանգարում ոչ ոք մեզ,
Միայնակ ենք` երկու անհայտ աստղի պես:
Շատ չի տրվում մի այսպիսի բախտ ու հույս,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս:
 
Անհնար է` քեզ մոտ երկար համբերել,
Ուզում եմ քեզ ոտից-գլուխ համբուրել,
Իմ հոգու մեջ կա մի մաքո՜ւր-մաքո՜ւր հույզ,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս:
 
Կյանքն անցնում է այնքան լարված ու արագ,
Որ չի մնում երջանկության ժամանակ:
Կա հավե՜րժ նինջ` մութ գիշերում այն մյուս...
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս:

ԱՅԼ ԱՉԵՐ

Խոսք՝ Յուրի Սահակյանի
Երաժշտություն՝ Էդուարդ Թումանյանի
Ինձ մի տանջիր հենց այդպես
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի
Ինձ մի տանջիր, մի գերի:
 
Այլ աչեր կան իմ սրտում
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ
Այլ աչեր կան իմ սրտում:
 
Ջինջ լազուրում աչերի
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորցիր քո թևերով,
Ինձ կաշկանդել, ինձ գերել:

ՄԱՄ ՋԱՆ, ՄԱՄ ՋԱՆ

Խոսք՝ Մկրտիչ Արմենի
Երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Մշակում՝ Խաչատուր Ավետիսյանի
Սիրահարված, կորցրել եմ,
Իմ հյուսիսն ու հարավը,
Ուր էլ գնաս, էլի կուգամ,
Յար ջան ձեր տան թարաֆը։
 
Մամ ջան, մամ ջան,
Թոռիդ ղուրբան, ըսե ուրե Սոնիգը,
Մարդի չտաս, թե չէ դարդեն,
Խելըռիգը Օնիգը։
 
Պատուհանեն, տագին կանգնած,
Պլպլագը շուշեքը,
Ինչիս է պետք, օր հետևե
Պառավ մամըդ աշեգը։
 
Գնա կորի, այ անամոթ,
Իմ աղջիկը քուգդ չէ,
Ում էլ օր տամ, լավ իմացիր,
Քեզ քոռ թիքա չի հասնի:
 
Ուստա Օնես, ֆայտոնդ բեր,
Էրթանք հասնինք մինչև Ղարս,
Խռովել եմ, ես ես քաղքեն,
Ղարսեն պըդի բերեմ հարս:

ԱՆՈՒՇ ՄԻ ԱՌԱՎՈՏ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Գևորգի (Գևորգ Գրիգորյան)
Անուշ մի առավոտ, դեռ վարդը քնած,
Սոխակն էր դայլայլում վարդով հմայված,
Եվ մեր ծաղկադաշտից սիրո փունջ կապած,
Յարիս տնից հանի սիրտը մոլորված։
Արթնացել էր խոր քնից աչքերը թաց էր,
Յարս ինձ էր սպասել դռները բաց էր։
 
Մատին օսկե օղ արել 
Սրտին դող առել,
Գլխին քող էր կապել,
Ինչ հարս էր դառել։ 
 
Հանկարծ զուռնան փչեց, զարկեց նաղարին,
Արևն ամբողջ ժպտաց սարին ու քարին,
Տղա աղջիկ բռնած մշո քոչարին, 
Սուրբ Կարապետ տարան ինձ ու իմ յարին։
Յարս շողշողում էր հեզ ամռան հովի պես,
Ողջ Մշո դաշտն է ելել եկել հարսնատես։
 
Խոնարհ ու լուռ կանգնած դեմը խորանի,
Պսակեց քահանան հագած ծիրանի,
Մաղթեց որ մի բարձի աստված ծեր անի,
Ամենքն էլ մեզ տվին հազար երանի։
Յարս շողշողում էր լուռ ամռան ցողի պես,
Ողջ Մշո դաշտն է ելել եկել հարսնատես։

ԳԻՆԵՏՈՒՆ

Ես գնում եմ գինետուն,
Դարդերս մոռանալու,
Կորցրել եմ իմ յարին,
Գինետան ճանապարհին:
 
        Միայնակ եմ ես հիմա
        Աչքս քո ճանապարհին,
        Կորցրել եմ իմ յարին
        Գինետան ճանապարհին:
 
Ուր եք տանում ճամփաներ,
Մութ ու խավար ճամփաներ,
Գինետուն եմ ես գնում
Դարդերս եմ ես հիշում:
 
        Ամեն անցորդ կարծում է
        Ձյուն է դրել մազերիս,
        Գինետունն է ինձ կանչում
        Դարդերս եմ ես հիշում:

ՍԻՐՈ ԱՄԱՌ

Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Մեր Հայաստանում ծիրանն է հասնում,
Կանաչ-կարմիր հոնքի տակից աչքով է անում,
Վառ արևի տակ, ինքն էլ արեգակ,
Սրտում պահած սիրո կարոտ, անուշ մի կրակ:
 
Այս ամառը շատ եմ երազել,
Իմ սիրտն էլ է մրգի պես հասել,
Եվ ուզում եմ սիրո խոսք ասել,
Լսիր ձայնս, արի ջանս, մուրազիս հասնեմ:
 
Ծիրանը հասնում, երկար չի սպասում,
Ով մոտենա ժամանակին նրան է հասնում,
Հազար երանի, ով չի վարանի,
Ով իր սիրած պտուղն անգին կառնի, կտանի:

ՊԱՇՏԵԼԻ ՄԱՆՅԱԿ

Գարնան մեկ օր ելա Մեղրի գետափը,
Տեսա մի չքնաղ կույս, ախ կորավ անհույս,
Սիրտս տարավ յուր հետ՝ ինձ թողեց մենակ,
Որտեղ գտնեմ ես նրան պաշտելի մանյակ:
 
Հեռանալով քեզնից, քեզ չեմ մոռացել,
Սիրտս տվել եմ քեզ, մտքես չեմ հանել,
Հավատա ով մեկին՝ դեռ խոսք չեմ ըվել,
Սիրելի անգին յար, ջան քեզ չեմ մոռացել:
 
Սիրուհիս քեզ նման, չեմ տեսել դեռ ես,
Դեմքդ երկնային է, ձայնդ սոխակի,
Ուշքս կորցնելով՝ դարձա խելագար,
Սիրելի անգին յար, ջան չեկար տեսության:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Խոսք՝ Սարգիս Մուրադյանի
Երաժշտություն՝ Մանուել Մենենկիչյանի
Երջանկության արցունքները,
Սերովդ դու ինձի տվիր,
Երջանկության համբույրները,
Շրթներուս վրա դրոշմեցիր:
 
Գարնան նման արևաշող,
Վարդերու բույրը ինձ բերիր
Ու շրթներովդ ինձ այրող,
Սրտիս կիրքը հագեցուցի:
 
Երջանկության արցունքները,
Խոստումներովդ ինձ տվիր,
Ու ինձ տալով ուրախ հույսեր,
Դու ինձ երջանիկ դարձրիր:

ՂԱՐԱԲԱՂՑԻՆ

Խոսք՝ Հրաչյա Բեգլարյանի
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Պատվել գիտի միշտ իր հյուրին,
Գիտի գինը աղ ու հացի,
Միշտ հյուրասեր ու միշտ բարի,
Միշտ սրտաբաց ղարաբաղցին:
 
Ուր էլ լինես իմ բարեկամ,
Դու նրա հետ ընկերացիր,
Լավ ընկերոջ համար անգամ
Կյանքը կտա ղարաբաղցին:
 
Կռվում լինի աշխատանքում,
Խիզախում է ինչպես արծիվ,
Վաստակն արդար,խիղճը մաքուր,
Արդարադատ ղարաբաղցին:
 
Մշակ է նա ու շինարար,
Բայց հասարակ մարդ մի կարծիր,
Գիտնական է ու զորավար,
Բազմավաստակ ղարաբաղցին:
 
Խաղաղ է նա համբերատար,
Բայց թե հոգով դու դառնացրիր,
Ամպի նման կորոտա նա,
Շանթ ու կրակ ղարաբաղցին:

ՍԻՐԵԼԻՍ

Խոսք՝ Ստեփան Վարդանյանի
Երաժշտություն՝ Արմեն Մանդակունյանի
Գիտեմ սիրում ես ինձ ու լալիս ես թաքուն, սիրելի՛ս,
Հեռո՜ւ, հեռվում,
Ավաղ նրա գրկում, բայց դեռ ինձ ես գրկում, սիրելի՛ս,
Ինչո՜ւ, ասա՛, ինչու,
Թե երգում ես տխուր, ես եմ գալիս քեզ հյուր, սիրելի՛ս,
Հեռո՜ւ, հեռվից,
Միայն երազ երգով, ա՜խ, երազի տեսետքով, սիրելի՛ս,
Ինչո՜ւ, ասա՛, ինչու:
 
Գիշերը երկար է առանց քեզ,
Իմ սերը տկար է առանց քեզ,
Վառ սերդ, վարսերդ,
Աչերդ, կանչերդ
Այրում են ինձ, մարում հոգիս...
Չէ որ քո աչերը, չէ որ քո կանչերը, սիրելի՛ս,
Հեռո՜ւ, հեռվից,
Ինձ մոլոր կանչում են, ինձ անլուր տանջում են, սիրելի՛ս,
Ինչո՜ւ, ասա՛, ինչու:
 
Ինչո՞ւ սերը թաքուն մեր սրտում ենք պահում, սիրելի՛ս,
Հեռու՜, հեռվում,
Ինչո՞ւ ուրիշի հետ քո բախտին ես դավում, սիրելի՛ս,
Ինչո՜ւ, ասա՛, ինչու,
Հիշիր քո երդումը, երբ հովը երգում էր, սիրելի՛ս,
Հեռո՜ւ, հեռվում,
Հիշիր իմ համբույրը, որ սրտի արյունն էր, սիրելի՛ս,
Ինչո՜ւ, ասա՛, ինչու:
 
Աշխարհը դատարկ է առանց քեզ,
Կյանքը չար կատակ է առանց քեզ,
Իմ սերը մորմոք է,
Իմ երգը բողոք է,
Այրող կրակ, մարող կրակ...
Ինչո՞ւ կյանքը այդպես մեզ բաժանեց, տարավ, սիրելի՛ս,
Հեռո՜ւ, հեռու,
Ու մեր այրող սիրո երկինքն էլ է ծարավ, սիրելի՛ս,
Ինչո՜ւ, ասա՛, ինչու,
Ինչու, ինչո՜ւ...

ՅԱՐ ՔՈ ԲԱՐԱԿ ԲՈՅԻՆ ՄԵՌՆԵՄ

Խոսք և երաժշտություն՝ Ժողովրդական
(դանդաղ, համաչափ)
Կյանքիդ, արևիդ մատաղ,
Կանաչ տերևիդ մատաղ։
 
Յար քո բարակ բոյին մեռնեմ,
Չէ, դու կասեյիր քեզ կառնեմ։ 
 
Նամակով հիշեյիր,
Ղրկած բարևիդ մատաղ։
 
Մազերդ ոլորել ես,
Ունքերդ բոլորել ես։
 
(արագ, համաչափ)
Էրթամ ընկնեմ ես սար ու ձոր,
Իմ յար խորոտ է, խորոտ,
Բերեմ քեզի կարմիր խնձոր,
Քեզի բերեմ սառը ջուր։
 
Բերեմ քեզի կարմիր սոլեր,
Քեզի բերեմ շորեր խաս,
Որ դու հագնես էրթանք չոլեր,
Ինձի մի հատ պաչըմ տաս։ 
 
Ես մինուճար, դու մինուճար,
Հենց որ աշուն գա բարով,
Կըպսակվենք մենք անպատճառ,
Անուշ երգով ու պարով։

ԱՂԲՅՈՒՐ, ԱՂԲՅՈՒՐ

Խոսք՝ Վահան Միրաքյանի
Երաժշտություն՝ Ստեփան Դեմուրյանի
Աղբյուր, աղբյուր, ջա՛ն աղբյուր, 
Ջուրդ գլգլան աղբյուր,
Վարդը բացվում է բույրով,
Սերն է ապրում համբույրով.
Թե որ գտնես իմ յարին,
Վարդ կցանես քո քարին:
 
Ալվա՛րդ, Ալվա՛րդ, ջա՜ն Ալվարդ,
Բլբուլն էրվում է անվարդ,
Հեռվից վառված քո սիրով,
Դեռ կռվում են քո սիրով.
Բայց ամենքից աշխարհքում
Քաջ Կարոն է քեզ սիրում:
 
Աղբյուր, աղբյուր, ջա՛ն աղբյուր, 
Ջուրդ գլգլան աղբյուր,
Վայ թե Ապին իմանա
Ու ինձ վրա բարկանա.
Պետք է մեռնենք երկուսով
Աշխարհքի մեջ նամուսով:

ԱՇՈՒՂԻ ԱՐԻԱՆ

Խոսք՝ Սոֆյա Պառնոկի
Երաժշտություն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի
(«ԱԼՄԱՍՏ» օպերայից` հիմնված Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի վրա)
Իր երգչին դարձրեց երգչին ու սազը
 
Լույս պատկերը քո,
Սիրտ խոցող է, արբեցնող երազ է
Լույս պատկերը քո:
Ա՜խ, քեզ պես վարդ չի տեսել Շիրազն էլ.
Լույս պատկերը քո:
Ա՜խ, գոհար է, լալ է ու ալմաստ է
Լույս պատկերը քո:
 
Տիրուհի, վայել է քեզ ճոխ փառքը,
Վա՜յ խեղճ մելիքին, 
Արժանի չէ գորշ ու խաղաղ կյանքը
Քո հպարտ դեմքին:
Թող գլխիդ շուք տա պարսից վեհ թագը,
Փառք տուր նոր բախտին:
Թող շողա, ինչպես վառ արեգակը,
Լույս պատկերը քո:
 
Օ՜, նայիր, Նադիրը շատ հզոր է,
Բայց քո ճորտն է նա...
Ա՜խ, չքնաղ կանանց առաջ անզոր են
Ստրուկ թե մեծ արքա:
Ա՜խ, դու ալ վարդի պես ծաղկանց մեջ փայլ կտաս
Պայծառ շուքով.
Մեծ շահին արդեն հավետ գերել է
Լույս պատկերը քո:

ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Աղջի, անաստված, նստի վրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չես հանգստանում,
        Խաղեր կապելով,
        Չոլեր չափելով,
        Ոչխարըս անտեր,
        Ընկել եմ հանդեր:
 
Ամա՜ն էրեցիր սիրտս քո սիրով,
Ոտս կապեցիր թել-թել մազերով,
Էլ չեմ դիմանա կփախցնեմ զոռով,
        Ա՛յ սարի աղջիկ,
        Ա՛յ սիրուն աղջիկ, 
        Ա՛յ այ դու կարմրաթուշ,
        Թուխամազ Անուշ:
 
Քու հերն ու մերը թե որ ինձ չտան,
Արին կթափեմ ես գետի նման,
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
        Ա՛յ սև աչքերով,
        Ա՛յ ծով աչքերով,
        Ունքերդ կամար,
        Աղջի՛կ քեզ համար:

ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Աղջի, բախտավո՛ր,
Երնե՛կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչերին:
 
        Համբարձում, յայլա՛,
        Յայլա ջան, յայլա,
        Սեր օրեր յայլա,
        Յայլա՛ ջան, յայլա: 
 
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:
 
        Համբարձում, յայլա՛,
        Յայլա ջան, յայլա,
        Սար-յարեր, յայլա,
        Յայլա՛ ջան, յայլա:

ԱՄՊԻ ՏԱԿԻՑ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի,
Հոնգուր-հոնգուր էն սարում:
 
-Ա՛յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս, անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:
 
Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:
 
-Աղջի, քու յարն եկավ, անցավ,
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն եկավ, անցավ,
Չհովացավ պաղ ջրով:

ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՈՒՌԻՆ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
 
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ.
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
 
Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս է կամաց:
 
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում...
Ո՜նց է մոռանում:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:
 
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա: 
 
Երգ ու բույր խառնած,
Թև թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում
Ինչպես թիթեռներ:

ԲԱՐՁՐ ՍԱՐԵՐ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Բարձր սարե՜ր, ա՜յ սարե՜ր,
Ձեն եմ տալիս, վա՜յ սարեր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերին թայ սարեր:
 
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման
Էս աշխարհից բեզարած:
 
Կորչեմ բեզար, դադարգյուն,
Քար-սարեսար, դադարգյուն,
Մեռնեմ, պրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար քուն:
 
Ա՜խ, կըմեռնեմ ամա նա 
Վա՛յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա...

ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Սիրուն աղջիկ ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՞նչ ես լալիս ու ման գալիս
էս ձորերում ամեն օր:
 
Թե լալիս ես վարդ ես ուզում,
Մայիս կըգա, քիչ էլ կաց,
Թե լալիս ես, յարդ ես ուզում,
Ախ, նա գնաց, նա գնաց:
 
Արտասվելով, լալով էդպես,
ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
 
Նրա անբախտ շիրմի վրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դուն էլ գնա՛, նոր սեր արա,
Էսպես է կարգն աշխարհի:

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ

Խոսք՝ Հովհաննես Շիրազի
Երաժշտություն՝ Արամ Մերանգուլյանի
(«Սիամանթո և Խջեզարե» պոեմից) 
-Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,
Ծովասարիս ծաղիկներ,
Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում,
Իմ Սիփանի եղնիկներ:
 
Վանա ծովիս կղզու վրա,
Ինչպես բիբը աչքի մեջ,
Կա՞ մեր տաճարն Ախթամարա,
ՈՒր կաղոթեր մայրս խեղճ:
 
Ո՞վ է խմում համբույրն հիմա
Ապարանջան աղբյուրիս,
Ախթամարա վանքիս վրա
Կա՞ բաց թողած աղավնիս...
 
Ո՞վ է նայում Վանա ծովիս,
Ափին Վանս, բույնս կա՞,
Ա՜խ, Սիփանա ծաղկահովիս
Գառներս կա՞ն, շունս կա՞:
 
Ո՞վ է ժողվում անտառներիս
Մեղրագազպե մանանան,
Փարախները թուխ գառներիս
Իրենց տեղը կմնա՞ն...
 
Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,
Ծովասարիս ծաղիկներ,
Ո՞Ւմ արցունքն եք դուք ինձ բերում,
Վանա ծովիս ամպիկներ:

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ

Խոսք՝ Հովհաննես Շիրազի
Երաժշտություն՝ Արամ Մերանգուլյանի
(«Սիամանթո և Խջեզարե» պոեմից) 
-Մնաք բարով, իմ հայր Սիփան,
Եվ դու, իմ մայր, Վանա ծով,
ՈՒր էլ գնամ` ձեզ հավիտյան
Չեմ մոռանա իմ լացով:
 
Չարի ձեռն է մեզ բաժանում,
Մնաս բարով, Ախթամար,
Իմ աղավնուն քեզ եմ թողնում,
Պահիր մոր պես, իմ սուրբ մայր:
 
Մնաս բարով, Արածանի,
Մնաս բարով, Մեղրագետ,
Ինձ սև բախտը ուր էլ տանի`
Հայ կմնամ, կուգամ ետ:
 
Մնաս բարով և դո'ւ, իմ սեր,
Բայց թող հայրդ իմանա,
Ինչ էլ լինի, ես կգամ դեռ,
Հայն անմուրազ չի մնա:

ՊԵՊՈՅԻ ԵՐԳԸ

Խոսք՝ Եղիշե Չարենցի
Երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի
(«Պեպո» կինոնկարից) 
Դամբը ձեռիս աշխատում իմ,
Հալալ աշխատանքս իմ ուտում,
Վա՜յ էն մարդին, որ աշխարհում
Խալխի դատած հացն է ուտում:
 
Հալալ մարդու սիրտը ուրախ,
Ճակատը միշտ բաց է ըլում,
Վայ էն մարդին, որ համ գջլում,
Համ էլ անկուշտ լաց է ըլում:
 
Դամբը ձեռիս ջուրն իմ մտնում,
Ձեռքս ու ոտս թաց է ըլում,
Հալալ արյուն-քրտինք թափում,
Քիրս ու դեդիս լաց են իլում:
 
Լուսնյակը` լուս, գիշեր` խավար,
Առավոտը բաց է ըլում,
Խլբլթալեն լոթի ձկներ
Բազարումը հաց ին ըլում:

ՄԱՅՐՍ ԼԻՆԵՐ


Երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյանի
Ախ կուզեի աշխարհի մեջ
Աշխարհի տերն էլ դառնայի
Ինձ իշխողը մայրս լիներ:
Երկինքի տակ ամենամեծ
Բանաստեղծն էլ համարվեի
Ընտիր տողս մայրս լիներ:
Ինչքան էլ ինձ բարիք տային
Հիվանդ պահիս իր սուրբ ձեռքով
Ջուր տվողը մայրս լիներ:
Ինչքան էլ որ ծերանայի
Ու հոգնաբեկ երբ տուն գայի
Դուռ բացողը մայրս լիներ:
 
Որդիներիս պսակն օրհներ
Թոռներիս էլ անուշ-անուշ
Օրորողը մայրս լիներ:
Ու մեր գլխից միշտ անպակաս
Մեր օջախի ամենաթանկ
Լույսն ու շողը մայրս լիներ:
Մարդն ինչքան էլ երկար ապրեր,
Ամենքի մեջ, ամենքից շատ,
Շատ ապրողը մայրը լիներ:
Բայց կուզեի որ ոչ մի օր 
Որդիներին վերջին անգամ
Համբուրողը մայր չլիներ:

ՄԱՅՐՍ

Խոսք՝ Հովհաննես Շիրազի
Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի
Մայր իմ բարի, դու սուրբ, դու հեզ,
Չունես չարի ոչ մի թել,
Ինձ թվում է` միայն դու ես,
Միայն դու ես մայր ծնվել:
 
Հազար վիշտ է սիրտդ քամել,
Դու իսկական հայուհի,
Այս անաստված աշխարհում էլ
Դու իմ միակ սրբուհի:
 
Դու հայ վշտից մեր անտունի
Աստծուց ես խռովել,
Բայց հայ աստվածն ինչ մեղք ունի,
Թուրքն է մահը մեզ տվել...
 
Դժոխք տեսած քո աչքերով`
Դու եղեռնի հուշարձան,
Քո թոռների թուր հոնքերով`
Դու հայ հույսի ծիածան:
 
Քո գութն այնպես է վարարել,
Որ դու որպես սուրբ տաճար,
Չնչին մրջնի մոր համար էլ
Աղոթում ես վշտահար:
 
Աստվածաքույր մայր իմ, դու հեզ,
Չունես չարի ոչ մի թել,
Ինձ թվում է` միայն դու ես,
Միայն դու ես մայր ծնվել:
 
Միայն դու ես, մեկ էլ աստված,
Որ ծնել է մայրիկիս,
Զույգ աստծուց խիղճս ծնված`
Սուրբ է պահում դեռ ոգիս:

ԻՄ ՀԱՍԱԿԸ

Խոսք և երաժշտություն՝ Նորայր Ժամհարյանի
Իմ հասակը տարիների փորձ ունի,
Ամեն տարի իրեն պատմությունն ունի
Խոժոր դեմքիս ամեն ծալքն իր դարդն ունի
Ծերության դեմ ոչ ոք, ոչ մի ճար չունի։
 
Միշտ հպարտ եմ, ինչ կա ոչինչ չի եղել.
Միայն դեմքիս ակոսներ են գոյացել,
Կամ էլ գլխիս աշտանակն է նոսրացել,
Բայց իմ սիրտն ու հոգին նույնն է մնացել։
 
Դեղնեց ահա տերևը հզոր ծառի,
Ճեղքվեց իմ քարերը բարձր սարի
Էլ ոչ մի ուժ նրանց նոր կյանք չի բերի
Կհեռանան մնալով էջ հուշերից։
 
Մանկությունից անցա այսքան ճանապարհ,
Դպրոց ուսում, ու խենթացած սիրահար,
Շատ չխոսենք, իմ պատմությունն է երկար,
Մի հիշեցրեք ես կդառնամ խելագար։

ՄԱՅՐ ԻՄ ՍՈՒՐԲ ՈՒ ԲԱՐԻ

Մայր իմ սուրբ ու բարի,
Դու կյանքի վեհություն,
Քո ձեռքի տակ ապրող զավակն իր կյանքում,
Չի տեսնի դառնություն։
 
Ասում են, թե նա ով մայր չունի,
Ով մայրական քնքշանք չի տեսել,
Ով մայրական ծեծից չի լացել,
Նա որբ է մեծացել։
 
Մայր իմ հեզ ու բարի,
Դու ապրող ծերություն,
Քո ճերմակ մազերից ես կյանք եմ առել,
Սնվել ու մեծացել։
 
Ասում են, թե նա ով մայր ունի,
Ով մայրական քնքշանք է տեսել,
Ով մայրական ծեծից է լացել,
Նա աչքերը էլ չի թացել։

ՄԱՅՐԻԿ

Խոսք՝ Արսեն Սաֆարյանի
Երաժշտություն՝ Արամ Ավագյանի
Լուսավոր հուշեր, մի կապույտ գիշեր,
        հեռացած օրոր ու տաքուկ ձեռքեր,
Հայացքով անուշ ինձ շոյող աչքեր
        ու կարոտ դարձած մանկության օրեր,
Ուր էլ գնամ դու ինձ հետ արի,
        դու իմ միակ իմ արդուն փերի,
Իմ միակ մայր իմ բարի
        քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ...
 
Լույսը քո անհուն աչքերում անմար
        վառ աստղի նման ինձ տանում է,
Սերն է քո հուգու մի ամբողջ աշխարհ`
        իմ անհոգ ու խենթ օրերի,
Ինձ համար գիշերը մոմեր վառած
        նուրբ ձեռքերդ ես համբուրում եմ,
Քո սիո համար, իմ մայրիկ բարի,
        ողջ աստղերը քիչ են էլի:
 
Քո գրկում այնպես երջանիկ եմ ես.
        երազում անգամ լուռ ժպտում եմ քեզ,
Դու մնա ինձ հետ ու ապրիր հավետ,
        չեմ թողնի երբեք միայնակ լինես,
Ծով է հոգիդ ու աղբյուր վարար,
        լուսե երազ ես դու ինձ համար,
Իմ միակ մայր իմ բարի
        քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ։

ՄԻ ԼԱՑԱՑՆԻ

Խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի
Երաժշտություն՝ Վաչե Հովսեփյանի
Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս:
 
Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,
Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս:
 
Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,
Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,
Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս:

ՄԱԽՄՈՒՐ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Մախմուռ աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ:
Երնեկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:
 
Նազով աղջիկ,
Թուխ մազերով աղջիկ,
Ծաղիկ ես, չթառամես
Մուրազով աղջիկ:
Մնա քնքուշ,
Բուրիր բույրով քո անուշ,
Աշխարհ լցրու երազով աղջիկ:

ՍԱՐԻ ՎՐԱ

Խոսք և երաժշտություն՝ Հովհաննես Թումանյանի
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:
 
Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:
 
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ

Խոսք՝ Գևորգ Միրիմանյանի
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ,
Հալվում եմ հալվում օտարության մեջ,
Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չկա վերջ:
 
Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանի վրա առաջս է դրած,
Աչքս ակամա վրան եմ ձգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում:
 
Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորվում,
Դառն արտասունքով աչքս պղտորում,
Կարծում եմ բոլոր աշխարհն մթնեց,
Արևն էլ խավրեց, էնդուր որ տխրեց:
 
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կտեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծես՝ երկնային ղալամով քաշած:
 
Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կրակի էրված, խորոված:
 
Էլ ե՞րբ կտեսնեմ ես ձեզ ման գալիս.
Բաղ ու բախչայում սեյրան անելիս,
Ինչտեղ ամոթից վարդն էլ է դեղնում,
Երբ որ ձեր կարմիր թշերը տեսնում:
 
Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թռչում է, թռչում, ամպերում կորչում
Եվ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տեր Աստված, փա՜ռք քեզ է կանչում:
 
Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չեմ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն ի՞նչ անեմ, մոլորված եմ ես:
 
Մոլորված եմ ես օտար աշխարքում,
Հավատն էլ օտար, օտար և լեզուն,
Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նման,
Հայոց աղջիկներ, դուք եք աննման:
 
Ձեր սերն է միայն սրտումս պահած,
Ձեր սիրով եմ միայն ես կենդանի,
Ձեր սերը միայն էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կպահպանի:

ԱՆՈՒՇԻԿ ԻՄ ՔՈՒՅՐԻԿ

Աղբյուրի պես մաքուր
Մի ոգի կա կյանքում
Նա իր սերը քեզնից
Միշտ պահում է թաքուն,
Քեզ հսկում է հեռվից
Մայրական աչքի պես
Իսկ դժվար պահերին
Միշտ հասնում է նա քեզ:
 
Անսահման բարություն
Վաղորդյան թարմություն,
Մաքրություն աղբյուրին՝
Անուշիկ իմ քույրիկ:
 
Թե իրեն չհիշես
Կհիշի նա միշտ նա քեզ
Կշողա քո ճամփին
Բախտիդ ջինջ աստղի պես,
Բնության թյուր պահին
Հույսի թև կտա քեզ
Քո բոլոր օրերին
Դու նրան հավատա:

ՋԵՅՐԱՆԻ ՊԵՍ

Նորից գարուն եկավ, գարուն աննման,
Նորից ես քեզ տեսա, ով իմ սիրուն յար,
Կարմիր էիր հագել, վարդի պես վառնամ:
 
Ջեյրանի պես սարերով եկար ու անցար,
Մեկ բարև էիր տալիս, այն էլ մոռացար:
 
Թուխ մազերդ էիր փռել, յար քո թիկունքին,
Ալ ժպիտն էր շողում, յար քո շուրթերին,
Երբեմն զուր տեղ փչում, սերը շուրթերին:
 
Աշխարհի մեջ դուն սիրուն, ո՞վ է քեզ ժպտում,
Ինձ արել ես դատարկուն, վարմունքով հազար,
Ես լալիս եմ դու խնդում, ու չես նայում յար:

ԵՐԳԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Ես քեզ համար եմ ապրում, նազելիս,
Մանուշակներ են աչքերդ անմար,
Չկա քեզ նման գարուն, նազելիս,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
 
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
 
Հերիք է մաշեմ ճամփեքը քարոտ,
Մենակ տղա եմ` քո սիրուն կարոտ,
Դու կանաչ կյանքիս վարդ անուշահոտ,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
 
Իմն է և քոնը աշխարհը սիրուն,
Արևոտ սարը, անտառը սիրուն,
Երկնքի կապույտ կամարը սիրուն,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
 
Ես ծարավ ճամփորդ, դու` վարար աղբյուր,
Թույլ տուր մոտենամ, ջուր խմեմ մաքուր,
Քո ալ շուրթերից առնեմ վառ համբույր,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:

ՏԱՎԻՂ

Խոսք՝ Հարություն Հարությունյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Գիշեր ու զոր դու հնչում ես,
Իմ անուշ տավիղ,
Ասես աղբյուր կարկաչում ես,
Իմ անուշ տավիղ,
Մերթ լալիս ես, մերթ ծիծաղում
Դու անխոս,անբառ,
Սրտիս ձայնով ղողանջում ես,
Իմ անուշ տավիղ:
 
Նա սիրո երգը լսեց…
Ու անսեր մնաց,
Սիրտ ուներ, բայց չհուզվեց,
Եվ անցավ գնաց…
Հնչիր, տավիղ, թող այս գիշեր
Երգդ վարարի
Սրտիս տենչանքն ու կարոտը
Պատմիր աշխարհին:
 
Իմ սրտի բաժին աշխարհը
Այս լայն աշխարհում
Ո՞ւր է, չի գալիս կանչիր դու
Իմ անուշ տավիղ,
Իմ անուշ տավիղ
 
Ով որ լսում է նվագդ,
Սեր է երազում,
Նորից գալիս է մեր բակը,
Սիրտը ինձ պարզում,
Բայց ուրիշ է իմ փափագը,
Տենչն իմ սիրասուն,
Են տղին եմ ես անրջում
Իմ անուշ տավիղ:

ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ

Խոսք՝ Վահագն Դավթյանի
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի
Մի հեռավոր կապույտ թռչուն,
Մի բարալիկ, տխուր ուռի...
Քնած է կտուրը մեր տան,
Լուսնյակի մեջ ու լազուրի:
 
Առուն գնում է սիրտը ելած,
Տանում է լույս երազանքներ,
Երկինքն ի վար՝ աստղերի լաց
Ու աստղային տխուր զանգեր...
 
Երկինքն ի վար՝ ամենամեծ,
Ամենատաք, ամենահուր
Ասուպն ընկել իմ սրտի մեջ
Ու սրտիս հետ մխում է լուռ...
 
Մի մոլորված կապույտ թռչուն,
Մի բարալիկ տխուր ուռի,
Մի աստղային անքնություն
Լուսնյակի մեջ ու լազուրի:

ՎԱՐԴԸ

Խոսք՝ Վոլֆանգ Գյոթեի
Երաժշտություն՝ Ռոմանոս Մելիքյանի
Թարգմանություն` Հովհաննես Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
 
Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,
Այ կարմիր վարդ, դաշտի միջին,
Վարդը ասավ. - Տես, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին,
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
 
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին,
Փուշը նրա ձերքը ծակեց.
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ

Խոսք և երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկեր, գետին նախշեր.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, զույգ աչքերով կուրանա:
 
Թուշդ դեմ արա, պաչեմ,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Կեռ ունքեր, սիրուն աչքեր.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, զույգ աչքերով կուրանա:
 
Ա՜յ գիշեր, դարձիր տարի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, զույգ աչքերով կուրանա:
 
Մենակ յարս ինձ համար,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սրտով խոսքը կատարի.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, զույգ աչքերով կուրանա:

Ա՜Խ, ԻՄ ճԱՄՓԵՍ

Խոսք՝ Ավետիք Իսահակյանի
Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի
Ա՜խ, իմ ճամփես մոլոր գնաց,
Անտակ ծովին դեմ առա.
Վա՜խ, իմ սերս անցա՜վ, գնա՜ց,
Ետ կանչելու ճար չկա:
 
Դումանն եկավ, ծովը ծածկեց,
Էն խաս հավքերն ի՞նչ եղան,
Դարդը եկավ, սիրտս ծածկեց,
Էն ալ-վարդերս ի՞նչ եղան:
 
Ա՜խ, խաս հավքերն ծովում խեղդվան,
Ագռավն վրես կղռռա,
Սիրուս զառ-վառ վարդերն թոռման,
Բլբուլս անթև կսգա...

ԻՄ ՓԵՐԻՆ

Խոսք՝ Ավետիք Իսահակյանի
Կես գիշերին գետի ափին
Ես նըստած եմ սիրավառ.
Գետն հոսում է, - և հոսանքին
Ես նայում եմ միալար:
 
-Ո՞վ է խաղաղ մեջ-գիշերին
Քընած գետը վարդովում.
Ալիքները խըփում ժայռին, -
Ծերուկ ժայռը լըվանում:
 
-Ո՞վ է աստղոտ, զով գիշերին
Լուսնի շողով զարդարվում,
Շուշան-կըրծքին, սև մազերին
Գոհար ցողեր սըրսկում:
 
-Ո՞վ է չքնաղ բարի-լուսին
Ծաղիկները համբուրում.
Մըշուշային փըրփուրի մեջ
Արշալույսին ողջունում:
 
-Նա հեղ գետի լուռ փերին է,
Ցնորքներիս սիրելին,
- Նա իմ սըրտի դիցուհին է,
Վառ երգերիս նազելին...
 
Եվ մինչև լույս գետի ափին
Ես նըստած եմ քարացած.
Գետն հոսում է, - և հոսանքին
Ես նայում եմ շիվարած:

ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի
Դու տեսե՞լ ես երկընքումը
Պայծառ լուսին ծագելիս,
Կամ թե՝ կանաչ տերևի մեջ
Կարմիր ծիրան փայլելիս:
 
Դու տեսե՞լ ես ծաղկոցումը
Կարմիր վարդը փըթըթած,
Շուշան, մեխակ ու նունուֆար
Չորս բոլորքը պար բըռնած:
 
Նազուկ մեջքը ծառի նըման
Տատանում է գեղեցիկ,
Մե՛կ թռչում է նա անգուման,
Մե՛կ գընում է խիստ հեզիկ:
 
Հալվում է խեղճ կարիճների
Սիրտը՝ նորան տեսնելով,
Ծերը իրան անիծում է,
Որ ծերացավ խիստ շուտով:
 
Բայց լուսինը խիստ խավար է
Հայ աղջկա առաջին,
Ծիրան, մեխակ ու նունուֆար
Չարժեն նորա մեկ պաչին:

ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԼԱՎ

Խոսք՝ Գեղամ Սարյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Շրջում եմ ես տրտում,
Քո պատկերն իմ սրտում,
Քո խոսքերն իմ մտքում,
Իմ լավ, իմ լավ:
 
Տես, գարուն է կրկին,
Ծաղկեց դաշտն ու այգին,
Այնտեղ է քո հոգին,
Իմ լավ, իմ լավ:
 
Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,
Դարձել եմ ես տխուր,
Ախ, իմ լավ, իմ լավ:
 
Ծաղկունքը դաշտերում,
Քո բույրերն են բերում,
Քո համբույրն են բուրում,
Իմ լավ, իմ լավ:
 
Հովերը պարտեզում
Ծաղկանց հետ են փսփսում,
Քո մասին են խոսում,
Իմ լավ, իմ լավ:
 
Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,
Դարձել եմ ես տխուր,
Ախ, իմ լավ, իմ լավ:
 
Շրջում եմ ես տրտում,
Քո պատկերն իմ սրտում,
Քո խոսքերն իմ մտքում,
Իմ լավ, իմ լավ:

ՍԵՎ ԱՉԵՐՈՎ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Ախ, սև աչերով աղջիկ,
Քաղցր պաչերով աղջիկ,
Ողջ աշխարհը ման եկա,
Քեզ պես աղջիկ չտեսա,
Ես մինուճար մոր տղա,
Իմ սրտի հետ մի խաղա,
Արի, բաց ձեր տան դուռը,
Ասա` բարով ես եկել:
 
Օրը կանաչ կարմիր է,
Բոյդ դալար բարդի է,
Ախ, ես քեզ ոնց չսիրեմ`
Գարնան արև ես իմ յար,
Ես սիրահար պատանի,
Քեզ բերել եմ մատանի,
Արի բաց ձեր տան դուռը,
Ասա` բարով ես եկել:
 
Ես սիրահար պատանի,
Քեզ բերել եմ մատանի,
Արի բաց ձեր տան դուռը,
Ասա` բարով ես եկել:
Թող աշխարհը իմանա`
Քեզ տանելու եմ եկել:

ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ

Խոսք՝ Միսաք Մեծարենցի
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտումը ինձի նըվիրեցիր,
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտումը ինձի նըվիրեցիր,
Խանդաղտանքներ ալ հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ,
Ուր դողաց սիրո սառսուռն, անցավ
Ու թովանքը հուր, հուր քո համբույրին,
Քո հուր համբույրին:
 
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգին, հեգ հոգին,
Ըզգաց սրտիդ հուրն արծարծուն,
Հուրն արծարծուն ու մետաքսե ուղի մը զիս,
Ուղի մը զիս, սեր ծաղիկին տարավ ածուն,
Հոն ժպտեցավ կյանքը ինձի, ժպտեցավ
Հմայլքներու հույլովն անցավ, հույլովն անցավ,
Եվ ուրվական մը, կասկածի ուրվական,
Անոր մոտեն երբեք չանցավ:
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտումը ինձի նըվիրեցիր...

ՆՈՐ ՏԱՐԻ

Խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի
Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
 
Երնեկ թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
 
Երնեկ թե այս Նոր տարին
Հայ ազգն ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:
 
Երնեկ թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:
 
Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:

ԱՐԻ՛, ԻՄ ՍՈԽԱ՛Կ

Խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի
Արի՛, իմ սոխա՛կ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քո՛ւն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխա՛կ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:
 
Ե՛կ, աբեղաձա՛գ, թող արտ ու արոտ,
Օրորե՛ տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, դու, ձագո՛ւկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:
 
Թո՛ղ դու, տատրակիկ, քու ձագն ու բունը,
Վուվունով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակիկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սգաոր դառնալ:
 
Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:
 
Թո՛ղ որսդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ:

ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ

Խոսք և երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Սարերի հովին մեռնեմ,
Հովին մեռնեմ, հովին մեռնեմ,
Իմ յարի բոյին մեռնեմ,
Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ:
 
Կայնել եմ` գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,
Լցվել եմ` լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող, լալ չեմ կարող,
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողի, յա՛ր, աչքին մեռնեմ:
 
Գետերը ջուր չեն բերում,
Քեզանից լուր չեն բերում,
Չըլնի՞ սերդ սառել է,
Քո սերը, յա՛ր, զուր չեն բերում:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Թաքցնում են աչքերը քո տխրությունը տարվա,
Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեղծ,
Սեղանի շուրջ նստած են հարազատ դեմքեր,
Միաձայն գովերգում են քեզ.
 
Շփոթված ես. դե ինչ արած համբերել է պետք,
Շռայլում է զգացմունքը քո մեջ կուտակված,
Դու գիտես ցանկությունը ցանկություն կմնա,
Եթե սիրտդ բարի է՝ կիրականանա:
 
Ծնունդդ շնորհավոր, ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր թող լինի այսօր:
 
Համոզված ես, որ քո կամքով ճանապարհը ընտրած
Անկորուստ չի եղել ու չի եղել և հարթ,
Քեզ մի միտք է անվերջ լռությամբ ուղեկցում,
Որ մարդիկ հարազատ չլքեն քեզ կյանքում:
 
Ծնունդդ շնորհավոր, ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր թող լինի այսօր:

ԼՈՒՍԱՄՓՈՓԻ ՊԵՍ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Եղիշե Չարենցի
Երաժշտություն՝ Պերճ Թուրաբյանի
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
 
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հողու հեռուն...
 
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

ՍԵՐԸ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Կոնստանտին Օրբելյանի
Դու ծաղիկ ես՝ բույրով ես հարուստ,
Դու արև ես՝ լույսով ես հարուստ,
Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո,
Իմ երազն է երազները քո:
 
Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,
Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,
Անցնում են օրեր և հեռանում,
Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,
Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,
Մեր սերը երբեք չի ծերանում:
 
Դու և մոտ ես և անչափ հեռու,
Դու իմ բախտն ես և իմ ցավն ես դու,
Արծաթվել են իմ մազերը կարոտից՝
Ինչպես մութը աստղի շողերից:
 
Նայում եմ քո բարի աչքերին,
Եվ դառնում եմ նորից քո գերին,
Արցունքներդ՝ գոհարներ են ու լույսեր,
Ամեն արցունք՝ սեր է, այրող սեր:

ԱՐԵՎԻԿ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Կոնստանտին Օրբելյանի
Արևիկ է անունդ,
Դու լույսի պես աղջիկ,
Քո աչքերը գարուն են,
Դու իմ երգ, Արևիկ:
Առավոտն է քո տունը,
Բարի լույս, Արևիկ:
 
Աչքերդ անվերջ կանչում են,
Աչքերդ ինձ անուշ տանջում են,
Անունդ` սիրո գարուն է,
Անունդ քեզ նման սիրուն է:
 
Ծաղիկները բացվել են,
Քեզ նման գեղեցիկ,
Աղբյուրները երգում են,
Քո ձայնով, Արևիկ:
Երազները շողում են
Քո փայլով, Արևիկ

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Խոսք՝ Վահան Տերյանի
Երաժշտություն՝ Վաչե Հովսեփյանի
Երբ կհոգնես, կգազազես աշխարհից,
Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից
Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել
Չի կամենալ նա վերստին քեզ տանջել:
 
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձիր, վերադարձիր դու կրկին:
 
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

ԱԽԹԱՄԱՐ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տղա:
 
Ծովն է մտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կղզին դիմացի:
 
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:
 
Ծփում ծովն ալեծածան,
Ծփում է սիրտը տղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կռվում է կատաղի:
 
«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով:
 
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»:

ՍԱՐԻ ԱՂՋԻԿ

Խոսք և երաժշտություն՝ Հայկական ժողովրդական
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, 
Դլե յաման, դլե յաման, դլե յաման, 
Գնաց, ուրիշին առավ... 
 
Ա՜խ, մերդ մեռնի, 
Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ, 
Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 
Չար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 
Քար սիրտ աղջիկ:
 
Եղնիկ եմ՝ նետը կրծքիս, 
Դլե յաման, դլե յաման, դլե յաման, 
Տիրել ես խելք ու մտքիս...
 
Մինուճարիս մեղքացիր, 
Դլե յաման, դլե յաման, դլե յաման, 
Ցավ մի դնի թեժ վերքիս...

Яндекс.Метрика