ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Խոսք՝ Միքաել Նալբանդյանի
Երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյան
Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար.
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ անկախ Հայաստան:
 
Ահա՜ եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի.
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
 
Նայիր նրան, երեք գույնով
Նվիրական մի նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
 
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց, երանի` որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

Խոսք և երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
 
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:
 
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբույն երկիր:
 
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:
 
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի զարկն եմ քո բազկի,
Ես մի շյուղն եմ քո հասկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Խոսք՝ Եղիշե Չարենցի
Երաժշտություն՝ Աշոտ Սաթյանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նարիյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
 
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
 
Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
 
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, ԱՐԱՐԱՏԻ նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ ՄԱՍԻՍ սարն եմ սիրում:

ԱԶԳ ՓԱՌԱՊԱՆԾ

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի
Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
 
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, հեյ ջան, 
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
 
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Խոսք և երաժշտություն՝ Միջազի
Բարով եկար, սիրուն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
Խոսիր ինձ հետ ազատորեն,
Կյանքս կնվիրեմ ես քեզ:
 
Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը,
Նորա սիրուն ես տանջված եմ,
Աչքերիցս կտրավ քունը:
 
Ազատ տեսա՞ր մեր լեռները,
Հաղորդեցի՞ր դու իմ սերը,
Այն լեռներու պաշտպանողը`
Արծվի կորյուն ճտերը:
 
Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան,
Եդեմական դրախտավայր՝
Նա կոչվում է Մայր-Հայաստան:
 
Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,
Արի առնեմ իմ թևերուն,
Գնանք, այնտեղ ուրախացուր:

ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ

Խոսք՝ Գեղամ Սարյանի
Երաժշտություն՝ Աշոտ Սաթյանի
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:
 
Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն են բուրում,
Ուր մանուկ որերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:
 
Հայրենիքն իմ սրտում`
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:

ՈՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ


Երաժշտություն՝ Մակար Եկմալյանի
Ո՜վ հայոց աշխարհ,
Հարազատ պայծառ,
Զավակներիդ օթևան,
Հավերժական հանգրվան:
 
Քո հպարտ երգը,
Քո ազատ կյանքը
Թող հընչի հավետ,
Թող ծաղկի հավետ:
 
Ո՜վ հայոց աշխարհ,
Դու ցնծա՛ դարեդար:

ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք՝ Հովհաննես Ղուկասյանի
Երաժշտություն՝ Արտեմի Այվազյանի
Իմ երկրի վրա շողում է սարը Արարատ,
Եվ խաղողը մեր ժպտում է քաղցր ոսկեհատ:
Փայլփլում է մեր Սևանը, լույս տալիս անվերջ,
Ու ծաղկում է Երևանը, իմ քաղաքը պերճ:
 
Թնդա՛ զվարթ, իմ երգ վարար,
Անցի՛ր աշխարհն արար,
Դու իմ սրտից թևեր առար,
Շողա՛, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արևաշող իմ Հայաստան:
 
Քաջագործ են ջահելները,
Մեր գարունն են թանկ,
Իմաստուն են ահելները,
Փառքն են ու պարծանք.
Ալվան վարդ են ծաղիկները,
Սերն է իմ վկա,
Ով տեսնի հուր աչիկները,
Էլ հանգիստ չկա:
 
Դաշտերում ուրախ հնչում է
Երգը անսպառ,
Թասերում կարկաչում է
Գինին ոսկեվառ.
Կուռ պողպատ է մեր երկիրը,
Հողը` ծաղկավետ,
Աստղափայլ են երգն ու գիրը,
Ռուսիան է մեզ հետ:

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք՝ Գեղամ Սարյանի
Երաժշտություն՝ Աշոտ Սաթյանի
Ամեն հայի սրտի համար
Ուրախություն, իմ Հայաստա՛ն,
Ճամփաներում հեռու խավար
Դու լույսի սյուն, իմ Հայաստա՛ն:
 
Զավակներիդ ձախորդ օրին`
Դու միշտ արթուն, իմ Հայաստա՛ն,
Դեպի քո գիրկ ետ դարձողին
Հարազատ տուն, իմ Հայաստա՛ն:
 
Դարեր եկան ու գնացին,
Դու աննկուն, իմ Հայաստա՛ն.
Մեր Արարատ սարի պես հին
Դու միշտ կանգուն, իմ Հայաստա՛ն:

ՔԱՐԱՎԱՆ

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Արտեմի Այվազյանի
Անապատով անափ, անցիր,
Իմ քարավան, քայլիր, անցիր,
Դեպի երկինքն հավետ գարնան`
Դու տար, ինձ տար, իմ քարավան:
 
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող խնդության
Արտասուքըս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան: 
 
Այնտեղ հնչում են երգ ու պար,
Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,
Եվ հայուհի մի արևոտ
Մնում է իմ դարձին կարոտ:
 
Այնտեղ Հրազդանն է կարկաչում
Եվ տուն է ինձ կարծես կանչում,
Ահա, գալիս եմ կարոտած,
Իմ Հայրենիք, քո գիրկը բաց:

ՀԱՅՈՑ ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

Մեր պապերուց մենք սովորել ենք,
Հայրենի հող պաշտպանել,
Ազատ ծնվել, ազատ մեռնել,
Հայրենին ազատ տեսնել:
Դարերով մենք տառապել ենք,
Բայց հա՛յ ենք մենք մնացել:
 
Ունեցել ենք Վան ու Սասուն,
Ղարս ու Իգդիր, Սուրմալու,
Շուն թուրքերը մեզ ստիպեցին՝
Ազգի համար ողբալու:
Բայց երդվում ենք, մենք Մասիսով,
Երբե՛ք, ծնկի չե՛նք գալու:
 
Սուրբ անունով պսակեցին,
Ու գոչեցին ֆիդային,
Գևորգին ու Անդրանիկին,
Մախլուտոյին Հրայրին.
Քո սուրբ գործը, քա՛ջ Արաբո,
Մենք չե՛նք թողնի որ մեռնի:
 
Արյուն թափինք, որ չմնանք՝
Գերի թուրքին ու քրդին,
Որ միշտ հիշենք, որ մենք ունենք՝
Հայրենիք դրախտային:
Այն եղել է միշտ բուրաստան,
Կոչվում է - ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

ԳՅՈՒՄՐԻ-ԼԵՆԻՆԱԿԱՆ

Խոսք՝ Հովհաննես Շիրազի
Երաժշտություն՝ Վլադիլեն Բալյանի
Հայաստանի աղն ես, Գյումրի,
Դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտության մաղն ես, Գյումրի,
Դու իմաստուն, միամիտ:
 
Աղջիկներդ տնարար են,
Անմահության օրորոց,
Տղաներդ շինարար են,
Դու հանճարեղ քարագործ:
 
Դու իմ Գյումրի-Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր:
 
Դու երգարան Հայաստանի,
Երգիչների ակնաղբյուր,
Հերիք է լա քաղաքն Անի,
Ել, մի կյանք էլ նրան տուր:
 
Արագածդ արքայական
Ոսկե թագն է քո հողի,
Քո մի քարն էլ, Լենինական,
Աշխարհի հետ չեմ փոխի:
 
Դու իմ անուշ ծննդավայր,
Շիրազամայր իմ Գյումրի,
Դու մի բուռ ես, բայց մի աշխարհ,
Դու իմ արծիվ, իմ Գյումրի:
 
Շիրազն ասած` գիշեր ու տիվ,
Քեզ եմ երգում իմ Շիրակ,
Արագածին բազմած արծիվ,
Հավերժ կապրես, իմ քաղաք:

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ

Խոսք՝ Արշալույս Սարոյանի
Երաժշտություն՝ Լեյլա Սարիբեկյանի
Երազիս մեջ կարոտավառ
Համբուրեցի հողն հայրենի,
Վարդերի հետ արտասվեցի՝
Արցունք դառավ ցողն հայրենի:
Մասիսն հեռվից նայում էր ինձ,
Արագածն էր ոտքերիս տակ,
Ծաղիկների թերթերի հետ
Սիրտս լվաց շողն հայրենի:
 
Երբ շուրթերս գետնին կպան՝
Թվաց արևն եմ համբուրում,
Թվաց թե իմ Հայաստանի
Բոլոր սարերն եմ համբուրում,
Մեր դյուցազուն նախնիների
Շիրմաքարերն եմ համբուրում,
Նվիրական նոր հույզերով
Սիրտս լցրեց հողն հայրենի:
 
Օտար մեղրից հազար անգամ
Քաղցր է ծիլը հայոց հողի.
Հայրենիքիս կաթիլ ջուրը
Մի օվկիանի հետ չեմ փոխի,
Սրբություն են քուլաները
Երդիկներից ելնող ծխի,
Թող հար-հավերժ կանաչ մնա
Նվիրական հողն հայրենի:

ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք և երաժշտություն՝ Շմավոն Թադևոսյանի
Բազմել ես բարձրաբերձ լեռների գրկին,
Ծաղկել ես, ծովացել, հայրենիք անգին:
 
Շողա՛, հայրենիք, պայծառ լույսերով,
Ցնծա՛, հայրենիք, ուրախ երգերով:
Փա՛ռք քեզ, երկիր հաղթական,
Փա՛ռք քեզ, մեր Հայաստան: 
 
Ուղին մեր անշեղ է, գործը մեր՝ արդար,
Գալիքն է կանչում մեզ լույսերով պայծառ:
 
Թող հնչի երգը մեր աշխարհից աշխարհ,
Թող հավերժ ճառագի արևը պայծառ:

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԱՐՈՒՆԸ

Խոսք՝ Դ. Չարխչյանի
Երաժշտություն՝ Արտեմ Լուսինյանի
Բացվի՛ր, իմ երկրի դու չքնաղ գարուն,
Դու ջերմ ես յարիս համբույրի նման.
Վառիր ամենուր սեր ու խնդություն,
Բացվի՛ր, իմ երկրի գարուն աննման:
 
Յարիս աչերի նման կապուտակ
Երկինքդ ջինջ է, իմ անուշ գարուն,
Վարդերդ ալվան, հրեղեն կրակ,
Յարիս այտերի նման վառվռուն:
 
Բացվի՛ր, իմ երկրի գարուն ծաղկավառ,
Ամեն ծաղկիդ մեջ գարուն եմ տեսնում.
Ծաղկում ես, բուրում ամենքի համար,
Քո լույս հմայքին հմայք չի հասնում: 

ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Ես ջուր եմ խմել ամեն աղբյուրիդ
Անուշ ակունքից, անուշ Հայաստան,
Ինձ օրորել է ամեն մի ուռիդ,
Արար աշխարհից, անուշ Հայաստան:
 
Ամպիդ արցունքը շաղիկն է սրտիս,
Առվիդ կարկաչը տաղիկն է սրտիս,
Քո այն չոր քարն էլ ծաղիկն է սրտիս,
Ոսկե ծաղկունքից, անուշ Հայաստնա:
 
Դու ծառաստան ես, ես՝ ծառ գարունքիդ,
Նվագարան ես, ես՝ լար գարունքիդ,
Նոր նվագարան ես, ես՝ բառ գարունքիդ, 
Հազար մի երգից անուշ Հայստա՛ն:

ՈՎ ՀԱՅՈՑ ՍԱՐԵՐ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Դուք բարձրանուն, ով հայոց սարեր,
Հողմերի դեմ դուք միշտ անպարտ սարեր:
 
Ձեր լանջերին՝ ծուխն է իմ տան,
Ձեր գագաթին՝ լույսն է իմ տան,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:
 
Ամեն տեղից եք դուք ինձ երևում,
Դուք միշտ երկնահաս ու միշտ վերևում:
 
Ձեր ուսերին դարեր ունեք,
Հազար եղբայր սարեր ունեք,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:
 
Հեյ ջան, հեյ ջան, հայոց սարեր,
Հեյ ջան, հեյ ջան, ամրոց սարեր,
Դուք միշտ հպարտ, անպարտ սարեր:
 
Ձեր լանջերին՝ ծուխն է իմ տան,
Ձեր գագաթին՝ լույսն է իմ տան,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:

ԼԵՌՆԵՐ ՀԱՅՐԵՆԻ

Խոսք՝ Վահան Արամունու
Երաժշտություն՝ Արամ Մերանգուլյանի
Ա՛խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կարոտել եմ ձեզ,
Սիգապա՛նծ լեռներ հայոց աշխարհի,
Վազել եմ, հոգնել ձեր լանջերում ես,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի:
 
Ձեր գագաթներից ամպերն են սահել
Ինչպես Ձորն իջնող հոտը գառների,
Կուզեի հիմա ձեր գրկում լինել,
Ձեզ փարվել նորից, լեռնե՛ր հայրենի:
 
Զմրուխտյա՛ լեռներ, սիրտս ձեզ թողի
Ու ինձ հետ տարա բույրը վարդերի.
Իմ երակներում ուժն է մայր հողի,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի:

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ

Խոսք՝ Սերգեյ Հարությունյանի
Երաժշտություն՝ Լեյլա Սարիբեբկյանի
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ
 
Խոսք՝ Սերգեյ Հարությունյանի
Երաժշտություն՝ Լեյլա Սարիբեբկյանի
 
Արագածը երկնից իջած սիրածով,
Պարիր երկիր պարիր երկինք պարիր հող,
Ծիրանատուն ծիծաղներից զարթնի թող,
Ամեն հայի սրտում մի շող հոգեթող:
 
            Միասնության շուրջպար բռնենք միական,
            Լինենք ընկեր լինենք եղբայր բարեկամ,
            Արագածի լանջերին ծով ծովանանք,
            Դառնանք բարի դառնանք զորեղ ուժ դառնանք։
 
Ձեռքը իմն է ձեռքը քոնն է պարը մեր,
Հոգսը իմն է հոգսը քոնն է հույսը մեր,
Տարին հայի անմեկին է դարը մեր,
Մութը իմն է, մութը քոնն է լույսը մեր:
 
            Միասնության շուրջպար բռնենք միական,
            Հայը հային ընկեր եղբայր բարեկամ,
            Արագածի լանջերին ծով ծովանանք,
            Դառնանք բարի դառնանք զորեղ ուժ դառնանք:

ՈՐԴՈՒՍ

(ԵՐԿԻՐ ՆԱԻՐՅԱՆ)
 
Հուզվում եմ որդիս, երբ առաջին անգամ
Բացում ես գիրքը հայոց պատմության
Ուսանիր դու սիրով պատմությունը ազգիդ
Սեպագիր քարերից մինչև մագաղաթ:
 
Երբ հայն իր կյանքում ազատություն է փնտրել
Հալածանք, արցունք և արյուն է տեսել
Վկա են այսօր տաճարները մեր հին,
Որ քանդել, ավերել ու պղծել է թշնամին:
 
Չքնաղ իմ երկիր Նաիրյան,
Մեսրոպյան գիրը մեր սրբազան
Խաչքարերն ու վանքերը մեր,
Գիտցիր, որ սուրբ է հողն հայկական:
 
Երբ հայն իր կյանքում երջանկություն է փնտրել
Հավատն է նրան միշտ ուղեցույց եղել
Հավատն է տվել հույս, հավատն է տվել լույս,
Սիրով պահպանիր որդիս հավատքն ազգիդ:
 
Աշխարհն այսօր մեր ողբն է ողբում,
Կիսում է մեր վիշտը, սրտանց կարեկցում,
Չար բախտն է հային ամենուր հալածում,
Բայց հայը միշտ կա ու կլինի աշխարհում:
 
Արիացիր որդիս առաջին անգամ
Վկա ես ողբին հայոց ազգության
Ձեզ հետ ենք կապում ապագան մեր ազգի
Բազմացրեք շենացրեք դուք հողը հայրենի:

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք՝ Շառլ Ազնավուրի
Երաժշտություն՝ Ժորժ Կառվարենցու
Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո -
Քեզ համար, Հայաստան...
 
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսափից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո -
Քեզ համար, Հայաստան...
 
Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա...
 
Եթե քո բախտն ես անգամ անիծում,
Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
Ճակատագիրդ ամուր պահելու...

ՋԱՎԱԽՔ

Խոսք՝ Հակոբ Սրապյանի
Երաժշտություն՝ էդուարդ Թամարյանի
Հայի կարոտ էրզրումը սպասում է մեր կանչին,
էրզրումյան հողի հունդն էր՝ նոր շունչ տվեց Ջավախքին,
Ծաղկեց հողս պապենական՝ եդեմական իմ երկիր,
Ջավախք աշխարհ, մենք չենք թողնի դու էլ դառնաս տարագիր:
 
Հայոց ոգու անառիկ բերդ, դու մաքրության ավազան,
Քո արյունին չի խառնվել երբեք արյուն այլազան,
Փառք քեզ, Ջավախք պատվելի, պաշտելի մայր սիրասուն,
Քեզ հետ պիտի մի օր հասնենք Վան, էրզրում ու Սասուն:
 
Քանի ոսոխ ու ելուզակ հողիդ վրա սողացել,
Աբուլ լեռան թագի նման՝ անառիկ ես մնացել,
Քանքարավոր զավակներով փառքն ես օծել հայության,
Մայր Հայաստան ծնողի դեմ բաց դուռ եղել գթության:
 
Ծաղկաժպիտ լեռ ու դաշտեր, ջրեր ունես մաքրաջինջ,
Աստղամոմեր վառած երկինք, որ չի բերում քուն և նինջ,
Բերդ ու ամրոց ու խաչքարեր՝ մեր հավատի սուրբ նշան,
Զավակներդ՝ մի-մի արծիվ՝ մեկը մեկից պատվարժան:
 
Փարվանան է քո գեղուհին, Թմկա բերդը՝ ապավեն,
Ախալքալաք, Ախալցխադ, Ծալկադ պիտի դեռ ծաղկեն,
Ջիվանի, Վահան Տերյան, Հավասի ու Ազնավուր
Տարածել են փառքիդ լույսը աշխարհով մեկ հայաբույր:

ԻՄ ԱՆԻ

Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի
Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Նորից ինչպես ուխտավոր
Ծունկ եմ իջել քո շեմին
Ու նայում եմ լուռ ցավով
Ավերակված քո դեմքին:
Խեղված դեմքով էլ դարձյալ
Վեհաշուք ես դու մնում,
Ու, քեզնով ես հիացած,
Փառքիդ օրերն եմ հիշում:
 
Ներիր, որ ուշ եմ այսքան,
Մոտդ գալիս, իմ Անի՛,
Թեկուզ ամեն օր էլ գամ,
Իմ կարոտը չեմ առնի:
Թե քեզ մտքիցս էլ հանեմ,
Բայց իմ սրտից չեմ հանի,
Կյանքս մատաղ քեզ անեմ,
Միայն շնչես, իմ Անի՛:
 
Հիմա քամին է փարվում
Քո վիրավոր ափերին,
Ու անձրևն է գուրգուրում,
Սրբում փոշին դարերի:
Ախուրյանն էլ մոլորված
Քո սուրբ փեշերն է լիզում,
Փրփուրի մեջ նա կորած,
Փառքիդ օրերն է նա հիշում:

ԱՐՓԱ - ՍԵՎԱՆ

Խոսք՝ Յուրի Սահակյանի
Երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի
Դյուցազուն լեռների լանջերին թիկնած,
Ալեհեր դու ճամփորդ, իմ Սևան,
Կյանք ես տվել դու մեր սրտերին պապակ,
Դու ծարավ ես հիմա ու հոգնած,
Դու ծարավ ես հիմա ու հոգնած:
 
Երազ Սևան, ծարավ իմ Սևան,
Բարձրիկ ծովերի արքա,
Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան,
Քո գիրկն է շտապում Արփան:
 
Փոխելով իր ճամփան դարավոր ու հին,
Հեռավոր տեսիլքովդ հարբած,
Խենթաբար ճեղքում է շղթան լեռների
Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան,
Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան:
 
Քո կապույտ հմայքիդ, հավերժիդ համար,
Մենք ճամփա ենք պոկում լեռներից,
Որ ծփաս դու հավետ, որ լինես անմար,
Թև-թռիչք տաս քո զավակներին,
Թև-թռիչք տաս քո զավակներին:

ԿԻԼԻԿԻԱ

Խոսք՝ Նահապետ Ռուսինյանի
Երաժշտություն՝ Գաբրիել Երանյանի
Երբ որ բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիր մեր Արմենիո,
Երբ փայլեն յուր քաղցրիկ օրեր,
Երբ որ ծիծեռն իր բույնն դառնա,
Երբ որ ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհն, որ ինձ ետ տուր արև:
 
Տեսի դաշտերըն Սուրիո
Լյառն Լիբանան և յուր մայրեր.
Տեսի զերկիրն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ,
Կղզի, նման չիք մեր Կիպրիա,
Եվ որ մեկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհն` որ ինձ ետ տուր արև:
 
Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կավարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև՝
Երթամ ննջել զիմ Կիլիկիա,
Աշխարհն՝ որ ինձ ետ տուր արև:

ՎԵՐԱԿԱՆԳՆԻՐ ԿԻԼԻԿԻԱ

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Չի մարի մեր մեջ կրակը երբեք.
Մեր նպատակին մենք պիտի հասնենք՝
Որպես հայկական թագավորություն
Հողն հայրենական Կիլիկիան տեսնենք:
 
Իմ չքնաղ երկիր, չքնաղ Կիլիկիա,
Վերածնունդդ շուտով պիտի գա,
Կամքով հայության աշխարհատարած
Կվերականգնի փառքը մեր նախնյաց,
Բռունցքով հայության ողջ սփյուռքատարած
Կվերականգնի փառքը մեր նախնյաց:
 
Կվերածնվի Սմբատ սպարապետ,
Նոր Հեթում արքա, Մլեհ, Օշին փայլ,
Ու հայոց ծոցից հաղթական շուքով
Քո նավատորմը դուրս կգա բաց ծով:
 
Հայկազյան շնչով կկցվեն Սիս, Վան,
Մուսլեռ, Զեյթուն, Այասն, Ադանան,
Հաջնո հաղթ դրոշներ քո արքայական
Տավրոս լեռներն ի վեր պիտի փողփողան:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ


Երաժշտություն՝ Ռուբեն Ղազարյանի
Շող գարնան բույրն առել ես,
Շոգ ամռան դու արև ես,
Շեկ աշնան հետ շողում ես, ի՛մ աշխարհ:
Մեզ համար դու միակն ես,
Մեր հոգու արեգակն ես,
Մեր սրտի վառ երազն անմահ:
 
Դու Հայոց մեծ վրանն ես,
Մեր խաղաղ օրորանն ես,
Մեր կյանքի դո՛ւ կապույտ կամար:
 
Արարատյան դաշտի շեկ վազն է մեզ ժպտում,
Երկնքի լույսն էլ է մեզ գրկում,
Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում
Դառնում կյանքի երջանկություն:
 
Մեր հողի ուժն առատ է,
Մեր հոգու ուժն առատ է,
Մեր Մասիս սեգ սարի դեմ մենք կանգուն,
Արևի պես անմար ենք,
Դարերի պես անմահ ենք,
Մեր հպարտ մեր լեռնոտ երկրում:

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ

Խոսք՝ Հովհաննես Շիրազի
Երաժշտություն՝ Մաժակ Թոշիկյանի
Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝
Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ:
 
Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:
Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մասիսի՝
Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:
 
        Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև
        Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:
 
Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,
Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ:
Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,
Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ:
 
Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակ՝ Հայկեմ Անին ու նոր մեռնեմ:
Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ:
 
        Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ,
        Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:

ՂԱՐԱԲԱՂ

Ով չի տեսել Ղարաբաղը, չի տեսել հրաշք աշխարհը,
Չի հասկանա երգը իմ երբեք,
Ով չի տեսել այս աշխարհը, բացատրելը անհնար է,
Չի գտնի հեքիաթն այս ոչ մի տեղ:
Ես սիրում եմ քո լեռները, էն կանաչ քո անտառները,
Հրաշք ու աննման երկիր Արցախ,
Թող փայլեն քեզ վառ աստղերը, թող ժպտան քո աղջիկները,
Լեռնային աշխարհ իմ Ղարաբաղ...
 
Գնանք Շուշի քեֆ անենք, հողն ու ջուրը քո գովենք,
Մարտունի ու Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ,
Լցրեք գինին քեֆ անենք, ջան ասենք ու ջան լսենք,
Ժենգյալով հաց, թոթի արաղ, արի գնանք մեր Ղարաբաղ...
 
Գանձասարն ու Դադիվանքը, Ամարասն ու Գտչավանքը,
Բնությունը քո հեքիաթային,
Գետի ձուկն ու թոնրահացը, խաշլաման ու խորովածը,
Մուշկեթի, նռան կարմիր գինին:
Թող ծաղկեն քո գարունները, քո մասին հնչեն երգերը,
Ամեն օրդ թող բարի լինի,
Քո երկինքն, արևն ու օդը, օդը, թոթը, թվանքի կոթը,
Թող Աստված երկիրը այս օրհնի...
 
Գնանք Շուշի քեֆ անենք, Հադրութում մի թաս խմենք,
Մարտունի ու Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ,
Լցրեք գինին ջան ասենք, ջան ասենք ու ջան լսենք,
Ժենգյալով հաց, թոթի արաղ, արի գնանք մեր Ղարաբաղ...

ՂԱՐԱԲԱՂ

Դուք լեռներ հայոց` բարձր և վսեմ,
Մենք ձեզ ենք կանչում բոլորս միաձայն,
Ու որպես պատնեշ հայոց ազգության,
Դուք լեռներ հայոց, եղեք մեզ պաշտպան:
 
Ոտքի են կանգնել ջահել և ահել,
Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել:
Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ,
Արցախին լինեք դուք միշտ պահապան:
Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն,
Ղարաբաղ, մեր ազգի սրբություն,
Ղարաբաղ, դու լինես միշտ կանգուն,
Մենք միշտ քեզ հետ ենք, քեզ հետ ենք մենք,
Մեր սրտի խորքում:
 
Եկեք մեծ պատվով ցածր խոնարհվենք
Արցախում զոհվող քաջ մարտիկներին,
Այն տղաներին, որոնք մեզ համար
Կյանք, արյուն այնքան չխնայեցին:
 
Դուք սգո մայրեր արցունքներով լի,
Որ սպասում եք միշտ ձեր զավակներին,
Հայոց աղջիկներ, դուք միշտ նվիրեք,
Արու զավակներ ձեր հայրենիքին:

ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք և երաժշտություն՝ Լազարե Տեր-Գրիգորյանի
Վերադարձիր մայրիկ իմ հայրենի
Լսիր իմ լացը, կարոտ եմ քեզի
Քեզ սպասում եմ ես արդեն շատ տարի
Վերադարձիր իմ սիրելի մայրիկ:
 
Հայաստա՜ն, տես իմ արցունքները Հայաստան, 
Լացում եմ, չեմ կարող քո մոտ գալ, չեմ կարող
Հայաստա՜ն, մոտիկ եմ, բայց չեմ կարող
Քեզ հետ միանալ, միանալ: 
 
Ինչքան կարող է մարդ հանգիստ լինել,
Որքան կարող է սրտում ցավ պահել,
Երբ մենք ուզում ենք, որ գոնե այսօր
Մեր մայրիկի հետ ապրենք սիրելով:
 
Լսե՛ք ինձ իմ քույրեր և եղբայրներ
Այսօր մեզ հետ են բոլոր մեր հայեր,
Ճանապարհից ետ չենք դառնա երբեք՝
Պետք է հաղթենք, պետք է հա՛յ միշտ լինենք:

Яндекс.Метрика