ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում,
Սիրելի կանայք թողնում-գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում:
 
Ամենալավ երգը լռությունն է՝
Երկու զույգ աչքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ:
 
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկվում են անցյալը ու ներկան
Իմ կյանքի էջերից:
 
Ես գիտեմ՝ ինչ բան է ժամանակը,
Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
Վերջին կանգառին է մոտենում:
 
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրում երգեր նրանց համար:
 
Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ
Իմ սարքած զնդանում:
 
Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է,
Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ:
 
Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ՝ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր՝ թարս ու շիտակ:
 
Նա տալիս է հարցեր՝ թարս ու շիտակ,
Հարցեր՝ ամեն տեսակ, հարցեր՝ շատ տարօրինակ,
Ես փորձում եմ գտնել պատասխաններ 
Ու ստանում նոր հարցեր:
 
Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել:
 
Ես գիտեմ, որ երգը և՛ աղոթք է,
Ե՛վ ինչ-որ չափով մխիթարանք, 
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք:

1983թ.

ԻՄ ՏՈՒՆՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Իմ տունն անիվների վրա
Կգլորվի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա
Իմ տունն անիվների վրա:
 
Տունս մի օր կառնի թևեր,
Ինձ կթողնի, կթռչի վեր,
Ու կճոճվի՝ լուսնից կախված,
Կյանքիս հեքիաթն իմ հնարած:
 
Ես ունեմ երեք փոքրիկ՝
Մի տղա, երկու աղջիկ,
Իսկ նրանք ունեն մայրիկ
Եվ երգեր գրող հայրիկ:
 
Իմ երգն անիվների վրա
Ինձ կլքի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա
Իմ երգն անիվների վրա:
 
Երգերը իմ կառնեն թևեր
Եվ իմ սրտից կթռչեն վեր,
Էսպես հերթով, շարան-շարան
Նրանք ինձնից կհեռանան:
 
Ես ունեմ տարբեր երգեր՝
Իմ կյանքից պոկված դեպքեր,
Սա իմ կյանքն է, ի՛մ ընկեր,
Որ փորձում եմ ես երգել:
 
Իմ կյանքն անիվների վրա
Կգլորվի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա
Իմ կյանքն անիվների վրա:
 
Իմ կյանքն անիվների վրա
Մի օր ինձնից կձանձրանա,
Նա կհոգնի ու կգնա,
Իմ կյանքն անիվների վրա:

1989-1993թթ

ԿՅԱՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ

Որքան արագ է պտտվում
Այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում
Մեր ապրելու լավ ժամանակը:
 
Հետո դանդաղ, դանդաղ,
Կհեռանա ջահելությունը,
Հետո էլ ի՞նչ երջանկություն,
Երբ մոտենում է ծերությունը:
 
Մի օր պոկվեց-թռավ
Իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ
Չվեց դեպի հավերժությունը:
 
Կյանքի շեմին կանգնած էր լուռ
Ու գլխահակ մի պատանի,
Երազանքներ ունեն մաքուր,
Ձեռքին՝ սպիտակ մի աղավնի:
 
Բայց աղավնին թռավ հեռու,
Ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում
Նա թալանում է բոլորին:
 
Հիմա նրա ուսին թառել,
Հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր
Դեպի կյանքի հորիզոնները:
 
Բայց երբ բազեն երկինք ճախրեց,
Մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց,
Ու քաջ թռչունը ընկավ ցած:
 
Ու երբ տղան վերցրեց նրա
Դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Կյանքը նրան ոճիր թվաց,
Նա անիծեց ճակատագրին:
 
Ու ձմեռվա սառցակալած
Ճամփաներով ոլոր-մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած,
Դեպի վախճանը գլխիկոր:
 
Ագռավների երամը սև,
Ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր
Դարձան մարդու ճակատագիր:
 
Ու երբ կնքեց մահկանացուն
Մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն՝
Որպես թռչուն մի հալածված:

1985-1987թթ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ինձանից էլ ջահել իմ պապերը
Հրաժեշտ չտված հեռացան,
Վշտի մեջ էլ հպարտ իմ տատերը
Հանկարծ մի գիշերում ծերացան:
 
Իսկ հետո, երբ լսվեց կրակոցը,
Դույլի մեջ կաթն ասես սևացավ,
Էդ շարժվեց մանկության օրորոցը,
Էդ պստիկը քնից արթնացավ:
 
Օրորվի՜ր, մանկությա՛ն օրորոց,
Կյանքը՝ մութ փակուղով մի փողոց,
Կյանքն՝ իրար ուտելու փակ դպրոց, 
Օրորվի՜ր,
         Օրորվի՜ր,
                  Օրորվի՜ր, մանկությա՛ն օրորոց:
 
Դա երա՞զ էր, թե՝ ոչ, բայց պապերս
Խստորեն ասացին՝ դիմացիր,
Հերթը քոնն է, էսպես է, ախպե՛րս,
Ցավերդ երգելով՝ հեռացիր:
 
Իսկ դրսում նոր կոփված տականքները
Թալանում ու գռփում են մարդկանց,
Էս կեղտոտ, ասիական, մութ բարքերը
Ու դեմքերն, ինչ սազում են սրանց:
 
Օրորվի՜ր, մանկությա՛ն օրորոց,
Կյանքը՝ բութ կրքերի աղբանոց,
Կյանքը՝ լուռ վշտերի խենթանոց,
Օրորվի՜ր,
         Օրորվի՜ր,
                  Օրորվի՜ր, մանկությա՛ն օրորոց:
 
Ինձ կյանքում խաբեցին ընկերներս,
Իսկ հետո սուսուփուս հեռացան,
Ի՜նչ ափսոս՝ երգեցի ես երգերս
Լոկ նրանց, ովքեր ինձ մոռացան: 
 
Օրորվի՜ր, մանկությա՛ն օրորոց,
Կյանքը՝ մութ կրքերի աղբանոց,
Կյանքն՝ իրար ուտելու փակ դպրոց,
Օրորվի՜ր,
         Օրորվի՜ր,
                  Օրորվի՜ր, մանկությա՛ն օրորոց:

1997թ.

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

Ես սիրած մի աղջիկ ունեի՝
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ:
 
Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ
Ու երբեք չգա հետ:
 
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ,
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց:
 
Ես ազնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ:
 
Ու քամուն ես նորից խնդրեցի՝ 
Պատմությունն այս տանի-կորցնի,
Որ տանի-կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ:
 
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ,
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից:
 
Ես անցյալս ջնջել փորձեցի
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյալիս դժգույն դեմքը տեսա:
 
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի-կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ
Շատ երկար ժամանակ:
 
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից:
 
Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը իրոք մոռացա:
 
Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սուլի ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակ:
 
Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց:
 
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան՝
Անիմաստ, անիմաստ խոհական:
 
Իսկ հետո բոլորի նման ես 
Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ, 
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան:
 
Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տան տիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին:
 
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան:

1982թ.

ԵՐԲ ԵՍ ԿՄԵՌՆԵՄ

Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա
Տղերքը հերթով ինձ այցի կգան,
Ասացե՛ք նրանց՝ թող չմոռանան,
Որ մի լավ հարբեն ուշ երեկոյան:
 
Աղջիկները թող արցունք չթափեն, 
Հորիզոնական դիրքով երբ տեսնեն.
Չէ՞ որ դիրքը այդ հայտնի է նրանց,
Նրանց հուշերում ես կապրեմ պառկած:
 
Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա
Թող որ համբուրվեն աղջիկ ու տղա, 
Ու երբ գինովնան սիրո համբույրից,
Թող մի երգ հիշեն իմ հին երգերից:
 
Ու թող թևածի Աստվածը սիրո
Եվ իմ գերեզմանն օծի սուրբ գինով,
Ու թող ծածանվեն վարսերը նրա,
Ում անունը միշտ գաղտնի կմնա:
 
Խորհրդային բիրտ բարքերի սև էջ,
Մենք մեզ թերթեցինք ու գտանք մեր վերջն,
Այնտեղ կարմիրով գրված էր՝ դժողք,
Ո՞ր մեղքի համար՝ չգիտեր ոչ ոք: 
 
Բայց մենք ընտրեցինք կյանքն անապահով,
Ու տղերքի հետ դուրս ելանք բաց ծով,
Որ հավատարիմ մեր խենթ երազին
Չդառնանք երկրի հնազանդ գերին:
 
Թող աստված ների մեղքերն իմ որոշ,
Կյանքն իմ անհանգիստ, վարքն իմ անորոշ,
Ես նրա կամքով երգեր եմ գրել,
Փորձել երգերով մեղքերն իմ քավել:
 
Թող փառաբանվի անունը Նրա,
Ում երգարանից երգեր գողացա,
Կյանքի մատյանից դասերն իմ առա,
Ում ներշնչանքով թաքուն հիացա:
 
Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա
Տղերքը հերթով ինձ այցի կգան,
Ու հետո հերթով լուռ կհեռանան,
Որ հետո հավերժ ինձ ընկերանան:

1986թ.

ՄԻԱՅՆ ԴՈՒ ՉՏԽՐԵՍ

Միայն դու չտխրես ու լաց չլինես,
Օրերը տխուր կանցնեն-կգնան,
Քամիները չար, քամիները ցուրտ
Կխփեն դեմքիդ ու կհեռանան:
 
Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա
Եվ հուշի նման քեզ այցի կգա,
Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն,
Ո՞ւր ես դու գնում, ի՛մ թափառական:
 
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են քո ոտքերը,
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են ճամփաները քեզանից...
 
Երգ իմ մոռացված,
Երգ իմ հեռացած,
Ես քեզ կորցրի ճամփին մոլորված,
Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին,
Կլցնես սիրով իմ տխուր հոգին:
 
Իմ հոգնա՛ծ ճամփորդ, ո՞ւր ես դու գնում, 
Քայլերով մոլոր ո՞ւր ես հեռանում, 
Ո՞ւր է քեզ տանում ճամփան անսահման, 
Կա՛նգ առ վերջապես, ի՛մ թափառական:
 
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են քո ոտքերը,
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են ճամփաները քեզանից...

1980թ.

ԵՎ ԻՋԱՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Եվ իջավ լռություն, ու թաղվեց խավարում
Իմ սիրտը.
Սպասեցի քեզ երկար, սպասեցի քեզ երկար,
Դու չեկար,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ:
Դու՝ երազ իմ անհաս, իմ ցնորք իրական,
Որ հեռվում
Ինձ կանչում ես քեզ մոտ,
Ինձ կանչում ես քեզ մոտ
Ու կորչում,
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից:
Երբ քեզ կանչում եմ,
Արձագանք ես տալիս:
Ընկերներս կորան անցյալի մշուշում
Ու չկան, ու չկան,
Աղջիկներ գեղեցիկ, որոնք իմն են եղել,
Էլ չկան, էլ չկան,
Միայն դու մնացիր,
Իմ ցնո՛րք իրական, 
Միայն մենք մնացինք՝ 
Իրար դեմ-հանդիման:
Ու որքան մոտենում,
Ես այնքան հեռանում եմ քեզնից,
Դու՝ երազ իմ անհաս,
Իմ ցնո՛րք իրական, 
Փախչում ես ինձանից,
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից,
Երբ քեզ կանչում եմ,
Արձագանք ես տալիս:

1972թ.

ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ

Խոսք՝ Սուրեն Գյուլխասյանի
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ, 
Իջեցրեց նավակը նա 
Գետակի ալիքների վրա:
 
Իմ փոքրի՜կ նավակ, 
Իմ փոքրի՜կ նավակ, 
Կհասնե՞ս, արդյոք, 
Ծովին կապուտակ:
 
Իմ փոքրի՜կ, փոքրի՜կ նավակ, 
Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում, 
Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում 
Գետի ալիքները խելագար:
 
Իմ փոքրի՜կ նավակ, 
Իմ փոքրի՜կ նավակ, 
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ:
 
Արեգակն անհետացավ, 
Ամպերի ետևն անցավ, 
Երկնքից անձրև թափվեց, 
Ու փոքրիկ գետակը վարարեց:
 
Իմ փոքրի՜կ նավակ, 
Իմ փոքրի՜կ նավակ, 
Դու հասա՞ր, արդյոք, 
Ծովին կապուտակ:
 
Թե՞ ճանապարհին 
Խորտակեց քամին, 
Եվ դու քնեցիր 
Գետի հատակին:

1986թ.

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ

Թափառաշրջի՛կ,
Թափառաշրջի՛կ, եղբա՛յր իմ,
Ո՞ւր են քեզ տանում 
Հոգնած ոտքերդ:
 
Թե կան հեռուներ, 
Հեռուները քո սրտում են,
Եվ քո խելագար
Խենթ հայացքում:
 
Եվ քո խելագար
Երազներում,
Եվ քո խելագար
Խենթ երգերում:
 
Թափառաշրջի՛կ, 
Ի՛նձ պարզիր քո ձեռքը 
Ու տար ինձ քեզ հետ,
Դու գտել ես ելքը,
Ազատ է տիեզերքը բոլորի համար:
 
Ե՛վ մեծահարուստ արքաների,
Ե՛վ մուրացկանի համար դժգույն,
Ե՛վ գեղեցկագույն տիկինների,
Ե՛վ թափառական ասպետների համար:
 
Ազատ է տիեզերքը բոլորի համար,
Ազատ է մոլորակն այս բոլորի համար,
Ազատ են ճամփաները բոլորի համար,
Ազատ է այս աշխարհը բոլորի համար:
 
Երբ կդադարի պտտվելուց
Այս հոգնած աշխարհը,
Մոլորակը պատերազմների:
 
Երբ կդադարի
Տոնական այս երթը,
Երթը տոնական մեռյալների: 
 
Թափառաշրջի՛կ,
Ի՛նձ պարզիր քո ձեռքը
Ու տար ինձ քեզ հետ,
Դու գտել ես ելքը:
 
Ազատ է տիեզերքը բոլորի համար,
Ազատ է մոլորակն այս բոլորի համար,
Ազատ են ճամփաները բոլորի համար,
Ազատ է այս աշխարհը բոլորի համար:

1980թ.

ՔՈ ՃԱՄՓԱՆ

Քո ճամփան՝ այնքան պարզ
Ու այնքան արևոտ,
Իմ ճամփան ծուռումուռ
Ու մի քիչ անձրևոտ:
 
Դու սիրում ես նայել
Օրվա բաց աչքերին,
Ես միայն հավատում եմ
Գիշերն աստղերին:
 
Դու ասում ես, որ գիշերը
Հարկավոր է քնել,
Ես գիշերն արթնանում
Ու փնտրում եմ երգեր:
 
Եվ եթե իմ երգերը
Քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ
Քեզանից, սիրելի՛ս: 
 
Դու ասում ես, որ կյանքում
Հարկավոր է պայքարել,
Բայց ես, թանկագի՛նս,
Հոգնել եմ, հոգնել: 
 
Դու ասում ես՝ սիրի՛ր
Ու կյանքին հավատա՛, 
Ես իմ մահն եմ փնտրում, 
Տե՛ս՝ շուտով նա կգա: 
 
Դու ասում ես՝ սիրի՛ր
Ու կազմի՛ր ընտանիք,
Բայց ես չեմ ուզում դառնալ 
Մի կնոջ խաղալիք:
 
Ես գիշերն, ինչպես միշտ,
Հարբած տուն կդառնամ
Ու շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան:
 
Եվ եթե իմ գործերը
Ընկնեն դատարան,
Ու եթե այնտեղից
Ես մի օր տուն դառնամ:
 
Ես շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան,
Երբ գիշերն, ինչպես միշտ,
Գինովցած տուն դառնամ:
 
Դու ասում ես, որ ես կյանքը
Դեռ չեմ հասկանում,
Որ ես քիչ եմ ստանում,
Որ ես շատ եմ ծախսում:
 
Ես գիտեմ, որ մարդիկ
Մի անգամ են ապրում,
Մի անգամ են սիրում,
Մի անգամ են մեռնում:
 
Եվ եթե մեզ Աստված
Թևեր չի ընծայել,
Նաև չի պարտադրել
Առնետի պես ապրել:
 
Եվ եթե այս տարի
Ճոխ չանցավ Նոր տարին,
Միևնույն է, գարնանը
Կծաղկի իմ այգին:
 

1978թ.

ԿԻԹԱՌ

Օրերը անցնում են՝ 
Հրելով մեկմեկու, 
Մեկ-մեկ՝ բութ, ձանձրալի, 
Մեկ-մեկ՝ լուռ, ահարկու... 
 
Գաղտնիքներն իմ սրտի 
Ես ո՞ւմ եմ պահ տալու, 
Առանց քեզ աշխարհում 
Ես ո՞նց եմ ապրելու:
 
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ, 
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական:
 
Ո՞վ է քեզ հնարել 
Հրաշքով մոգական՝ 
Այդքան նուրբ ու քնքուշ 
Ու այդքան տիրական:
 
Դա ասում ես՝ սիրի՛ր 
Այս աշխարհը դաժան, 
Ե՛վ մարդկանց արժանի, 
Ե՛վ մարդկանց անարժան: 
 
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ, 
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական:
 
Դու՝ անհույս օրերի 
Հուսալի իմ ընկեր, 
Երջանիկ պահերիս 
Սուրհանդակն ես դարձել:
 
Եղել են և կանայք, 
Եվ բազում ընկերներ, 
Բայց իմ նեղ օրերին 
Կողքիս դու ես եղել:
 
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ,
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական:
 
Երբ իջնում է հոգուս
Անթափանց մթություն,
Երբ թվում է, թե վերջ,
էլ չկա փրկություն,
 
Հրեշտակները պոկվում
Քո ոսկե լարերից,
Լույս տալիս խավարում
Ու հանգչում են նորից:
 
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ,
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական:

1982-1985թթ

ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ

Երջանկությո՛ւն, անցի՛ր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել:
 
Դու գալիս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը:
 
Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես:
 
Երջանկությո՛ւն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես:
 
Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր:
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ:
 
Երջանկությո՛ւն, անցի՛ր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել:

1968թ.

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Կեսգիշերը հյուսել է պարանը,
Լուսնեղջյուրը կախել երկնքից,
Ո՞վ շարժեց արծաթե վարագույրը,
Ո՞ւմ շշուկն արթնացրեց ինձ նորից:
 
Կեսգիշերը վառել է ջահերը,
Հեռացել են հյուրերը տանից,
Դատարկվել են բոլոր գավաթները,
Էլ չունեմ թասընկեր կարեկից:
 
Կեսգիշե՛ր, ե՛կ՝ հարբենք
Ու խոսենք բացակա տղերքից,
Ում Աստված շատ սիրեց
Եվ նրանց բաժանեց մեզանից:
 
Ինչ-որ մեկը պոկեց վարագույրը,
Ու լսվեց կրակոց անկյունից,
Խնայեց այս անգամ էլ ինձ մահը,
Կեսժպիտ հեռացավ ինձանից:
 
Կեսժպիտ համտեսեց նա այդ փաստը,
Խոժոռվեց գինու սև մրուրից,
Կարմրում է ճերմակ առագաստը,
Որ կարել են սիրո համբույրից: 
 
Կեսգիշե՛ր, ե՛կ՝ հարբենք,
Գլորվենք լուսնի հետ կտուրից,
Առաջվա պես պոկենք
Մեր համբույրը կյանքի շուրթերից:
 
Երգելով խոսելու դաժան ախտը
Ինձ դարձել է կյանքի ուղեկից,
Ի՞նչ արած, ես կերգեմ, դա է բախտս,
Շղթայված եմ ես իմ երգերից:
 
Միայն թե թո՛ւյլ տվեք ինձ ապրել կյանքս,
Մի՛ մտեք երգիս մեջ ձեռքերով, 
Եվ խնդրում եմ, որ դուք ձեր ոտքերը
Չսրբեք իմ գրած երգերով:
 
Կեսգիշե՛ր, ե՛կ՝ հարբենք
Ու խոսենք լավ ու վատ օրերից,
Ա՜խ, ի՜նչ շուտ հեռացան
Ընկերներս այս մութ աշխարհից:
 
Մի պտույտ էլ կանի շուտով մահը,
Կտանի ինձ էլ իր ետևից,
Կեսգիշերը անցավ, եկավ պահը
Երգելու վերջին երգն իմ կյանքից:
 
Ես փորձում եմ կանգնել, բայց ոտքերս
Թուլացել են գինու փրփուրից,
Արձակե՛ք ձեռքերիս շղթաները, 
Որ կապել են ինձ իմ երգերից:
 
Կեսգիշե՛ր, ե՛կ՝ հարբենք,
Համբուրվենք այս վերջին պտույտում,
Ինձ սպասում են այնտեղ,
Որտեղից երբեք ետ չեն դառնում:

1993թ.

ԱՄԵՆ ԻՆՉ ՇՈՒՏ ԿԱՆՑՆԻ

Ամեն ինչ շուտ կանցնի,
Ինչպես ներկայացում,
Լույսերը կվառվեն,
Ամբոխը կցրվի,
 
Միայն դու, դու կմնաս
Դատարկ-դատարկ բեմում,
Ինչպես մի ծաղրածու,
Որին ծափահարել են:
 
Քեզ ոչ ոք չի հիշի,
Ոչ ոք չի մոտենա,
Նրանք, ովքեր քեզ պետք են,
Վաղուց արդեն չկան:
 
Կորան, կորան, կորան
Բոլոր ուրախ օրերդ,
Մտերիմ ընկերներդ,
Վաղուց արդեն չկան:
 
Բոլոր ուրախ օրերդ,
Մտերիմ ընկերներդ,
Հավատարիմ կանայք
Վաղուց արդեն չկան:
 
Ամեն ինչ շուտ կանցնի,
Ինչպես ներկայացում,
Լույսերը կվառվեն,
Ամբոխը կցրվի:
 
Միայն դու, դու կմնաս
Դատարկ-դատարկ բեմում,
Ինչպես մի ծաղրածու,
Որին ծափահարել են:

1969թ.

ԽՈՍՔԵՐ

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
 
Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Նա, ով իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից:
 
Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան:
 
Եվ ես հանում եմ իմ երգերը
Մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը
Թաքնված են մեծերից:
 
Իսկ մանկությունը մի թռչուն է՝
Թելով կապված մեր սրտերից,
Թելը պոկվում է, նա թռչում է
Ու հեռանում է մեզանից:
 
Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
Մենք թաքցնում ենք մեր մտքերը,
Մենք թաքնվում ենք իրարից:
 
«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն
Ու հեռանում եմ այս խաղից:
 
«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն
Ու հեռանում եմ ձեզանից:
 
Ես թռցնում եմ իմ երգերն
Իմ մանկության կտուրներից,
Կողքիս բոլոր իմ ընկերներն են,
Բոլոր տղերքը՝ մեր թաղից:
 
Երգերիս բունն-աղավնատունը
Ես դատարկում եմ երգերից,
Ազատությունն է նրանց տունը՝
Թելով կապված մեր սրտերից:
 
Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին, իմ Էրևա՛ն,
Անտերուդուրս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական:
 
«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ Էրևա՛ն,
Արժեր հասնել աշխարհի ծերը, 
Որ էս բառերը հասկանամ:
 
Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
 
Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից:
 
Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան:
 

1994թ.

ԿԵՍԳԻՇԵՐ

Երազանքս քեզ նման քնքուշ աղջիկ էր,
Նա ուներ խենթ փայլը աչքերիդ,
Գարնան առավոտվա պես անուշիկ էր,
Ու դեմքին՝ գաղտնիքը հայացքիդ:
 
Լճակի խորքում վառվում էին աստղերը,
Այնտեղ, ուր վտառներն են ձկների,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Ով ինձ խենթացրեց կեսգիշերին:
 
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր, քո գործած ուռկանը բե՛ր,
Լճակի հայելում ջրահարս է հայտնվել,
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր:
 
Երազանքս՝ իմ թաքուն երջանկությունն էր,
Որ դու այրեցիր կեսգիշերին,
Լոկ մի ճիչ, իսկ հետո լռություն էր,
Ու ցրվեց վտառը ձկների:
 
Լճակի խորքում մեռնում էին աստղերը,
Քամին փշրել էր լճի հայելին,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Տեսա ու կորցրի կեսգիշերին:
 
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր, քո գործած ուռկանը բե՛ր,
Լճակի հայելում սիրահար է հայտնվել,
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր:
 
Ցրվեց մշուշը, հեռացավ և հուշը,
Աստղերն անհետացան լճի խորքում,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Տեսա ու կորցրի մի գիշերում:
 
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր, քո գործած ուռկանը բե՛ր,
Լճակի հատակում մեկն ինձ սեր է գուշակել:
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր:

1985թ.

ՁՅՈՒՆԸ

Ձյունը երկար սպասեց 
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, 
Ու ձայները լռեցին:
 
Ու հանկարծ գիշերվա մեջ 
Ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով 
Փաթիլներն իջան ցած:
 
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
 
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
 
Ու երազկոտ կտուրներին 
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
 
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
 
Ոսկեծամ գեղեցկուհի, 
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, 
Ա՜խ, շուտով կդադարի:
 
Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց 
Մեզ իր գիրկն է առնում:
 
Ձյո՜ւն, սպիտա՜կ ձյուն, 
Մեղքերիս բե՜ր թողություն, 
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ քնքշություն,
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ մանկություն:
 
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
 
Ու երազկոտ կտուրներին 
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:

1974թ.

ՆԱ Է ԻՄ ՄԻԱԿ ՍԵՐԸ

Դրամատիկ էտյուդ՝ գործող 5 անձանցով
 
Աղջիկ - Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը,
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ՝ դա դատարկ բան է:
 
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ:
 
Հեղինակ - Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում
Քայլում էր մի տղա՝ ձեռքերը գրպանում,
Սուլում էր ու ժպտում, չգիտես, թե ում,
Քայլում էր փողոցով, չգիտես, թե ով:
 
Տղա - Պատուհանիդ լույսը դեռ վառվում է,
Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է:
Պատուհանդ բա՛ց արա ու տես՝ 
Փողոցում կանգնած սպասում եմ ես,
Փողոցում կանգնած սպասում եմ ես քեզ:
 
Հեղինակ - Իսկ այդ ժամանակ աղջկա սենյակում
Տիրում էր կատարյալ իրարանցում,
Հայրիկը աղջկա՝ գիտության թեկնածուն,
Ասում էր մայրիկին՝ տնային տնտեսուհուն:
 
Հայր - Ա՜խ, նորից եկավ այդ հիմար լակոտը, 
Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը:
Ու առանց անդրավարտիք հայրիկը
Ասում էր՝ ա՛խ ես դրա... մայրիկը...
Լսում էր նրան...
 
Աղջիկ - Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը:
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ՝ դա դատարկ բան է:
 
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ:

1973թ.

ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ

Կնոջս՝ Նունուֆարին
 
Դու կարծում ես՝ այդ անձրևն է 
Արտասվում պատուհանիդ, 
Այդ ափսոսանքի խոսքերն են 
Գլորվում հատիկ-հատիկ:
 
Գլորվում են ու հոսում են, 
Ապակուց թափվում են ցած, 
Այս խոսքերը, որ լսվում են 
Իմ երգի մեջ ուշացած:
 
Ո՞ւմ է պետք խոստովանանքդ, 
Ափսոսանքդ ուշացած, 
Սերը քո մի հանելուկ էր 
Ու գաղտնիք էր չբացված:
 
Դա գուցե աշնան կատակն էր, 
Տերևներն էին դեղնած, 
Ծառուղում լուռ արտասվում էր 
Մի աղջիկ՝ մենակ կանգնած:
 
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:
 
Ես հիմա նոր հասկանում եմ՝ 
Անցյալը ետ չես բերի, 
Այս ամենը հատուցումն է 
Իմ գործած հին մեղքերի:
 
Այն աղջիկը և աշունը 
Բախտն էր իմ, որ կորցրի, 
Դա ջահել իմ խենթությունն էր, 
Որ երբեք ինձ չեմ ների:
 
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:
 
Ես գիտեմ՝ երջանկությունը 
Մի անգամ է այցելում, 
Իսկ հետո, երբ հեռանում է, 
Այցետոմսն է իր թողնում:
 
Ու հետո ամբողջ կյանքում մեր 
Մենք նրան ենք որոնում, 
Այն հասցեն, որ նա թողնում է, 
Երբեք ոչ ոք չի գտնում:
 
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:

1984թ.

ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻՐ

Եթե իմանայիր՝
Որքան եմ լաց եղել ես
Քո գնալուց հետո,
Որքան եմ քեզ փնտրել,
Եթե հավաքեին
Իմ բոլոր արցունքները
Ու սարքեին մի լիճ,
Ուր լողային աստղերը,
Եթե այնտեղ գային
Բոլոր սիրահարները
Ու նրանց պատմեին 
Սիրո մասին աստղերը,
Նրանք կիմանային,
Որ սերը մի գիշեր է.
Երբ կորչում են աստղերը,
Կորչում է նաև սերը:

1970թ.

ԿԱՊՈՒՅՏ ՆԺՈՒՅԳՆԵՐ

Բայց կանցնեն այս օրերը ուրախ,
Կսահեն ժպիտները քո մեղմ,
Հովի պես իմ հոգին շոյելով, կկորչեն:
 
Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա,
Եվ հեքիաթն անիմաստ ու անմիտ կթվա,
Ու անմիտ կթվա քո աչքին:
 
Երջանիկ այս պահերն իմ, Աստվա՛ծ,
Ես գիտեմ, թե ինչու ես տվել.
Որ դրանք մեզանից դու խլես, դրանց տեղ
Բաժանես կարոտներ:
 
Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում,
Թափառում ու փնտրում...
Թափառում ու փնտրում են իրար:
 
Երբ գիշերն է իջնում մեզ վրա,
Մեր աչքերն են փակվում,
Մեր կապույտ նժույգները մեզնից հեռանում
Ու փնտրում են իրար:
 
Եվ այնպես կամացուկ,
Որ հանկարծ չարթնանանք,
Մեզ թողնում են նրանք
Ու դանդաղ հեռանում...
Ու դանդաղ հեռանում մեզանից:

1970թ.

ՇԱՏԱԽՈՍ ԱՆՁՐԵՎԸ

Մի օր ես քեզ կտեսնեմ
Պատուհանի մոտ կանգնած,
Երբ անձրևը կթափվի
Մայթերի վրա հոգնած:
 
Շատախոս անձրևը, 
Շատախոս անձրևը,
Երկնքից թափվում է ցած,
Նա ինձ հիշեցնում է, 
Նա ինձ հիշեցնում է
Երջանիկ օրերն անցած:
 
Ես անձրևի ձայնը լսելիս
Հիշում եմ մեզ, իմ սիրելի՛ս,
Անձրևի տակ համբուրվելիս:
 
Շատախոս անձրևը, 
Շատախոս անձրևը,
Երկնքից թափվում էր ցած,
Նա մեզ հետ երգում էր, 
Նա մեզ հետ երգում էր՝
Երջանկությունից հարբած:
 
Մարդիկ՝ կեղծ ու բարեպաշտ,
Մեղավոր են անկասկած,
Որ քաղաքը լի է միշտ
Բամբասանքներով անվարձ:
 
Եվ մեր քնքուշ սերը
Անձրևի պես, սե՛ր իմ, 
Ցեխոտ մայթերին մնաց:
Եվ մեր քնքուշ սերը, 
Եվ մեր երդումները,
Ա՜խ, կեղտոտվեցին հանկարծ:

1988թ.

ԼՈՒՌ ՔԱՅԼՈՒՄ Է ՏՂԱՆ

Լուռ քայլում է տղան,
Եվ հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց
Իր սիրած աղջկան,
Որը, իմ կարծիքով,
Պարզապես մի պոռնիկ էր:
Նա իր սերը ծախեց
Ու գնաց ռեստորան,
Մի՛ տխրիր, ի՛մ ընկեր,
Նա կոշիկդ չարժեր, 
Եվ հիմար կլինես դու,
Եթե կարծես, որ
Կորցրել ես մի գանձ,
Որ երբեք չես գտնի.
Պարզապես նա տիկնիկ էր՝
Գեղեցիկ հագնված
Եվ այնքան գեղեցիկ ժպիտով,
Որ, ափսո՜ս, դա նրա... սեփականն էր.
Միշտ այդպես է լինում,
Երբ կատվին չափից շատ են սիրում,
Փաղաքշում ու խաղում նրա հետ,
Նա ճանկերն է խրում
Ու, պոչը շարժելով, կամացուկ հեռանում.
Միշտ այդպես է լինում,
Մեզ թողնում են նրանք,
Ում համար մենք պատրաստ ենք
Անել ամեն ինչ.
Եվ թողնում են այնպես,
Որ, կարծես, թե ոչինչ չի եղել,
Որ, կարծես, թե ամեն ինչ կարգին է:
Լուռ քայլում է տղան,
Եվ հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց
Իր սիրած աղջկան,
Որը, իմ կարծիքով,
Պարզապես մի տիկնիկ էր:

1967թ.

ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ՍԵՐ

Իսկ ծովի վրա մակույկ է լողում,
Լուսնի արահետ, փայլող ալիքներ,
Ծովափին մարդիկ ձևեր են թափում,
Հիշի՛ր՝ սա վերջին իրիկունն է մեր:
 
Այս կուրորտային փոքրիկ քաղաքում
Խաղում են մարդիկ մշակված դերեր,
Այստեղ իսկապես իրար չեն սիրում,
Ափսո՜ս՝ սա վերջին իրիկունն է մեր:
 
Դե՜, մնա՜ս բարով, քնքո՜ւշ շիկահեր, 
Եղի՛ր երջանիկ, էլ չենք հանդիպի,
Մենք պետք է թռչենք տարբեր քաղաքներ,
Փողերս պրծան, արցունք մի՛ թափի:
 
Ծովը վաղուց է հաշիվը կորցրել
Ափին մոռացված սիրո խոսքերի,
Որքա՜ն զույգեր են այստեղ համբուրվել, 
Ինչպես ափի հետ՝ ալիքը ծովի:
 
Կյանքը կրկնվող երազ է թվում,
Ե՛կ՝ փոխանակենք հասցեները մեր,
Արդեն գեղեցիկ բառեր ենք փնտրում,
Ափսո՜ս, սա վերջին հանդիպումն է մեր:
 
Իսկ ռեստորանում ջութակը հանկարծ
Ինչ որ բան հիշեց կամ էլ ափսոսաց,
Եվ ջութակի հետ կիթառը զնգաց,
Գուցե սե՞ր է սա, այլ ոչ թե արկած: 
 
Իսկ ծովի վրա մակույկ է լողում,
Լուսնի արահետ, փայլող ալիքներ,
Ծովափին մարդիկ դերեր են խաղում,
Դե՜, մնա՜ս բարով, ծովափնյա՜ իմ սեր:

1983թ.

ԻՄ ՍՊԻՏԱԿ ԱՂԱՎՆԻՆ

Սերն իմ՝ իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում, ի՛մ անգին, 
Նրան դեմ է ելել չար քամին,
Բայց թռչում է դեռ իմ աղավնին:
 
Հույսն իմ՝ իմ սպիտակ աղավնին,
Մոլորվել է օդում, ի՛մ անգին, 
Ա՜խ, թևերը հոգնել են նրա, 
Վախենամ, թե նա քեզ չհասնի:
 
Բայց թռչում է դեռ իմ աղավնին,
Քամու դեմ կռվելով, ի՛մ անգին,
Ու ինչքա՜ն էլ փչի չար քամին, 
Նա կիջնի քո քնքո՜ւշ ձեռքերին:
 
Լույսն իմ մարելու եզերքին
Քեզ համար է վառվում, ի՛մ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին 
Ու հանգչել, ու հանգչել քո դեմքին:
 
Երգն իմ՝ իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում, ի՛մ անգին, 
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Ու հանգչել քո քնքուշ ձեռքերին:

1979թ.

ՀԵՔԻԱԹ N

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջի՛ն ու վերջի՛ն սեր, 
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, 
         Ճակատագրից,
                  Ճակատագրից պոկված նվե՛ր:
 
Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր,
Տե՛ս՝ կորցրել եմ քաջությունս, 
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, 
         Բայց նա է հենց,
                  Բայց նա է հենց երջանկությունս:
 
Ես կորցրել եմ ճերմակ ձիս՝
Իմ ոսկեթամբ ժառանգությունը, 
Ինչպե՞ս ելնեմ այս անտառից, 
Երբ կորցրել եմ, 
         Երբ կորցրել եմ,
                  Երբ կորցրել եմ ուղղությունս:
 
Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց, 
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ինձ ժպտաց,
         Բայց ինձ փրկեց,
                  Եվ ափ հանեց հաջողությունը:
 
Մի կո՛ղմ թողեք անմիտ վեճերը՝
Աննպատակ ու անտեղի,
Խառնել եմ իմ մտքի էջերը
Եվ ճիշտ հասցեն,
         Եվ ճիշտ հասցեն,
                  Եվ ճիշտ հասցեն իմ այս տեղի:
 
Ես իջեցրել եմ իմ դրոշը՝
Հպարտություն կոչվող նավի, 
Վիճակը իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, 
         Պարտության մեջ եմ,
                  Պարտության մեջ եմ կամովի:
 
Ահա՛ իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի, 
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, 
         Երգի նման,
         Երգի թևով կփոխանցվի:
 
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քա՜ղցր թույն, ի՜մ սրտակեր, 
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, 
         Ճակատագրից,
                  Ճակատագրից պոկված նվե՛ր:

1994թ.

ՀԵՔԻԱԹ 2

Կկատարվեն բախտագուշակ կնոջ խոսքերը,
Եվ երջանիկ արքայորդին քեզ կայցելի,
Եվ պարտեզում, որտեղ բացվել են ծաղիկները,
Նա քեզ քնքո՜ւշ, այնպե՜ս քնքուշ կհամբուրի:
 
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ վարագույրը գիշերվա կանհետանա,
Երբ քո սրտում կդողդողա թռչնակ կարոտը,
Այնժամ գարունը ցանկալի այցի կգա:
 
Արի ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները,
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես:
Արի՛ ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է, 
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես:
 
Երբ կփակվեն քո դեմ բախտի բոլոր դռները,
Երբ որ դառնաս դու բոլորին անցանկալի,
Երբ կվխտան քո շուրջ մարդկանց անհոգ դեմքերը,
Այնժամ դու ինձ քեզ մո՛տ կանչիր, ի՛մ սիրելի,
 
Դու քո մտքում պահիր գուշակ կնոջ խոսքերը
Ու հավատա ճակատագրի կախարդանքին,
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ կսպասի քեզ երջանիկ արքայորդին:
 
Արի՛ ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները, 
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես,
Արի՛ ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է, 
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես:

1983թ.

ԲԱԺԱՆՈՒՄ

Գուցե նորից մենք հանդիպենք,
Պետք չէ՛ բախտից առաջ ընկնել.
Գուցե դառնաս դու երջանիկ
Ուրիշի հետ, քնքո՜ւշ իմ սեր:
 
Դու դեռ անփորձ ես ու փոքրիկ,
Դու դեռ խաղում ես կյանքի հետ,
Երես առած պստիկ փիսի՛կ,
Քնքո՜ւշ իմ սեր:
 
Եվ ես այսօր թողնում եմ քեզ,
Դա ինձ համար այնքա՜ն դժվար է, 
Եվ ես սեղմում եմ ատամներս,
Որ չխոսեմ, բայց անհնա՜ր է:
 
Ի՛մ սեր, այսօր թողնում եմ քեզ, 
Եվ ես փակում եմ իմ աչքերը,
Որ չմատնեմ հոգուս խռովքը,
Բայց ինձ համար այնքա՜ն դժվար է 
Պահել խոսքերն այս իմ սրտում:
 
Դու ինձ ասում ես՝ կսպասեմ՝
Չիմանալով, որ դա երկար է,
Դու ինձ ասում ես՝ կսպասեմ՝
Չկարծելով, որ դա դժվար է:
 
Ու անհնար է քեզ համար,
Չէ՞ որ այնքա՜ն դու գեղեցիկ ես, 
Եվ դեռ փոքրիկ ես ու անփորձ,
Եվ կյանքը դեռ դու չգիտես:
 
Քեզ կսիրեն շատ տղաներ,
Ընտրի՛ր նրան, ով որ արժանի է, 
Իսկ ինձ համար դու կաղոթես,
Եթե երբեմն ինձ հիշես:

1967թ.

ԿԱՆՉԻՐ ԻՆՁ ՔՈ ԴՂՅԱԿԸ

Կանչի՛ր ինձ քո դղյակը, և ես կգամ:
Վերջի՜ն, վերջի՜ն անգամ կխոստանամ
Չհարբել, չհայհոյել քեզ, չաղմկել,
Կանչի՛ր ինձ քո դղյակը, և ես կգամ:
Մաքո՜ւր, մաքո՜ւր, ինչպես ոչ մի անգամ,
Ես կհագնեմ կոստյումը իմ տոնական,
Ներս կմտնեմ ու հայրիկիդ մեղմ կժպտամ,
Ու մայրիկիդ կցանկանամ առողջություն,
Հայրիկիդ հետ ես կխոսեմ պատերազմից,
Ու կփորձեմ քո մայրիկի կարկանդակները,
Իսկ հետո լուռ ու ամոթխած կպապանձվեմ,
Ու ծնողներդ իմաստուն կհասկանան,
Որ եկել եմ քեզ ուզելու, ի՛մ աննման, 
Ու նրանք լուռ ջահելներից կհեռանան,
Ու նրանք լուռ ու առանց մեզ կուրախանան:
Նրանք երբե՜ք, նրանք երբե՜ք չեն հասկանա, 
Որ այս փեսան նույն խելագարը կմնա:
Կանչ՛իր ինձ քո դղյակը, բայց մի մոռանա,
Որ դղյակիդ պատերի մեջ չեմ դիմանա,
Եվ եթե դու սիրում ես ինձ ոչ տոնական, այլ իսկապես,
Ես քեզ մեկ-մեկ կհայհոյեմ առաջվա պես:

1971թ.

ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁ

Ճանապարհը բաց է, քո աչքերը թաց են,
Հարսանիքից պետք չէ վախենալ,
Պետք է օրենքով երջանկանալ:
 
Ճանապարհը բաց է. արգելման նշանը
Չի խանգարում մեզ առաջ շարժվել
Եվ դառնալ սիրող ամուսիններ:
 
Կտրուկ շրջադարձ՝ մի քիչ ձախ, հետո՝ աջ,
Մեզ սպասում է համեստ առօրյան,
Կտրուկ շրջադարձ՝ մի քիչ ձախ, հետո՝ աջ,
Եվ մենք տանն ենք արդեն հայրական:
 
Տանը հավաքվել են մեր բարեկամները
Ու մեր ընկերները մանկության.
Մենք ենք կենտրոնում ուշադրության:
 
Հյուրերը հարբել են ու մեզ մոռացել են,
Ոչ ոք չի ուզում մեզ հասկանալ,
Որ ուզում ենք մենք առանձնանալ:
 
Հարբած թամադան մի կենաց է ասում,
Որ նույնիսկ ինքը չի հասկանում,
Իսկ հյուրերը իրենց այնքան լուրջ են պահում,
Որ ասես մեզ հողին են հանձնում:
 
Զույգ ծաղիկների կենացը ծաղկացրին,
Մեր ծնողների կենացը թանկացրին,
Հանգուցյալ պապիկներին առանձնացրին (հողը թեթև լինի),
Կենդանի տատիկներին երջանկացրին:
 
Կեսգիշերն անցել է, բոլորը գնացել են,
Եվ մեզ հատկացված ննջարանում
Մենք պառկել ենք, ոնց որ դագաղում:
 
Ի՞նչ մի դժվար բան է. արդեն օրինական է 
Կողք-կողքի պառկել ու համբուրվել,
Կողք-կողքի, կողքի պառկել ու...
 
Կտրուկ շրջադարձ՝ մի քիչ ետ, քիչ առաջ,
Ողջ աշխարհն է մեզ հետ օրորվում,
Եվ այսպես կարգապահ՝ ոչ գաղտնի, այլ լեգալ
Հանդիպում ենք գիշերը իրար...

1984թ.

ԼՈՒՍԱԲԱՑ

Լուսաբացի քաղցրի՛կ թռչուն,
Չերգե՜ ս մինչև աստղերի չուն,
 
Վառվե՛ք, աստղե՛ր, երկնքում վառ,
         Վառվե՛ք երկար:
                  Գիշե՛ր,
Ձգվի՛ր մինչև հավերժություն,
                  Գիշե՛ր,
Ձգվի՛ր մինչև հավերժություն:
 
Երկնեց երկիր, երկնեց երկինք,
Այրվեց շղարշը աստղերի,
 
Ծնվեց մանուկն առավոտվա,
Որ օր դառնա:
                  Գիշե՛ր,
Սերը չվեց աստղերիդ հետ:
                  Գիշե՛ր,
Սերը չվեց աստղերիդ հետ:
 
Մո՜ւթ գիշեր, սիրո՜ գիշեր,
Ձգվի՜ր մինչև հավերժություն, 
 
Մի՛ երգիր, լուսաբացի
Քաղցրի՛կ թռչուն, քաղցրի՜ կ թռչուն:
 
Լուսաբացի քաղցրի՜ կ թռչուն,
Չերգե՜ ս մինչև աստղերի չուն,
 
Վառվե՜ ք, աստղե՛ր, երկնքում վառ,
         Վառվե՛ք երկար:

1987թ.

ԳԻՇԵՐԸ

Գիշերը,
Երբ քնած կլինես, ի՛մ սեր,
Կամացուկ,
Որ հանկարծ չարթնանաս, ի՛մ սեր,
 
Ես կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, ի՛մ սեր,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս:
 
Ես կգողանամ լուսինը այս գիշեր քեզ համար
Ու կգլորեմ նրան կտուրների վրայով,
Ու կփշրվեն աստղերը կապույտ երկնքում,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, ի՛մ սեր:
 
Իսկ ես, անուշի՛կս, կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով, 
Իսկ ես, անուշի՛կս, կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով:
 
Գիշերը,
Երբ քնած կլինես, ի՛մ սեր,
Կամացուկ,
Որ հանկարծ չարթնանաս, ի՛մ սեր,
 
Ես կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, ի՛մ սեր,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս:

1973թ.

ԼՈՒՍՆԻ ԱՂՈՏ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ

Լուսնի աղոտ արտացոլումն
Աչքերիդ մեջ, աչքերիդ մեջ,
Դեմքիդ ժպիտը հուսահատ,
Հուսահատ ու խեղճ, հուսահատ ու խեղճ...
 
Ես այսօր թողնում եմ քեզ, ի՛մ սեր,
Ու հեռանում,
Իմ սրտում այսօր մի նոր վերք է
Ավելանում:
 
Իմ սերը կոտրված ճյուղի,
Կոտրված ճյուղի, ճյուղի նման
Օրորվում է աշնան քամուց,
Աշնան քամուց, աշնան քամուց:
 
Ա՜խ, քամի՛, քամի՛, պոկի՛ր իմ սերն առանց ցավի,
Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի, 
Թող վերքը ցավ չպատճառի,
Ծառին թող ցավ չպատճառի:
 
Ա՜խ, գոնե ձա՛յն հանիր,
Դե՛, թեկուզ լա՛ց եղիր, բայց այդպես մի՛ նայիր...
Ա՜խ, գոնե ձա՛յն հանիր, դե՛, թեկուզ լա՛ց եղիր,
Բայց այդպես մի՛ նայիր, բայց այդպես մի՛ նայիր...
 
Աստղերը չռել են աչքերը
Ու նայում են ապշած մեզ վրա,
Մի՛ սպանեք, մի՛ սպանեք ձեր սերը,
Դուք երկրորդը էլ չեք ունենա: 
 
Իմ սերը կոտրված ճյուղի,
Կոտրված ճյուղի, ճյուղի նման
Օրորվում է աշնան քամուց,
Աշնան քամուց, աշնան քամուց:

1972թ.

ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ

Ամուսինդ, տիկի՛ն, խռռացնում է քնում,
Շուռումուռ է գալիս անկողնում, 
Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից
Եվ ինձ հյուր եք եկել երազում:
 
Դուք հիշել եք, տիկի՛ն, մեր սիրո ծառուղին, 
Ուր եղյամն է հիմա փայլփլում: 
Ես հիշում եմ, տիկի՛ն, այն քնքուշ օրիորդին
Իմ հեռու-հեռավոր հուշերում:
 
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Ե՛վ տղաներիդ խենթ ու խելառ, ի՛մ Էրևան,
Ե՛վ աղջիկներին քո աննման:
 
Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկի՛ն,
Ձեր ճնշումն է դարձյալ բարձրացել,
Ձեր ճնշումը, տիկի՛ն, ոչ ոք չի իջեցնի,
Ձեզ, ավա՜ղ, ոչ մի դեղ չի փրկի:
 
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք ազատում:
Դուք փակված եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք ազատում:
 
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Ե՛վ տղաներիդ խենթուխելառ, ի՛մ Էրևան,
Ե՛վ աղջիկներին քո աննման: 
 
Իսկ հիշո՞ւմ եք, տիկի՛ն, մեր սիրո ծառուղին,
Կարուսելը մեր հին ու այգին,
Կարուսելը մեր հին պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո մեղեդին:
 
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Ե՛վ տղաներիդ խենթուխելառ, ի՛մ Էրևան,
Ե՛վ աղջիկներին քո աննման:

1992թ.

ՍԱ ԷՐԵՎԱՆՆ Է

Ի՜նչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է, 
Նա ինձ հուշել է անհուշելին,
Նա է իմ հույսը, անտարակույսը, 
Նա է իմ լույսը մութ գիշերին:
 
Նա, ով եկել էր, կյանքս բեկել էր, 
Բախտս թեքել էր ինքն իր բախտին,
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, 
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
 
Նե՛րս արի, նե՛րս արի, ի՞նչ ես կանգնել, 
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
 
Սա Էրևանն է, այստեղ դու տանն ես, 
Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին:
Ուր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են, 
Կամ հիշեցնում են անհիշելին:
 
Նե՛րս արի, նե՛րս արի, ի՞նչ ես կանգնել, 
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
 
Սա քո փողոցն է, կյանքիդ դպրոցը, 
Ուր քեզ հիշում են, դեռ չեն մոռացել:
Սա քո փողոցն է, կյանքիդ դպրոցը, 
Ուր քեզ հիշում են, դեռ չեն մոռացել:
 
Ի՜նչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է, 
Նա ինձ հուշել է անհուշելին, 
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, 
Սերը քնքուշ էր կեսգիշերին:

1995թ.

ԵՐԲ ՉԿԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐ

Երբ չկային բարձրահարկ շենքեր,
Երկինքը շա՜տ էր, շա՜տ էր մեծ,
Եվ աստղերը, պայծառ աստղերը
Ներկայացում էին սարքում ամեն գիշեր:
 
Երբ մեծացա, շենքերը բարձրացան,
Երկինքը մոտեցավ տխուր շենքերին,
Երկինքը խլեցին բարձրահարկ շենքերը,
Աստղերը մեզանից հեռացա՜ն, հեռացա՜ն:
 
Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ,
Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ:
 
Կապույտ երկինք, կանաչ արև,
Բակում կային անթիվ ճերմակ աղավնիներ,
Թռչում էին նրանք կապույտ երկինքն ի վեր
Եվ իրենց հետ բերում ուրիշ աղավնիներ:
 
Մի օր հանկարծ շենքերը բարձրացան,
Աղավնիները մի օր ետ չդարձան,
Մի օր հանկարծ շենքերը բարձրացան,
Եվ մարդիկ հանկարծ փոքրացան, փոքրացան:
 
Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ,
Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ:

1973թ.

ԻՄ ՓՈՔՐԻԿ ԸՆԿԵՐ

Իմ փոքրի՛կ ընկեր, երազկո՛տ ընկեր,
Ո՞ւր ես գնում, 
Եվ ոտքերը քո, քո ոտքերը քեզ
Ո՞ւր են տանում: 
Մի՞թե չեն հոգնել, մի՞թե չեն թուլացել
Քայլելուց,
Եվ աչքերը քո մի՞թե չեն փակվում
Անքուն մնալուց:
 
Աստղազարդ է երկինքը շենքերից վերև,
Եվ ես կքայլեմ դեռ մինչև ուշ գիշեր:
 
Փողոցում հիմա, բացի շներից,
Ոչ ոք չկա,
Ի՞նչ ես կորցրել դատարկ քաղաքում,
Փոքրի՛կ տղա: 
Ի՞նչ ես կորցրել ու ի՞նչ ես փնտրում
Այս կողմերում,
Իմ փոքրի՛կ ընկեր, դու շրջում ես դեռ 
Իմ երգերում:
 
Աստղազարդ է երկինքը շենքերից վերև,
Եվ ես կքայլեմ դեռ մինչև ուշ գիշեր:
 
Իմ ընկե՛ր միայնակ ու փոքրի՛կ ընկեր,
Տե՛ս՝ խամրել են աստղերը, գիշերն ու քո սերը 
Կանցնեն շատ շուտով, կգան ուրիշ օրեր,
Հոգսերի ու տխուր մտքերի գիշերներ,
 
Կհիշե՞ս դու արդյոք այս գիշերը,
Գիշերը, աստղերը և փոքրիկ քո սերը,
Գիշերը, աստղերը և փոքրիկ քո սերը:
 
Աստղազարդ այն երկինքը ու փոքրիկ այն տղան
Ինձանից հեռացել են և արդեն էլ չկան:

1976թ.

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ, ՍԻՐԵԼԻՍ, ԻՋՆԵԼ ՓՈՂՈՑ

Սիրելի ընկերոջս՝ Հասմիկ Մելիքյանին
Թո՛ւյլ տուր, սիրելի՛ս, իջնել փողոց,
Հենց էսպես՝ առանց անձրևանոց... 
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:
 
Իսկ մարդիկ փակվել են տներում՝
Իրենց փայփայած օջախներում,
Մարդիկ, տե՛ս, ուտում են, հետո կուշտ գխտում են,
Հաստաոռ կանայք, տե՛ս, բամբասում են.
Տելեվիզորով դեռ չի սկսվել կինոն:
 
Դիմացի պատուհանից մի կին
Վախեցած նայում է լվացքին,
Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը
Կարծես թե ուրախ է ու զվարթ.
Անձրևը լվացել է նրա «Ժիգուլին»:
 
Թո՛ւյլ տուր, սիրունի՛կս, իջնել փողոց՝
Առանց անձրևանոց,
Քայլել անձրևի տակ հենց էսպես՝ աննպատակ,
Աշնան վերջի՜ն, վերջի՜ն անձրևի տակ,
Վազել, մտնել ուղիղ դպրոցի բակ:
 
Այնտեղ բոլոր իմ ընկերներն են,
Այնտեղ չունեմ թշնամիներ,
Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է,
Այնտեղ չկան կեղծ ժպիտներ:
 
Այնտեղ ընկերդ չի լքի,
Երբ քեզ պատժել են անտեղի,
Այնտեղ կեղծիքը չի անցնի,
Եվ նույնիսկ սերը իսկական է:
Եվ իսկական է մարդկությունը,
Որը հիմա շատ հազվագույտ հիվանդություն է:
 
Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան
Իմ ընկերները իսկական.
Ի՜նչ ահավոր բանտարկություն է
Ընտանեկան երջանկությունը:
 
Թո՛ւյլ տուր, սիրելի՛ս, իջնել փողոց,
Հենց էսպես՝ առանց անձրևանոց... 
Կատաղած անձրևը, սառն անձրևը,
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:

1977թ.

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՂՋԻԿ

Մաքուր ու պարզ այս աշխարհում
Մենք մաքուր չմնացինք,
Տե՛ս՝ ես դարձել եմ հարբեցող,
Իսկ դու՝ փողոցային աղջիկ:
 
Փողոցային աղջիկ, ի՛մ սեր,
Այս երգը քեզ եմ նվիրում,
Ինչպես անխախտ սիրո երդում,
Սա քեզ համար եմ ես երգում:
 
Երեկոյան այգում
Կհավաքվեն, կհավաքվեն զույգեր,
Նվագախումբը ծեր կնվագի վալսեր
Եվ կպարի աշնան թափվող տերևների հետ միասին:
 
                  Մենք վերջին անգամ
 
Կհեռանանք, կհեռանանք այգուց,
         Աշնան հետ միասին մենք կթողնենք այգին,
                  Եվ մեր քայլերը կլսվեն
                           Հեռու ու խուլ նրբանցքներում:
 
Հեռու ու խուլ նրբանցքներում
Ես կորցրի քեզ, սիրելի՛ս,
Ես կորցրի աշնան այգին,
Եվ վալսը հին դարձավ հեռու հիշողություն:
 
Փողոցային աղջիկ, ի՛մ սեր,
Այս երգը քեզ եմ նվիրում,
Ինչպես անխախտ սիրո երդում,
Սա քեզ համար եմ ես երգում:
 
Երեկոյան այգում
Կհավաքվեն, կհավաքվեն զույգեր,
Նվագախումբը ծեր կնվագի վալսեր
Եվ կպարի աշնան թափվող տերևների հետ միասին:
 
Կուզենայի տեսնել քո դեմքը,
Տեսնել դեմքը քո նորից,
Մի անգամ էլ համբուրել քեզ
Ու հեռանալ այս աշխարհից:
 
Փողոցային աղջիկ, ի՛մ սեր, 
Այս երգը քեզ եմ նվիրում,
Ինչպես անխախտ սիրո երդում,
Սա քեզ համար եմ ես երգում:
 
Երեկոյան այգում
         Կհավաքվեն զույգեր,
                  Եվ նվագախումբը ծեր
                           Կնվագի վալսեր:

1975թ.

Օ՜, ՍԱ ԻՄ ՀԻՆ ՓՈՂՈՑՆ Է

Օ՜, սա իմ հին փողոցն է, 
Ուր ունեի ես ընկերներ,
Այստեղ կապույտ իմ մանկությունն է,
Բաց երկնքում՝ աղավնիներ:
 
Ա՛յ, հե՛նց էստեղ մեր բակն էր, 
Ուր նոր շենքեր են բարձրացել,
Իմ ընկերներն արդեն փոխվել են,
Նրանց դժվար է ճանաչել:
 
Փոշոտ ու մութ ձեղնահարկից
Մենք մեր զենքերն էինք հանում,
Երբ հարևան թաղերի հետ
Մենք կռիվներ էինք անում:
 
Փոշոտ ու մութ ձեղնահարկից
Մի օր տղերքը ցրվեցին,
Բոլորովին ուրիշ կռվի...
Նրանք հանկարծ պատրաստվեցին:
 
Ոմանք, իհարկե, փոխվեցին,
Ոմանք, իհարկե, դիմացան,
Ոմանք, իհարկե, սողացին,
Լավագույններն անհետ կորան:
 
Հիմա նրանք արդեն չկան՝
Իմ ընկերները իսկական,
Գուցե նրանք ինձ մոռացան,
Ինձ մոռացան ու հեռացան:
 
Օ՜, սա իմ հին փողոցն է, 
Ուր ունեի մի քնքուշ սեր,
Բայց նա վաղուց ամուսնացել է
Եվ ունի շատ երեխաներ:
 
Երեկոյան մթության մեջ
Մեր փողոցի փոքրիկ այգում
Ես խոստումներ էի տալիս
Ու համբույրներ էի պոկում:
 
Գաղտնիքը այդ բակը գիտեր,
Գաղտնիքը այդ պիտի բացվեր,
Քո մայրը, վաղ, թե ուշ, մի օր
Մեր տանը պիտի հայտնվեր:
 
Այն ժամանակ քեզ, սիրելի՜ս, 
Շատերն էին սիրահարվում,
Քո պատճառով, ի՛մ սիրելի,
Կռիվներ շատ էին լինում:
 
Դրանց մասին, քնքո՜ւշ իմ սեր,
Դու նույնիսկ չես էլ իմացել,
Քո պատճառով սարքած կռվում
Ես մի ատամ եմ կորցրել:
 
Ա՛յ, հենց էստեղ մեր բակն էր, 
Բակը ուներ իր գաղտնիքներն,
Այստեղ էր միշտ մեր թաղայինը,
Ղուշբաս Անդոն և ուրիշներ:
 
Թե լույսի մարդը հայտնվեր,
Այդ լուրն իսկույն կտարածվեր,
Եվ ով որ լույս էր գողանում,
Իր դուռը պետք է պինդ փակեր:
 
Բակում կային անվերջ վեճեր,
Բակում կային հաշտություններ,
Բակում կային կասկածելի,
Դեռ չստուգված բամբասանքներ:
 
Բակը ուներ ծիծաղելի
Ու տարօրինակ պատմություններ,
Եթե դրանք ես թվարկեմ,
Կարող է երգը երկարել:
 
Թե այս երգից դուք ձանձրանաք,
Ես նոր երգեր կհորինեմ,
Եվ իմ կողքին առաջվա պես
Իմ ընկերները կլինեն:
 
Իմ ընկերները մանկության,
Իմ ընկերները իսկական
Առաջվա պես ինձ մոտ կգան,
Առաջվա պես ինձ մոտ կգան:

1982թ.

ՀԻՆ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Հին դաշնամուրը լռում է այսօր,
Հին դաշնամուրը էլ չի նվագում,
Հանգել են լույսերը հյուրասենյակում,
Շարժվում են ստվերները, շարժվում են, շարժվում:
 
Եվ դաշնամուրը, լքված անկյունում,
Ինքն իրեն հետ ասես միտք է անում,
Գուցե հիշել է այն հին մեղեդին,
Այն տոնական ու հպարտ վալսը հին:
 
Վալսի հին, մոռացված
Հնչյունները կրկին
Պտտվում ու պարում են
Դատարկ սենյակում:
 
Հին դաշնամուրը հոգնել է արդեն,
Հին դաշնամուրը էլ չի նվագում,
Պարում են ստվերները դատարկ սենյակում,
Եվ հին դաշնամուրը երազ է տեսնում:
 
Տեսնում է պարող սիրահար զույգերին,
Ջահել և ուրախ իր տանտերերին,
Հյուրասենյակը լցվում է լույսով
Եվ երջանիկ ու ուրախ ձայներով:
 
Վալսի հին, մոռացված
Հնչյունները կրկին
Պտտվում ու պարում են
Դատարկ սենյակում:
 
Հին դաշնամուրը լռում է այսօր,
Հին դաշնամուրը էլ չի նվագում,
Դաշնամուրին ոչ ոք չի մոտենում,
Նա անպետք իր է արդեն սենյակում:
 
Եվ մի խոնավ ու տխուր առավոտ,
Երբ դեռ քնած էր քաղաքն անձրևոտ,
Հին դաշնամուրը փողոց են հանում,
Հին դաշնամուրն էլ չի նվագում:
 
Վալսի հին, մոռացված
Հնչյուններն են լսվում
Եվ աշնան քամու հետ
Փողոցով հեռանում:

1979թ.

ԲԱՐԻ ԼՈՒՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ

Երախտագիտությամբ՝
Ուստա Մարտիրոսին և Սիմա Սարատիկյանին
Բարի լուս, տիկի՛ն Արուս, 
Քո լվացքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են:
 
Խոհանոցդ՝ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր,
Տված հացդ օրհնված է:
 
Եվ հիմա, նստած մենակ,
Դու հիշում ես քո անցյալը,
Եվ մատներդ շարունակ
Փորփրում են քո ձավարը:
 
Մարդը քո՝ վարպետ Արտաշը,
Իր հոգին Աստծուն տվեց,
Նա թեև վարքով անտաշ էր,
Բայց խելոք էր, ձեռներեց:
 
Նա ուներ ոսկե ձեռքեր
Ու շարեց պատերը տան,
Նա կապեց կտուրը ձեր,
Սարքեց դուռ ու պատուհան:
 
Իսկ հետո, երբ ծնվեցին
Զավակներդ աննման,
Տունը քո լցվեց սիրով
Ու շնչով երջանկության:
 
Ամուսինդ լուռ ու մունջ էր,
Նա մռայլ էր, չխոսկան,
Երբ խմում էր, հայհոյում էր,
Հիշում մորդ անպայման:
 
Ու թեև քեզ հայհոյում էր,
Բայց, իրոք, առանց թույնի,
Վաղեմի սովորություն էր.
Մարդ պետք է արտահայտվի:
 
Եվ հիմա նա էլ չկա՝
Տանդ սյունն ու հենարանը,
Մնացել ես մեն-մենակ
Քո լքված ու դատարկ տանը:
 
Զավակներդ չվեցին
Ու թռան օտար ափեր,
Նույնիսկ չեն էլ մտածում,
Որ թողել են քեզ անտեր:
 
Բարի լուս, տիկի՛ն Արուս,
Քո լվացքը չորացել է, 
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են:
 
Խոհանոցդ՝ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր,
Տված հացդ օրհնված է:
 
Եվ հիմա, նստած մենակ,
Դու հիշում ես քո անցյալը,
Իսկ մատներդ շարունակ
Փորփրում են քո ձավարը:

1994թ.

ԿԱՐՈՏ

Եվ անձրևը ցուրտ փողոցների
Խուլ նրբանցքներում կհեկեկա,
Եվ աշնան քամին անձրևի հետ
Վերջին անգամ կընկերանա:
 
Ու կարոտն իմ սրտում
Մարող բոցի պես կդողդողա:
 
Դու հեռացել ես, ինձ մոռացել,
Ես քեզ կանչում եմ, սիրելի՜ս,
Բայց դու չկաս,
Վերադարձի՛ր ինձ մոտ:
 
Երգ,
Երգ երջանկության,
Երգ երջանկության
Ու խենթ,
Ու խենթ սիրո մասին
Դու վերադարձի՛ր
Քամու հետ աշնան,
Դու արի՛ ինձ մոտ 
Աշնան քամու հետ միասին:
 
Եվ անձրևը իմ պատուհանին
Լուռ ու միայնակ կհեկեկա,
Եվ աշնան քամու հետ միասին
Գիշերվա մեջ կհեռանա:
 
Ու կարոտն իմ սրտում
Մարող բոցի պես կդողդողա:

1978թ.

ԱՇՈՒՆ

Իմ այգում հիմա աշուն է:
Ես ու ծերացած իմ շունը
Հոտոտում ենք աղբակույտը անցյալի:
 
Շունս պոչն ուրախ շարժում է,
Աղբակույտից քաշում-հանում է
Հնացած իրեր, որ պետք չեն ոչ ոքի:
 
Դատարկ այգի ու մի խոնավ քամի
Եվ ծխացող կույտեր տերևների:
Դատարկ այգի ու մի խոնավ քամի
Ու ծխացող հուշերն իմ անցյալի:
 
Քամին՝ ցնորված ծերունին,
Շուռումուռ է տալիս աղբակույտը,
Եվ նստարանին քնած շրջմոլիկն արթնանում է:
 
Ափսոսանք ու սեր, ավելորդ հույսեր,
Հեռացող քայլեր իմ անցյալի:
Հուսահատ անձրև, աղբակույտ անձև,
Հին իրեր, որ պետք չեն ոչ ոքի:
 
Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի,
Մի անսեռ տիկնիկ՝ առանց գլխի,
Մի սև հովանոց, մի լուսանկար ու մի հայելի...
 
Իմ այգում հիմա աշուն է:
Ես ու ծերացած իմ շունը
Հոտոտում ենք աղբակույտը անցյալի:
 
Շունս պոչն ուրախ շարժում է,
Աղբակույտից քաշում-հանում է
Հնացած իրեր, որ պետք չեն ոչ ոքի:

1984թ.

ՀԱՆԳՉԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հանգչի լռությունը,
Եվ իջնի սպիտակ ձյուն,
Հեռվում կաղկանձի մի շուն՝
Միայնակ ու տխուր,
Հույսերիս թափուր ձյուն, 
Հույսերիս թափուր ձյուն:
 
Երազնե՜ր, երազնե՜ր,
Փաթիլների նման,
Թափվեցի՜ք դուք ներքև
Ու, գետնին չհասած, հալվեցիք,
Դո՜ւք, փայլո՜ղ երազներ,
Դո՜ւք, փայլո՜ղ երազներ:
 
Հիմա ո՞ւր ես, ի՛մ սեր, 
Հիմա ո՞ւմ ես սիրում,
Չէ՞ որ ինձ էլ նույնպես
Դու սիրել ես այդպես,
Գալարվել իմ գրկում
Եվ տվել խոստումներ:
 
Խոստումնե՜ր, խոստումնե՜ր,
Փաթիլների նման, 
Թափվեցի՜ք դուք ներքև
Ու, գետնին չհասած, հալվեցիք,
Դո՜ւք, փայլո՜ղ խոստումներ,
Դո՜ւք, փայլո՜ղ խոստումներ:
 
Հանգչի լռությունը,
Եվ իջնի սպիտակ ձյուն,
Հեռվում կաղկանձի մի շուն՝
Միայնակ ու տխուր,
Երբ լռի կաղկանձը շան,
Հանդարտ իջնի ձյուն:

1966թ.

ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում
Ու հեռավոր արվարձանում
Արծաթե հետքն է իր թողնում:
 
Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ինձ բերում,
Ու անցյալիս լքված այգում
Ես հուշերիս եմ հանդիպում:
 
Իմ հուշերի անհատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադեմն է լողում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում,
Ու չկա ազատում:
 
Իմ հուշերի անհատակ ջրհորում
Դու իմ անունն ես տալիս ու կանչում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում,
Ու չկա փրկություն:
 
Իմ քնքո՜ւշ սևահեր,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Ինձ թողել-հեռացել:
 
-Ասա՛՝ դու ո՞վ ես, որտեղի՞ց,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:
-Ես հեռացել եմ ինձանից
Եվ ինձ արդեն չեմ ճանաչում:
 
-Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
-Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում:
 
Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:
 
Քո բոլշևիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:
 
Իմ քնքո՜ւշ սևահեր,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Ինձ թողել-հեռացել:
 
Ես լուսնոտի պես արթնացել
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում:
 
Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում,
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում:
 
Ձայնապնակն ու այն հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, ի՛մ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին, 
Երբ կոտրվեց տատիկիդ հայելին:
 
Իմ քնքո՜ւշ սևահեր,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Ինձ թողել...
 
Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում...

1987թ.

ԻՄ ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔ

Երգն իմ կարոտ է՝ իմ մեջ արթնացած,
Երգն իմ թռչնակ է՝ թևերը պարզած,
Որ պիտի թռչի հեռու,
Բայց պիտի վերադառնա միշտ քեզ մոտ:
 
Երբ քեզնից հեռու, հեռու եմ լինում,
Քո խորհրդավոր կարոտն է տանջում,
Իմ փոքրի՜կ քաղաք,
Դու քեզ մոտ ես կանչում:
 
Երբ ես մենակ կամ տխուր եմ լինում,
Քեզ հետ վիճում եմ, քեզնից խռովում,
Դու դառնում ես հոգատար,
Դու ասում ես՝ մոռացի՛ր ու ժպտա՛:
 
Արևի շողերի մեջ արթնանում,
Արևի շողերի մեջ ծիծաղում,
Իմ փոքրի՜կ քաղաք, 
Դու քո կյանքն ես ապրում:
 
Իմ բոլոր-բոլոր երգերը,
Իմ կարոտը և իմ սերը
Քո քնքուշ գիշերներում են ծնվում
Եվ առավոտներիդ մեջ են հանդարտ թևածում:
 
Ի՜մ քաղաք, իմ փոքրի՜կ քաղաք,
Ես քո երգն եմ երգում:
 
Երգն իմ թռչնակ է՝ թևերը պարզած,
Որ պիտի թռչի հեռու,
Բայց պիտի վերադառնա միշտ քեզ մոտ:

1978թ.

ԱՐՏԱԳԱՂԹ

Իմ ընկերները հեռանում են,
Եվ այս էլ որերորդ անգամ,
Հրավիրել մեզ մոռանում են
Հրաժեշտի վերջին օրվան:
 
Իմ ընկերներն են հեռանում,
Այնպե՜ս ծածուկ, այնպե՜ս թաքուն,
Ասես հանգուցյալի մոտից 
Պահված գանձերն են գողանում:
 
Իմ ընկերները հեռանում են,
Որ էլ երբեք էլ ետ չգան,
Նրանց դեմքերն անհետանում են,
Նրանց դեմքերն արդեն չկան:
 
Նրանց ձայները դեռ հնչում են
Մանկության վառ գույների մեջ,
Նրանք կարծես թե ինձ կանչում են
Ճամփաների վրա անվերջ:
 
Իմ ընկերները հեռանում են,
Ինչպես թռչունների երամ,
Ժամանակի հետ բթանում է
Այն ցավը, որ նրանք չկան:
 
Այն ցավը, որ այսպես եղել է
Եվ լինելու է անպայման,
Որ հայրենիքը՝ դա երազ է,
Պստիկ հատված տարածության:

1988-1997թթ

ՌԵՔՎԻԵՄ

Հիմա ո՜ւշ աշուն է...
Ծերացած մի շուն է
Թափառում խոնավ ու ցուրտ այգում:
 
Ժանգոտ կարուսելը,
Որն արդեն հոգնել է,
Ինձ իմ մանկությունն է հիշեցնում:
 
Երջանիկ ծիծաղը
Արդեն քմծիծաղ է,
Խռպոտած հնչյուն իմ կոկորդում,
Մոլորված թռչուն մութ երկնքում:
 
Մի ծեր շրջմոլիկը՝ դեմքով ապխտած,
Նայեց աչքերիս, հայացքս կարդաց,
Այդ ես հայելում տեսա ինձ հանկարծ,
Որքա՜ն ինձ փոխեց այս կյանքն անիծված:
 
Ես համտեսել եմ կեղտոտ այս կյանքը,
Ապրել քեզ պես անտեր, անտուն,
Մենք եղբայրներ ենք, աշնան արևը,
Մեզ նույն արևն է ջերմացնում:
 
Հիմա ո՜ւշ աշուն է,
Ես քեզ դեռ հիշում եմ,
Իմ խենթուխելա՛ռ ջահելություն:
 
Հիմա ո՜ւշ աշուն է,
Ես քեզ դեռ հիշում եմ,
Քե՛զ, իմ վաղանցի՛կ երջանկություն:
 
Երբ որ սերը մերն էր,
Երբ որ նա մեր տերն էր,
Երբ քաղաքը մեզ էր պատկանում,
Մեր քաղաքը մեզ էր պատկանում:
 
Հե՜յ, ծե՛ր շրջմոլիկ, կանգնի՛ր, մի՛ գնա,
Կանգնի՛ր իմ կողքին և մի՛ հեռանա,
Դու ես եմ, կարծես, գտնենք մի անկյուն,
Ես քեզ կպատմեմ իմ կյանքը անտուն:
 
Իսկ ես սիրում եմ ապրել իմ կյանքը
Լքված ու մութ այս քաղաքում,
Ուր ինձ հիշում են և հավատում են,
Ուր իմ երգերն են դեռ երգում:
 
Իմ ունեցածը, իմ չունեցածը
Այս քաղաքում եմ ես պահում,
Ուր իմ ապրածը և երազածը
Դեռ իմ լեզվով եմ ես երգում:
 
Հիմա ո՜ւշ աշուն է, 
Ես քեզ դեռ հիշում եմ,
Քե՛զ, իմ վաղանցի՛կ երջանկություն:
 
Երբ որ սերը մերն էր,
Երբ որ նա մեր տերն էր,
Երբ քաղաքը մեզ էր պատկանում,
Մեր քաղաքը մեզ էր պատկանում:
 
Հե՜յ, ծե՛ր շրջմոլիկ, կանգնի՛ր, մի՛ գնա,
Կանգնի՛ր իմ կողքին և մի՛ հեռանա,
Դու ես եմ, կարծես, գտնենք մի անկյուն,
Ես քեզ կպատմեմ իմ կյանքը անտուն:
 
Իսկ այս քաղաքը, որ դեռ սպասում է
Զավակներին իմ կորցրած,
Հոգեվարքի մեջ ասես տեսնում է
Նրանց գալուստը ուշացած:
 
Քո զավակները, որ քեզ լքել են,
Կգան մի օր քեզ մոտ հանկարծ,
Քանի որ կյանքը օտարության մեջ
Անտանելի է, անկասկած:
 
Հիմա ո՜ւշ աշուն է, 
Ես քեզ դեռ հիշում եմ,
Քե՛զ, իմ վաղանցի՛կ երջանկություն:

1993թ.

ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՐԻԿ

Այս տարվա քո նվերները 
Մութն ու ցուրտն են, ի՛մ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը 
Քեզ դարձել են խաղալիք:
 
Եվ այս խաղը պատերազմն է,
Որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է՝
«Ես սպասում եմ քեզ, հայրի՜կ»:
 
Ա՜խ, այս ի՞նչ Ձմեռ պապի է, 
Որ քո տանն է հայտնվել, 
Այս թշվառ ծեր մուրացկանը, 
Տե՛ս՝ ինչեր է քեզ բերել:
 
Ա՜խ, այս ի՞նչ Ձմեռ պապի է, 
Որ քո տանն է հայտնվել, 
Այս թշվառ թափառականը
Նվերներ է քեզ բերել:
 
Իսկ նրա բերած նվերը
Մահվան գուժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են 
Եվ, մեղա՜ քեզ... մանուկնե՜ր:
 
Հողի տակ մեր եղբայրներն են
Ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը 
Անեծքի է վերածվել:
 
Ա՜խ, այս ի՞նչ երկար ձմեռ է, 
Տեսնես՝ ե՞րբ կվերջանա, 
Երբ նորից բացվի գարունը, 
Քո հայրիկը տուն կգա՞:
 
Քո հայրիկը, իմ փոքրի՛կս, 
Անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշի՛կս, 
Կգրկի քեզ, կխաղա:
 
Իսկ եթե հանկարծ, փոքրի՛կս, 
Քո հայրիկը ուշանա,
Դու հիշի՛ր նրան, պստի՛կս, 
Նա քեզնից չի հեռանա:
 
Եվ դաժան այս ձմեռները 
Դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, 
Դու շատ շուտ կմեծանաս:
 
Դու փակիր քո աչուկները, 
Բայց նրան մի՛ մոռանա,
Ու հայրիկդ, իմ փոքրի՛կս, 
Անպայման քեզ մոտ կգա: 
 
Քո հայրիկը, տե՛ս, եկել է,
Ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տե՛ս, եկել է,
Աչքերում արեգակներ:
 
Այդ նրա ուժեղ ձեռքերն են 
Բարձրացնում քեզ դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, 
Որ եկել է քեզ նվեր:

1993թ.

ՆԿԱՐ

Այս նկարում իմ տունն է
Եվ իմ դեղին այգին,
Այստեղ ամեն ինչ նույնն է
Լուսաբացի պահին:
Անտառը դեռ նիրհում է,
Բայց կարթնանա կրկին
Ե՛վ մանկության իմ հուշը,
Ե՛վ իմ քնած այգին:
 
Առավո՜տ, թափանցի՜կ առավոտ,
Ինձ օգնի՛ր մոռանալ իմ հոգսերը,
Ինձ օգնի՛ր քո գրկում մանկանալ:
 
Աղբյուրի մեջ փլվել են ամպերը,
Ասես սառել են քո անտակ խորքում,
Սառնությունից դողում են ամպերը
Ու օրորվում են երկնագույն հեռվում:
Ու զրնգում են երկնագույն հեռվում,
Առավո՜տ...
 
Իմ տանն ամայություն է,
Առաստաղն է փոշոտվել,
Այստեղ մանկության հուշն իմ
Սառել է, մնացել,
Արևի բարակ շողը փնտրել, ինձ չի գտել,
Ինձանից խռովել է, թողել է, հեռացել:
 
Այս նկարում իմ տունն է
Եվ իմ դեղին այգին,
Այստեղ ամեն ինչ նույնն է
Լուսաբացի պահին,
Ամեն ինչ իր տեղում է,
Ոչինչ էլ չի փոխվել,
Այստեղ ամեն ինչ նույնն է,
Միայն ես եմ հեռացել:

1987թ.

ՈՐ ՍԱՐԵՐԸ ՉՄՆԱՆ ԱՆՏԵՐ

Սարերում բացվել են կակաչները,
Սարերում հրդեհ է իսկական,
Լավագույն տղերքը հեռանում են,
Որ երբեք, երբեք էլ ետ չգան:
 
Երբ նորից բացվեն գարնան դռները,
Ու ծոցվոր հարսները մայրանան,
Կհիշվեն հավերժ այն անունները՝
Տղերքի, որոնք արդեն չկան:
 
Այդ արյունն է ձեր, կռվո՛ղ տղաներ, 
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դո՛ւք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր, 
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր:
 
Ես գիտեմ, և սա է իսկությունը,
Ձեր երդումը գինն է ձեր արյան,
Նոր ծնվածների արիությունը
Կապվելու է ձեզ հետ անպայման:
 
Այդ արյունն է ձեր, կռվո՛ղ տղաներ, 
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դո՛ւք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր:
 
Իսկ այնտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը,
Կարմիր տառերով իրենց արյան:
 
Իսկ այնտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը,
Պատմությունը մեր Արիական:
 
Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն է,
Ուր չկան վեճեր կուսակցական,
Մենք կասենք՝ կեցցե՛ դաշնակցությունը,
Հա՛յ դաշնակցությունը իսկական:
 
Այդ արյունն է ձեր, կռվո՛ղ տղաներ, 
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դո՛ւք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր:

1995թ.

ԾԱՂԿԱԾ ԽՆՁՈՐԵՆԻ

Հեռացան տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, 
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:
 
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
 
Իսկ դու շորորում ես, հովի հետ ճկվում,
Հովի հետ նազում ես, հովի հետ խոսում:
Դու ի՛մ խնձորենի, իմ քույրի՛կ նազելի,
Փեսացուդ՝ գարունը, ո՞ւր է, չի գալի: 
 
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
 
Իսկ դու շորորում ես, հովի հետ ճկվում,
Ճերմակ հարսնաքողդ քամին է տանում:
Ծաղկած խնձորենի՛, իմ քույրի՛կ նազելի,
Փեսացուդ՝ գարունը, ո՞ւր է, չի գալի:
 
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:

1994թ.

ՍԱՐԵՐԻ ՔԱՄԻ

Սարերի՛ քամի, որտեղի՞ց ես գալիս
Եվ ո՞ւր ես շտապում,
Անհանգիստ ու տխուր
Իմ սարերի՛ քամի:
 
Սարերի քամին ինչ-որ բան շշնջում
Ու կորչում է հեռվում,
Անհանգիստ ու տխուր
Իմ սարերի քամին:
 
-Ես գալիս եմ շատ հեռուներից՝
Ավերակ դարձած քո հայրենիքից,
Որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին,
Որոնց դուք թողել եք գետի այն ափին:
 
Սպասի՜ր, քամի՜, և ի՛նձ լսիր, թե ինչ կասեմ,
Քիչ հանդարտվի՜ր և ի՛նձ լսիր, թե ինչ կասեմ,
Որ տանես խոսքերս դու այն լեռներին,
Որոնց մենք թողել ենք գետի այն ափին:
 
Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ՝
Արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
Կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին:
 
Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
Մեզ սպասո՜ղ լեռներ:

1974թ.

ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ

Ցուցափեղկում սառած հավեր կան անգլուխ,
Ցուցափեղկի մայթին՝ շարժվող ամբոխ,
Հապճեպ երկուշաբթի, հավի տեղական միս, 
Օրերը անգլուխ ի՜նչ շուտ դարձան ամիս:
 
Նորից երկուշաբթին՝ ջղային, անօգնական, 
Ձեռքերը կպարզի երեքշաբթի օրվան,
Նորից կբամբասի հարբած կիրակիից՝
Դատարկապորտ ու ծույլ այդ անբանից:
 
Չորեքշաբթին միշտ զուսպ, հանգիստ գլխով կանի,
Ու հինգշաբթին կհորանջի մինչև ուրբաթ,
Շաբա՛թ, ի՜նչ լավն ես դու ու աննկատ,
Ի՜նչ հուսալի է միշտ քո առավոտը:
 
Իսկ կիրակին նորից չգիտի՝ ինչ անի,
Ո՜նց զարմացնի բոլոր շաբթիներին,
Ելավ փողոց, հետո մի քիչ թրև եկավ
Ու հայհոյեց բոլոր այս օրերին:
 
Ռեստորանում հարբած նա կռիվներ սարքեց,
Փնտրեց ու չգտավ իրեն հարմար մեկին,
Առավոտյան նրան խմած-քնած գտավ
Ջղային, ներվային երկուշաբթին:
 
Ցուցափեղկում սառած հավեր կան անգլուխ,
Ցուցափեղկի մայթին՝ սառած ամբոխ,
Ասես երազ է սա, որ չի վերջանալու,
Այսպես երկարելու ու կյանք է դառնալու:
 
Ու կյանք են դառնալու հապճեպ երկուշաբթին
Եվ կիրակին հարբած և զուսպ չորեքշաբթին:
Օրացույցից հերթով պոկվում-ընկնում են ցած
Օրերը անգլուխ, օրերը անգլուխ,
Օրերը անգլուխ... օրերը գլխատված:

1983թ.

ՇՈԳ ԿԻՐԱԿԻ

Փողոցով քայլող մարդկանց դեմքերից
Ձանձրույթը կպչում ու պոկ չի գալիս.
Քայլող դիակներ և շոգ կիրակի.
Արդեն մի ամիս անձրև չի գալիս,
Շոգն անտանելի հանգիստ չի տալիս,
Փողոցը հալվում ու լող է տալիս,
Արդեն մի ամիս ինձ դուր ես գալիս...
Վաղը, չգիտեմ, գուցե չլինեմ,
Գուցե իմ վերջին երգը հորինեմ,
Իմ շո՛գ կիրակի, ես քոնն եմ հիմա,
Եվ քեզնից երբեք ես չեմ բաժանվի,
Եվ օրացույցից կպոկվի դարձյալ
Մի շոգ կիրակի, անփող կիրակի,
Անտուն ու անտեղ, դատարկ կիրակի...
Մի շոգ կիրակի, ու մի մեծ դագաղ
Տանում են մարդիկ փողոցով երկար,
Եվ նրանց հոգնած ու բութ դեմքերից
Ճանճերը կպչում ու պոկ չեն գալիս,
Ճանճերը կպչում ու պոկ չեն գալիս,
Օ՜, խե՜ղճ հանգուցյալ, պառկած դագաղում,
Դու էլ ես ինձ պես շոգից տառապում,
Մինչդեռ քո հոգին իմ հոգու նման
Օտար ափերում անձրև է փնտրում,
Օտար ափերում անձրև է փնտրում.
Անձրև ենք խնդրում, իմ շո՛գ կիրակի,
Ես ու դագաղում պառկած մի հոգի
Անձրև ենք խնդրում,
Իմ շո՛գ կիրակի, ես քոնն եմ ընդմիշտ
Եվ քեզնից երբեք ես չեմ բաժանվի,
Եվ օրացույցից կպոկվի դարձյալ
Մի շոգ կիրակի:

1977թ.

ԻՐԻԿՈՒՆ

Օրը հանգավ, 
Ահա՛, և իրիկունը 
Փռեց
Իր հնամաշ շորերը, 
Որ կարկատի հուշերը 
Վաղուց ապրած 
Արկածների:
 
Մայրամուտի վառվող արևն, 
Արևն ու ես,
Մենք քեզ փնտրում ենք միասին, 
Փնտրում ենք քեզ:
 
Մայրամուտին արևն ու ես,
Մենք փնտրում ենք, 
Մենք փնտրում ենք քեզ:
Իրիկո՜ւն,
Իմ բարի՜ իրիկուն, 
Ի՞նչ գաղտնիք կա քո մութ,
Քո կապույտ հայացքում:
 
Դու ես ու ես,
Դու դեռ իմ հուշերում ես,
Լսի՛ր՝
Մեր սերն ապրեց իր կյանքը,
Բայց նրա արձագանքը 
Մինչև հիմա
Սրտումս կա: 
 
Իրիկո՛ւն, իրիկո՛ւն, բարի՛ կախարդ,
Դու նայում ես, նայում ինձ անթարթ,
Ինձ ասա՛, իմ բարի՛ իրիկուն,
Ի՞նչ գաղտնիք կա քո մութ հայացքում:

1982թ.

ԻՄ ՏԽՈՒՐ ՍԱՏԱՆԱ

Տե՛ս՝
Պատուհանից այն կողմ
Տերևները 
Խենթի պես են պարում, 
Այդ աշնան գիժ քամին է
Հարբած օրորվում:
 
Իմ ցուրտ սենյակում
Հիմա ոչ ոք չկա,
Միայն դու ես ինձ հետ,
Իմ տխո՛ւր սատանա,
Եվ ոչ ոք այսօր 
Մեզ չի խանգարում:
 
Դու ես իմ բարի հոգեառը,
Ես քեզնից չեմ վախենում, 
Դու, ինչպես միշտ, իմ կողքին ես,
Երբ ես մենակ եմ լինում:
 
Մենք 
Հիմա կիջնենք ներքև,
Կքայլենք մենք 
Անձրևոտ փողոցում,
Կխառնվենք մարդկանց
Սրճարանի ծխում:
 
Աղմուկը երբեք 
Մեզ չի խանգարել,
Մենք միշտ լռությամբ ենք 
Իրար հետ կիսվել,
Իմ տխո՛ւր սատանա,
Իմ տխո՛ւր սատանա:
 
Դու ես իմ բարի հոգեառը,
Ես քեզնից չեմ վախենում, 
Դու, ինչպես միշտ, իմ կողքին ես,
Երբ ես մենակ եմ լինում:
 
Եվ արդեն կեսգիշերին,
Երբ տուն կբերեն իմ դիակը,
Դու ինձ ոռնա իմ մահերգը
Եվ արթնացրու բոլորին:
 
Դու ես իմ բարի հոգեառը,
Ես քեզնից չեմ վախենում, 
Դու, ինչպես միշտ, իմ կողքին ես,
Երբ ես մենակ եմ լինում:

1979թ.

ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
Կրկնվո՛ղ պատմություն,
Դռներս բաց են եղել միշտ քո առջև,
Ճակատագի՛ր իմ, դառնությո՛ւն:
 
Դու ժպտում ես՝ կանգնած իմ շեմին,
Խնդրե՛մ, նե՛րս համեցիր,
Ես նույնիսկ ուրախ եմ քո գալուն,
Խնդրե՛մ, մի՛ կասկածիր:
 
Գիտեի, որ կգաս, չես սիրում սպասեցնել,
Դռներս բաց են, տե՛ս,
Կներես, սեղանին միայն գինի եմ դրել,
Որն ինձ հետ մինչև վերջ խմես:
 
Եվ երբ ես կհարբեմ,
Աչքերս կմշուշվեն,
Շուրթերս կհամբուրես,
Ու դաշույնը ձեռքիդ
Համբույրի ժամանակ
Սիրտս կխրես:
 
Դե խփի՛ր, մի՛ սպասիր,
Տե՛ս, կանգնած եմ պատրաստ,
Թող ձեռքդ չդողա:
Քո նոր վերքն իմ սրտում
Մի նոր երգ կդառնա,
Հավատա՛, հավատա՛:
 
Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
Կրկնվո՛ղ պատմություն,
Ես քեզ սպասում եմ վաղուց,
Ճակատագի՛ր իմ, դառնությո՛ւն:
 
Դե խփի՛ր, մի՛ սպասիր,
Տե՛ս, կանգնած եմ պատրաստ,
Թող ձեռքդ չդողա:
Քո նոր վերքն իմ սրտում
Մի նոր երգ կդառնա,
Հավատա՛, հավատա՛:

1971թ.

ՍԱՐԴՈՍՏԱՅՆ

Երեկոն սենյակիս պատերին
Շուռումուռ ստվերներ է գծում,
Հեռացող քայլերի արձագանք կա
Դատարկ փողոցում:
 
Մեկ լսվում են նրանք, մեկ էլ՝ ոչ,
Արդյոք ո՞ւր են գնում,
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ
Այս դատարկ աշխարհում:
 
Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ ապրել:
 
Կա մկնիկ, որ շաքար է սիրում
Եվ ունի ընտանիք,
Եվ կատու, որ սիրահարվում 
Ու փախչում է տանիք:
 
Կա մի սարդ, որ սիրում է կախվել
Փոշոտ առաստաղից,
Ու մեկ-մեկ զրուցում է ինձ հետ
Տանջող հոդացավից:
 
Երեկոն հուշերիս թելերից
Սարդոստայն է գործել,
Ես սարդի հետ իմ առաստաղից
Որոշել եմ կախվել:
 
Որոշել եմ կախվել հենց էնպես,
Առանց լուրջ պատճառի,
Փաթաթվել հուշերիս թելերին
Ու ոռնալ կատաղի:
 
Թե բոլորս հյուրեր ենք անկոչ
Ու որբեր միայնակ,
Էլ ինչո՞ւ ենք իրար հալածում
Ու կրծում շարունակ:
 
Երեկո. հուշերիս փողոցով,
Իմ անցյալն է անձայն հեռանում,
Եվ նրա հեռացող քայլերից
Ես մենակ եմ մնում:
 
Իմ մկնիկը արդեն արթնացել,
Ուտելիք է փնտրում,
Իմ կատուն ինձանից ձանձրացել,
Տանիքում է քնում:
 
Ժամանակը սարդի պես նայում է ինձ
Մութ անկյունից,
Մեղքերիս թողություն եմ հայցում
Չգիտես, թե ումից:
 
Հուշերիս կոտրված հայելուց
Սառնություն է փչում,
Այնտեղից անծանոթ ինչ-որ դեմք
Անթարթ ինձ է նայում,
 
Ես գոռում եմ՝ կորի՛ր, գարշելի՛,
Այդտեղ ի՞նչ ես անում, 
Նա նայում է արդեն չարացած,
Եվ ես ինձ եմ տեսնում:
 
Երեկո. իմ փոքրիկ սենյակում
Մի թիթեռ է անվերջ պտտվում,
Եվ նրան իմ սենյակը փոքրիկ
Մի անվերջ սարդոստայն է թվում:

1974թ.

ՕՐԵՐԸ ՇԱՐԱՆ-ՇԱՐԱՆ

Օրերը՝ շարան-շարան, գորշ, իրար նման,
Թռչում են անիմաստ ու անիրական:
Գոնե դո՛ւ, սիրելի՛ս, ինձ մի՛ մոռացիր,
Ու մեկ-մեկ, սիրելի՛ս, դու ինձ այցելի՛ր:
 
Օրերը՝ շարան-շարան, անիմաստ ու գորշ,
Չգրված երգի նման դատարկ, անորոշ,
Թռչում են ու փախչում ինձնից հեռու,
Գոնե դո՛ւ, սիրելի՛ս, մի՛ լքիր ինձ դու:
 
Դու այն օրը ասացիր՝ չես գա էլ ինձ մոտ,
Որ իմ կացարանը ցուրտ, խոնավ է, կեղտոտ,
Իսկ հիմա գիշերով դու հայտնվեցիր,
Ի՞նչ ես կանգնել-մնացել, խնդրե՛մ, նե՛րս անցիր:
 
Դու մենակ ես ու ազատ, չունես սահմաններ,
Ես ունեմ հարբած կիթառ և ունեմ երգեր,
Իմ փողոցայի՛ն ճնճղուկ, դու ինձ մո՛տ մնա,
Մի՛ լքիր ինձ, ի՛մ խենթուկ, իմ չա՛ր սատանա:
 
Օրերը՝ շարան-շարան, իրար շատ նման,
Թռչում են անիմաստ ու անիրական,
Գոնե դո՛ւ, սիսրելի՛ս, ինձ մի՛ մոռացիր,
Ու մեկ-մեկ, սիրելի՛ս, դու ինձ այցելի՛ր:

1978թ.

ԻՆՁ ՄԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ

Ինձ մի՛ փնտրիր, մի՛ թակիր իմ պատուհանը, 
Այստեղ եմ ես, ես, կամ էլ՝ իմ ուրվականը:
 
Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը, 
Ա՛յ քեզ հրաշք, սա իմ տո՞ւնն է, թե՝ զնդանը:
 
Դու ինձ ասա՛, գոնե դո՛ւ տուր պատասխանը, 
Ո՞ւմ տունն է սա, ո՞ւմն է այս բնակարանը:
 
Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը, 
Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը:
 
Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը, 
Ո՞ւմ գործն է դա, մի՞թե դա է էականը:
 
Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,
Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը:
 
Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը, 
Նրան անձայն կընդունի իմ ուրվականը:
 
Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը:
 
Կահագանգի նա իր ղեկավարությանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը:
 
Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը, 
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը:
 
Գինում խեղդված՝ կճչա խցանահանը, 
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը:
 
Եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը, 
Գուցե և ձեզ ընդունի իմ ուրվականը:
 
Չզարմանաք, մի՞թե դա է էականը,
Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը:
 
Ինձ մի՛ փնտրիր, ոստիկա՛ն, 
Ես քեզ համար չեմ, ես չկամ: 
Դու ինձ ինչքան էլ որոնես, 
Ուրվականիս կհանդիպես:

1981թ.

ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՄ

Ես իրավունք չունեմ ապրել շատ անհստակ.
Չէ՞ որ կբամբասեն, թե մարդ եմ տարօրինակ:
Ես իրավունք չունեմ անչափ խմել գինի,
Քանզի ինձ կայպանեն մարդիկ առաքինի:
Ես իրավունք չունեմ սիրել ինչ-որ մեկին,
Քանի որ օրենքով ունեմ արդեն մի կին.
Իմ ընկերները և թշնամիներս ինձ կասեն,
Թե վերջացած ես մարդ եմ դարձել պիղծ:
Ես նույնիսկ իրավունք չունեմ երջանկության.
Դա էլ կվերագրեն բախտի շռայլության:
Եվ այդ իսկ պատճառով, որ իրավունք չունեմ,
Ես նույնիսկ իմ տան մեջ ինչպես բանտում կապրեմ
Ու բոլորից թաքուն իմ տան մի անկյունում
Ես կգրեմ երգեր, որ կյանք եմ անվանում:

1982թ.

ՇՆԵՐԸ

Ես գիտեմ, թե ովքեր են տերերը,
Ում ձեռքից են ուտում էս շները,
                                     ես գիտեմ,
Ու թեև միշտ էլ կուշտ են տերերը,
Բայց սովից կատաղած են շները,
                                     և հիմա
Հենց էնպես չեն հաչում էս շները,
Ուշացրել են մի քիչ նրանց կերը.
                                     ուշացրել,
Կերակրե՛ք. չէ՞ որ դուք եք տերերը,
Որ հանկարծ մեզ չուտեն էս շները,
                                     կերակրե՛ք,
Վայելե՛ք ձեր համեղ պատառները,
Մնացորդը ուտեն թող շները,
                                     որ լռեն,
Թե չէ վախն այցելում է գիշերը, 
Երբ սովից կատաղած են շները,
                                     զգուշացե՛ք,
Փակեցեք շատ ամուր ձեր դռները,
Փողոցում թող մնան պոետները,
                                     և մարդիկ,
Ում համար միևնույն են տերերը,
Եվ հատուկ կատաղացրած շները՝
                                     միևնույն:

1980թ.

ԳԱԶԱՆԱՆՈՑ

Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է, 
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ: 
Որքա՜ն չերգված երգեր կան փակ վանդակներում, 
Որքա՜ն երգեր, որոնք երբեք չեն լսվելու: 
 
Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:
 
Երգը լռում է ու քնած ձևանում.
Գալիս է պահը, նա պայթում է, պայթում:
 
Գիշերը հանգիստ քնած էր գետաձին,
Եվ անշարժ էր նրա հաստ մարմինը, 
Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն՝
Առյուծը նախկին, մրափում էր:
 
Եվ միայն գայլն էր անհանգիստ վանդակում. 
Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում:
Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց, 
Նրան միս շպրտեցին, բայց նա չլռեց:
 
Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ
Ու խենթացել էր գայլը միայնակ:
 
Եվ լսվեց կրակոց, և ոռնոցը լռեց, 
Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց: 
Լուսնի արծաթում՝ կարմիր արյան լճակ.
Մեռնում էր վանդակում գայլը միայնակ:
 
Գայլը մեռնում էր՝ ժպիտը դեմքին, 
Հիմա նա ազատ էր ու վազում էր կրկին. 
Աչքին երևում էր տափաստանն իր արձակ,
Կողքից վազում էր մոխրագույն գայլուհին:
 
Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:

1975թ.

ԵԶԸ

Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,
Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ՝ բթացրել,
Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները, 
Հավատա՛ ինքդ քեզ:
 
Մի անգամ հավատա՛ քո Աստծուն, 
Հավատա՛ քո հոգուն, հավատա՛ ինքդ քեզ,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու...
 
Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլի՛կ,
Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլի՛կ, 
Քեզ կռտել են, ցլի՛կ, դարձրել բանող եզ, 
Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես:
 
Եղի՛ր հեզ, բանո՛ղ եզ,
Եվ վարի՛ր այս անվերջ սևահողը, 
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:
 
Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը,
Մահվան վախն աչքերում, հոգեվարք է ապրում,
Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է:
 
Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ թաղված լուսեղեն երազները,
Լուսեղեն երազները բոլոր:
 
Սե՛ր, հաճելի՛ մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, 
Մենք գիտենք՝ ճամփաները բոլոր
Դեպի մահ են տանում:

1970թ.

ՀԻՆ ԸՆԿԵՐ

Հեռացան մեզնից մեր հին օրերը,
Մոտենում են նոր ժամանակներ,
Ո՞ւր ես դու կորել, իմ բարեկա՛մս,
Ո՞ւր ես դու կորել, իմ հի՛ն ընկեր:
 
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Արդյոք ո՞ւր ես դու կորել,
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Չեմ կարող ես քեզ գտնել: 
 
Ի՞նչ կախարդ է քեզ կախարդել, 
Ի՞նչ թակարդ ես դու ընկել,
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Ես կարող եմ քեզ փրկել: 
 
Հեռացան այն հին ու գորշ օրերը,
Մոտեցան պայծառ ժամանակներ,
Փոխվեցին կարծես թե հին տերերը,
Նրանց տեղ եկել են նոր տերեր:
 
Նոր տերերի մոտ դեռ խրախճանք է,
Նոր տերերը դեռ չեն կշտացել,
Հին տերերի մոտ անհուն զարմանք է,
Թե նորերն ինչքան են հղփացել:
 
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Արդյոք նո՞ւյնն ես մնացել,
Նիհարե՞լ ես դու, թե լցվել 
Ու հետույքդ հաստացրել,
 
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Քեզ պաշտոն դեռ չեն տվել,
Քեզ իմ լա՛վ, իմ անգի՛ն ընկեր, 
Նոր տերերը չե՞ն գնել:
 
Այս աշխարհը նույնն է, բարեկա՛մս,
Չփորձես հանկարծ նրան փոխել,
Փոխվեցին կարծես հին տերերը,
Նորերը խաղում են հին դերեր:
 
Եվ մեր նորընծա ու խիստ տերերը
Մեզ դարձյալ փորձում են վախեցնել,
Մենք ասում ենք՝ դրանց տիրու մերը,
Մահը մեր վաղուց ենք մենք տեսել:
 
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Արդյոք նո՞ւյնն ես մնացել,
Ո՞ւմ հետ ես արդյոք հաց կիսել
Եվ ո՞ւմ հետ ընկերացել:
 
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Դու քո գույնը չե՞ս փոխել,
Քեզ իմ լա՛վ, իմ անգի՛ն ընկեր, 
Նոր տերերը չե՞ն...
 
Մեզ սեղմում են նոր ժամանակները,
Ինչպես երկաթե պնդօղակներ,
Մինչև վերջ ձգեք ձեր գոտիները,
Պետք է դիմանալ ու դիմադրել:
 
Եվ մեր անտարբեր ու բութ դեմքերը
Դարձել են արդեն մութ դիմակներ,
Մենք ընբռնումով տանում ենք բեռը,
Որը չենք կարող չհանդուրժել:
 
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Արդյոք նո՞ւյնն ես մնացել,
Ո՞ւմ հետ ես արդյոք հաց կիսել 
Եվ ո՞ւմ հետ ընկերացել: 
 
Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Դու քո գույնը չե՞ս փոխել,
Քեզ իմ լա՛վ, իմ անգի՛ն ընկեր, 
Նոր տերերը չե՞ն... կերել:

1994թ.

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկնքում ճախրող ոստիկաններ,
Ոստիկանատիպ մուրացկաններ,
Մուրացկանակերպ անգույն դեմքեր
Ու կերած-խմած ուրվականներ:
 
Բացուխուփ անող շատ բերաններ,
Ասես ափ նետած անթիվ ձկներ,
Հերթերում պատերազմող ձեռքեր,
Ո՞վ է այս ամենը հնարել:
 
Սա ի՞նչ հանելուկ է, սա շուտասելուկ է,
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան:
Սա ի՞նչ հանելուկ է, սա շուտասելուկ է, 
Ո՞վ է Տեր Աստվածն, ով՝ սատանան:
 
Որովայնամիտ ու բութ դեմքեր
Եվ անթիվ դատարկ որովայններ,
Բարքերի անկում, անկման բարքեր
Ու անկման եզրին կանգնած կարգեր:
 
Կուսականորեն շիկնած լրբեր,
Կուշտուկուռ կերած-խմած սրբեր,
Դզած ու փչած ու կեղծ կույսեր,
Կույսերից հիասթափված հույսեր:
 
Սա մի կուսանո՞ց է, թե սա բոզանոց է,
Ասե՛ք, ձայնազո՛ւրկ իմաստուններ: 
Ո՞ւր է անգլուխը՝ քաղաքագլո՞ւխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր:
 
Անգթությունից կոտրած սրտեր
Ու գթաբաժան առաքյալներ,
Խորհրդարանում խորհող այրեր
Ու նմանատիպ դեպքի վայրեր:
 
Մտավորական քրեականներ,
Կիսագողական ոստիկաններ,
Ղումարի նստած դասախոսներ
Ու նստած-ելած շատախոսներ:
 
Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը,
Մահվան հետ գիշեր են լուսացնում:
Իսկ ազգի տականքը՝ մեր ազգի քերանքը,
Թալանում է ազգը ու պղծում:
 
Նախագահական ընտրություններ,
Եվ անընտրելի նախագահներ,
Հալումաշ եղած անթիվ ստեր,
Ո՞վ է այս ամենը բեմադրել:
 
Գեներալատիպ մեծ գրողներ,
Գրողի տարած գեներալներ,
Գեներալամիտ նախարարներ
Ու նմանատիպ տարբեր բաներ:
 
Ո՞վ է նստած վերը, դրա տիրու մերը,
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան:
Ո՞րն է իրականը, տերն ու տիրականը
Էս անտերուդուրս անտերության:

1991թ.

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ

Ձյան սպիտակ վերմակի տակ
Հողը տաք է, այնքա՜ն տաք,
Ինչպես շունչը իմ մանկան
Քնի մեջ առավոտյան:
 
Քնի մեջ առավոտյան
Կա մի պահ հավերժության,
Փոքրիկիս իր երազում
Հրեշտակներ են այցելում:
 
Նա ժպտում է քնի մեջ,
Երբ երազն է օրորվում,
Բայց երազը ունի վերջ,
Երբ որ օրն է արթնանում:
 
Երբ որ օրն է արթնանում,
Իր հետ ո՞ւր է մեզ տանում,
Թե՞ երազ է դա մի նոր, 
Որ տեսնում ենք ամեն օր:
 
Պղտոր գետը հոգսերի
Մեզ տանում է դեպի վար,
Տո՛ւր ինձ ձեռքդ, բարեկա՛մ,
Մենք պետք է օգնենք իրար:
 
Մութ է, մութ է մեր ճամփան,
Չի երևում ոչ մի բան,
Խոսքերը մեկ են արել
Տեր Աստվածն ու սատանան:
 
Քեզ դեռ շատ կտրորեն,
Կծաղրեն ու կգնան,
Հետո կա՛մ կփոշմանեն,
Կա՛մ ուժեղ կհռհռան:
 
Բայց որքան էլ տրորեն,
Տրորեն ու հռհռան,
Չես դառնա դու սրիկա,
Մանկության փոքրի՛կ իշխան:
 
Հրաշքները չեն մեռնում,
Նրանք կան ու կմնան,
Թե հավատ կա քո սրտում,
Եվ կա սերը անանձնական:
 
Հրաշքները կմնան,
Քանզի կա փոքրիկ իշխան,
Որ սիրում է տիեզերքն
Ու աշխարհը այս դաժան:
 
Մի՛ լքիր, ինձ հե՛տ մնա,
Մանկության փոքրի՛կ իշխան,
Միասին պիտի անցնենք
Ճանապարհը Փորձության:
 
Մութ է, մութ է մեր ճամփան,
Չի երևում ոչ մի բան,
Խոսքերը մեկ են արել
Տեր Աստվածն ու սատանան:
 
Ձյան սպիտակ վերմակի տակ
Հողը տաք է, այնքա՜ն տաք,
Ինչպես շունչը իմ մանկան
Քնի մեջ առավոտյան:
 
Քնի մեջ առավոտյան,
Երբ որ ցողը վաղորդյան
Մարգարիտ է շաղ տալիս,
Վախենում եմ, սիրելի՜ս:
 
Մութ է, մութ է մեր ճամփան,
Չի երևում ոչ մի բան,
Խոսքերը մեկ են արել
Տեր Աստվածն ու սատանան:

1986-1987թթ

ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՊՈԵՏՆԵՐԸ ԵՎ ՇՆԵՐԸ ԸՆԿԵՐՆԵՐ

Ես ու լուսինը միասին
Մոտեցանք սառած ջրափոսին
Եվ գիշերը՝ ժամը երկուսին
Երգեցինք այս երգը այն մասին,
 
Թե ինչու են պոետները
Եվ շները ընկերներ,
Որովհետև նրանք գիշերը
Սիրում են լուսնոտ երգեր:
 
Որ մեր կյանքն աղավաղում են 
Ցերեկներն անիրական,
Գիշերները մենք գտնում ենք
Մեր դեմքերը իսկական:
 
Մո՛ւթ ամպեր, մի՛ փակեք լուսնի դեմքը,
Թո՛ւյլ տվեք զրույցը ավարտել, 
Ես, լուսինն, այն շունն ու ջրափոսը
Շա՜տ վաղուց իրար չենք հանդիպել:
 
Շունը, որ կանգնած էր իմ կողքին,
Դունչը մոտեցրեց ջրափոսին,
Նա այնտեղ տեսավ կլոր լուսնին
Եվ ասաց դատարկ այդ ափսեին:
 
Որ իր հայրը ցեղական էր,
Մայրն՝ անհայտ ցեղի մի շուն,
Նրանց կապն օրինական չէր,
Ու ծնվեց մի որբ անտուն:
 
Որ անվերջ այս գզվռտոցը
Հանուն մի կտոր հացի
Ապրելու միակ միջոցն է,
Որ կյանքից չուտես քացի:
 
Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է,
Ուր լուսնի դատարկ ափսեն է շողշողում,
Կան մարդիկ, որոնք այնտեղ թքում են,
Իսկ ոմանք լուսին են որոնում:
 
Եվ հանկարծ, ջրափոսից սառած,
Դուրս լողաց լուսինը սփրթնած,
Նա մեզ մոտեցրեց իր դեմքը թաց
Եվ ահա՛ թե ինչ նա շշնջաց:
 
Որ երգերը մեր ցավերն են՝
Բոլորից թաքուն պահած,
Որ գիշերը մենք ոռնում ենք՝
Աշխարհի դեմ դառնացած:
 
Ու մի պահ մեր դեմ բացում է
Դրախտի դռներն Աստված,
Շներին նա կերակրում է
Ու փակում վերքերը բաց:
 
Իսկ այնտեղ բոլոր շները կուշտ են,
Պոետներն ունեն գինի ու հաց,
Եվ երգերն այնտեղ ոչ թե ոռնում են,
Այլ երգվում են մինչև լուսաբաց:
 
Ու պոկում են շղթաները
Պոետները ու շները կատաղած,
Գիշերվա մեջ համբարձվում է
Նրանց երգն աղոթք դարձած:
 
Ու թռչում են պոետները
Շների հետ խենթացած,
Այնտեղ, ուր արդեն բացել է
Դրախտի դռներն Աստված:

1983թ.

ՆՈՐ ՏԱՐԻ

Պստիկնե՛ր, շո՛ւտ հավաքվեք
Ու կլոր շրջան կազմե՛ք,
Երգե՛ք երգն այս ու պարե՛ք,
Նոր տարին դիմավորե՛ք:
 
Նո՛ր տարի, Նո՛ր տարի,
Գալդ թո՛ղ լինի բարի:
 
Պայծառ ժպիտով արի,
Դու՝ բարի մեր Նո՛ր տարի,
Բոլորիս երազանքները
Այս տարի դու կատարի՛ր:
 
Բե՛ր անուշ կարկանդակներ,
Եվ ուրախ ու նոր խաղեր,
Բե՛ր նվեր, հույսեր ու սեր,
Մեր բարի՜, մեր լա՜վ ընկեր:
 
Նո՛ր տարի, Նո՛ր տարի,
Գալդ թո՛ղ լինի բարի:
 
Իսկ հետո՝ կեսգիշերին,
Հյուր կգա Ձմեռ պապին
Ու կասի նա բոլորին.
- Շնորհավո՜ր ձեր Նոր տարին:
 
Նո՛ր տարի, Նո՛ր տարի,
Գալդ թո՛ղ լինի բարի:

ԹԶՈՒԿԸ

Ճերմակ մորուք, կարմիր մեծ քիթ,
Բարի աչքեր…
Քայլում էր նա՝ դեմքին ժպիտ,
Ձեռքին՝ լապտեր:
Ու քթի տակ մրթմրթալով
Ինչ-որ բառեր՝
Քայլում էր նեղ արահետով
Թզուկը ծեր:
 
Երբ նա հասավ մեծ անտառի
Մութ բացատին,
Հանեց ուսից պարկապզուկն
Իր թանկագին,
Ու արթնացրեց ոգիներին
Անտառային,
Երբ նվագեց կախարդական
Այս մեղեդին:
 
Իսկ հետո փոքրիկ թզուկը
Թաքցրեց հոգու հուզմունքը
Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով,
Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով:
 
Ու երբ հնչեց կախարդական
Այս մեղեդին,
Ծղրիդների, մորեխների հետ միասին
Հայտնվեցին կայծոռիկներ՝
Ոսկե-դեղին,
Ու փայլեցին մութ անտառում
Կեսգիշերին…
 
Մի մութ անտառ, մի մեծ լուսին,
Մի կեսգիշեր,
Լուսնի լույսի տակ թևածող
Թիթեռնիկներ,
Ու մի թզուկ, որն արթնանում
Կեսգիշերին
Ու նվագում էր մոգական
Այս մեղեդին:
 
Մի մութ անտառ, մի մեծ լուսին,
Մի կեսգիշեր,
Մի ծեր կաղնի, որը գիտեր
Շատ գաղտնիքներ,
Ու մի փչակ, ուր ապրում էր
Թզուկը ծեր,
Որը ուներ կարմիր մեծ քիթ,
Բարի աչքեր:
 
Իսկ հետո փոքրիկ թզուկը
Ցած դրեց պարկապզուկը
Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով,
Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով:

ԳԻՇԵՐՎԱ ԱՍՏՂԱԶԱՐԴ ՆԿԱՐՈՒՄ

Գիշերվա աստղազարդ նկարում
Արթնացան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:
 
Նա փակեց քո աչքերը հոգնած
Ու լցրեց քո հոգին պատրանքով.
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:
 
Մոտեցի՛ր ու բա՛ց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ.
Երևաց կարմիր արևը,
Տես՝ թռչում է նա երկինք:
 
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ հրաշք նկարը՝
Այս ծառերն ու այս այգին:

ԼՈՒՍԱԲԱՑԻ ԵՐԳԸ

Տե՛ս՝ երկինքն այսօր ինչքա՜ն կապույտ է,
Ամպերը ճերմակ առագաստներ են,
Տե՛ս՝ լողում է նավը՝ առագաստանավը,
Երկնքի կապույտ ծովում:
 
Ու քամին քշում է առագաստանավը
Երկնքի կապույտ ծովում,
Ու քամին տանում է առագաստանավը,
Ու կորչում հեռո՜ւ-հեռվում:
 
Դու լսի՛ր՝ երգում են թռչունները.
Այդ քնած անտառն է արթնանում:
Լուսաբացի երգը, լուսաբացի երգն է
Անտառի կողմից լսվում:
 
Եվ լուսաբացի փոքրիկ թռչունը,
Եվ ամպերը ոսկեթև,
Տե՛ս, երգում են լուսաբացի երգը,
Լուսաբացի երգը մեր:
 
Դու լսի՛ր՝ երգում են թռչունները.
Այդ քնած անտառն է արթնանում:
Լուսաբացի երգը, լուսաբացի երգն է
Անտառի կողմից լսվում:

ԶԱՏԻԿ

Կլոր զատիկ,
Կարմիր հատիկ՝
Դաշտի մեջ մոլորվեց.
Առվի եզրին տեսավ ծաղիկ,
Ծաղկի վրա քնեց:
 
Դաշտում՝ դեղին ծաղիկ,
Ծաղկի վրա՝ զատիկ,
Կլոր-կարմիր հատիկ,
Սև-սև ու պուտպուտիկ:

ԿԱՊԻԿ

Խոսք՝ Ժողովրդական
Պիկ-պիկի-պիկ, ա՛յ կապիկ,
Հագել ես ալ շապիկ,
Կապել ես շալ գոտիկ,
Կանգնել ես ոտի:
 
Մին վեր-վեր կցատկես,
Մին էլ սուտ կսատկես,
Մին կելնես կուզեկուզ,
Դե՛ս պուպուզ, դե՛ն պուպուզ:

ԾԱՓԻԿ, ԾԱՓԻԿ ԾԻՐԱՆԻ

Խոսք՝ Ժողովրդական
Ծափիկ, ծափիկ ծիրանի,
Հովը թել-թել կտանի
Իմ սիրունիկ բալիկի
Ոսկեթել մազիկները:
 
Փսուսավոր աղավնի
Վառ-վառ վարդի նմանի.
Ձյունից ճերմակ մատիկներ
Կուզեն ոսկե մատանի:

ԱՐԵՎ-ԱՐԵՎ, Ե՛Կ, Ե՛Կ

Խոսք՝ Ժողովրդական
Արև-արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վե՛ր եկ,
Սև-սև ամպեր, հեռացե՛ք,
Արևին ճամփա՛ բացեք:
 
Թողե՛ք՝ նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վե՛ր եկ:
 
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տե՛ս-տե՛ս՝
Պսպղում է ոսկու պես:

ԼՈՐԻԿ

Խոսք՝ Ժողովրդական
Առավոտից փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով,
Արտի միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:
 
Կլորիկ-գլորիկ, ա՛յ լորիկ,
Օլո՜ր-մոլո՜ր, շորորի՛կ:
 
Լորիկ-լորիկ, էս տարի
Արտս արել եմ գարի.
Ուր որ գնաս, շո՛ւտ արի,
Արտիս միջին ծվարի:
 
Կլորիկ-գլորիկ, ա՛յ լորիկ,
Օլո՜ր-մոլո՜ր, շորորի՛կ:

ԴՈՒ ԿԱՊՈՒՏԱԿ ԾՈՎՈՎ ԱՐԻ

Դու կապուտա՜կ ծովով արի՛,
Թեթև՜-թեթև՜ հովով արի՛,
Արի՜, արի՜, սիրո՜ւն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բե՛ր:
 
Ծիծեռնակով գարուն կգա,
Անծիծեռնակ գարուն չկա,
Արի՜, արի՜, սիրո՜ւն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բե՛ր:

ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ

Խոսք՝ Սուրեն Գյուլխասյանի
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա:
 
Իմ փոքրի՜կ նավակ,
Իմ փոքրի՜կ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ:
 
Իմ փոքրի՜կ, փոքրի՜կ նավակ,
Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում,
Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում
Գետի ալիքները խելագար:
 
Իմ փոքրի՜կ նավակ,
Իմ փոքրի՜կ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ:
 
Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց:
 
Իմ փոքրի՜կ նավակ,
Իմ փոքրի՜կ նավակ,
Դու հասա՞ր, արդյոք,
Ծովին կապուտակ:
 
Թե՞ ճանապարհին
Խորտակեց քամին,
Եվ դու քնեցիր
Գետի հատակին:

ՕՐՈՐ

Ես հնարել եմ այս երգը,
Որ դու հանկարծ չտխրես,
Որ կորցրած քո երազը
Քո քնի մեջ դու գտնես:
 
Որ դու սիրես այս աշխարհը
Ու հավատով այդ ապրես.
Դու քո կյանքի ճանապարհը
Միշտ լուսավոր կտեսնես:
 
Թե մթնի քայլելու քո ճամփան մի օր,
Թո՛ղ հնչի իմ այս երգը՝ որպես օրոր:
 
Քոնն է հրաշք այս աշխարհը,
Եվ այս հեքիաթն իրական,
Եվ այս դաժան մոլորակը,
Եվ փորձության քո ճամփան:
 
Ես հնարել եմ այս երգը,
Որ դու չհուսահատվես,
Քեզ պարգևած այս հրաշքը
Քո ձեռքից բաց չթողնես:
 
Հավատա՛ և սիրի՛ր, իմ փոքրի՛կ ընկեր,
Կյանքը այս քեզ տրված է՝ որպես նվեր:

ԾԻԱԾԱՆ

Արեգակը քեզ ուրախ ժպտաց.
Լուսաբաց է, պայծառ լուսաբաց:
Խոտերը դեռ թաց են,
Ծառերը՝ թրջված,
Ծիածան է երկնքից կախված:
 
Ծիածանը, երկնքից կախված,
Յոթ գույներով իր շողշողաց:
Օրը շշնջաց,
Օրը քեզ ասաց.
-Բա՛ց արա քո պատուհանը, բա՛ց:
 
Աքաղաղի ծուղրուղուն զնգաց,
Շնիկը հաչեց՝ պոչը տնկած:
Ծիածանը թաց,
Երկնքից կախված,
Նոր օրվա նկարն է զարդարված:
 
Արեգակի շողերը, տե՛ս,
Համբուրում են քեզ, համբուրում են քեզ:

ՀԵՔԻԱԹ

Կկատարվեն բախտագուշակ կնոջ խոսքերը,
Եվ երջանիկ արքայորդին քեզ կայցելի,
Եվ պարտեզում, որտեղ բացվել են ծաղիկները,
Նա քեզ քնքո՜ւշ, այնպե՜ս քնքուշ կհամբուրի:
 
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ վարագույրը գիշերվա կանհետանա,
Երբ քո սրտում կդողդողա թռչնակ կարոտը,
Այնժամ գարունը ցանկալի այցի կգա:
 
Արի՛ ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները,
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես:
Արի՛ ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է,
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես:
 
Երբ կփակվեն քո դեմ բախտի բոլոր դռները,
Երբ որ դառնաս դու բոլորին անցանկալի,
Երբ կվխտան քո շուրջ մարդկանց անհոգ դեմքերը,
Այնժամ դու ինձ քեզ մո՛տ կանչիր, ի՛մ սիրելի:
 
Դու քո մտքում պահիր գուշակ կնոջ խոսքերը
Եվ հավատա ճակատագրի կախարդանքին.
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ կայցելի քեզ երջանիկ արքայորդին:
 
Արի՛ ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները,
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես:
Արի՛ ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է,
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես:

ԵՎ ՈՒՂԻՂ ԺԱՄԸ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻՆ

Եվ ուղիղ ժամը տասներկուսին
Դուռը կթակի Ձմեռ պապին,
Ներս կմտնի նա, ուրախ կժպտա.
-Շնորհավո՜ր քո Նոր տարին,
Շնորհավո՜ր քո Նոր տարին:
 
Թող ուրախ տարի լինի,
Երազանքդ կատարվի,
Թող ամեն տարի
Այս հեքիաթը կրկնվի:
 
Պայծառ տոնածառը թող փայլի
Եվ այս օրը հավիտյան
Լուսավորի իր գույներով,
Եվ դու, կախարդված գույների մեջ,
Հեքիաթի մեջ լուսավոր,
Դառնաս բարի ու հավատաս,
 
Որ ամեն տարի տասներկուսին
Դուռը կթակի Ձմեռ պապին,
Ներս կմտնի նա, ուրախ կժպտա.
- Շնորհավո՜ր քո Նոր տարին:
 
Թող վառվեն բոլոր լույսերը,
Թող հնչեն ուրախ երգեր,
Դու սրբիր քո արցունքները
Ու ժպտա, փոքրի՛կ ընկեր:

Яндекс.Метрика