ԿՈՄԻՏԱՍ

ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք՝ Միրզա Վանանդեցու
Հայաստա՛ն, երկի՛ր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ հայրենիք,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:
 
Ի վեհ անունդ իմ, ո՛հ հույժ
Ոգևորի ի նոր խրախույս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ՝ ի քեզ հույս իմ միայն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:
 
Հայաստա՛ն, անո՛ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:
 
Գետք քաջառաջք ադենբուխ,
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ փառք իմ միայն:
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:
 
Հայաստա՛ն, ծնո՛ղ դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան,
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:
 
Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն.
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

ԿՌՈՒՆԿ

Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
 
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
 
Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
 
Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
 
Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:

ԱՆՏՈՒՆԻ

Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:
Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:
                Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:
 
Սև ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կզարներ, չէր խառնի հիրոր:
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր:
Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր:
                Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:

ԴԼԵ ՅԱՄԱՆ

Դլե յաման
Գյամին էկավ կրակի պես,
Վա՜յ, դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման:
 
Դլե յաման,
Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,
Վա՜յ, դլե յաման,
Մենք սիրեցինք առանց իմաց
Յաման, յաման:
 
Դլե յաման,
Արև դիպավ Մասիս սարին,
Վա՜յ, դլե յաման,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յաման, յաման:
 
Դլե յաման,
Քամին էկավ երան-երան,
Վա՜յ, դլե յաման,
Գյամին հասավ ծովու բերան,
Յաման, յաման:
 
Դլե յաման,
Քամին էկավ, առավ բերդին,
Վա՜յ, դլե յաման,
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին,
Յաման, յաման:

ԾՈՎԱԿ

Խոսք՝ Րաֆֆու
(Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ)
 
Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:
Շարժեցե՛ք, զեփյո՛ւռ, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերի հետ:
 
Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա,
Մի՞ թե միշտ այսպես կմնա Հայաստան
Փշալից անապատ, երբեմն բուրաստան:
 
Մի՞ թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կլինի ծառա օտար իշխանի,
Մի՞ թե Աստծո աթոռի մոտին
Անարժան է հայն և հայի որդին:
 
Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք:
 
Դժվար այդ, միայն, տեսուչդ վերին,
Կենդանացրո՛ւ հայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լույս գիտությամբ,
Որով իբր էակ նոքա բանական
Կճանաչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կլինի գործովք տիրոջ փառաբան:

ԵՐԱԶ

Խոսք՝ Սմբատ Շահազիզի
Ես լսեցի մի անուշ ձայն.
Իմ ծերացած մոր մոտ էր,
Փայլեց նշույլ, ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։
 
Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ,
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երա՜զ էր, ցնորամիտ։
 
Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր,
Մորս համբյուրն, ես զգացի,
Ա՜խ, ափսոս, որ երազ էր։
 
Կրծքին սեղմեց, կարոտագին,
Աչքերս սրբեց. շատ թաց էր:
Բայց արտասուքս, գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...

ԿԱՆՉԵ, ԿՌՈՒՆԿ

Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է:
            Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան գարուն է,
            Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան գարուն է,
            Ա՜խ, սիրտս արուն է:
 
Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի արոտ է,
Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է:
            Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արոտ է,
            Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արոտ է,
            Ա՜խ, սիրտս կարոտ է:
 
Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե:
            Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արև է,
            Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արև է,
            Ա՜խ, սիրտս բարևե:

ԾԻԾԵՌՆԱԿ

Խոսք՝ Գևորգ Դոդոխյանի
Ծիծեռնա՛կ, ծիծեռնա՛կ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ:
 
Ա՜խ թռի՛ր, ծիծեռնակ,
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ:
 
Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրեօր:
 
Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարև արա,
Ասա, թող նստի լա
Իր անբախտ որդու վրա:
 
Դու պատմիր, թե ինչպես
Աստ անտեր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, ողբալով՝
Կյանքս մաշվել, եղել է կես:
 
Ինձ համար ցերեկը
Մութ է շրջում արեգը,
Գիշերը թաց աչքիս
Քունը մոտ չի գալիս:
 
Ասի՛ր, որ չբացված՝
Թառամեցա միայնացած,
Ես ծաղիկ գեղեցիկ՝
Հայերենի հողից զրկված:
 
Դե՛հ, սիրո՛ւն ծիծեռնակ,
Հեռացի՛ր, թռի՛ր արագ
Դեպ Հայոց երկիրը`
Ծնած տեղս Աշտարակ:

ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ

Խոսք՝ Հովհաննես Թումանյանի
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
 
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ:
 
Քո բուն հյուսած ծաղիկներով,
Շուշան, նարգիզ, նունուֆարով:
Քո տեղ լցված ցող ու շաղով,
Քնես-կելնես երգ ու տաղով:
 
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պստի կտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով
Կշորորաս ճուտիկներով:
 
Երբ կկանգնես մամռոտ քարին,
Տաղեր կասես ծաղիկներին,
Սարեր, ձորեր զվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կհանես:

ՔԵԼԵ, ՔԵԼԵ

Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ,
 
Սիրավոր լորիկ,
Վիրավոր լորիկ,
Լորիկ, 
Սևավոր լորիկ,
Լորիկ ջան:
 
Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ:
 
Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ:
 
Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,
 
Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:

ԷՍ ԳԻՇԵՐ ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ

Էս գիշեր լուսնյակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկել գետին նախշել.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
 
Թուշդ դեմ արա, պաչեմ,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Կեռ ունքեր, սիրուն աչեր.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
 
Ա՜յ գիշեր, դարձիր արի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
 
Մենակ յարս ինձ համար,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սրտով խոսքը կատարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

ՊԱՐ ՆԱՎԱՍՏՅԱՑ

Աշխույժ նավաստին
Անվեհեր ճակատ`
Ընդդեմ փոթորկին,
Երգե անփույթ զըվարթ:
 
Լարիթ դըմբըլա լա, լա, հա՛, հա՛, հա՛,
Լարիթ դըմբըլա լա, լա, հա՛, հա՛, հա՛,
Լարիթ դըմբըլա լա, լա, հա՛, հա՛, հա՛,
Լարիթ դըմբըլա լա, լա, հա՛, հա՛, հա՛։
 
Կոհակք փրփրադեզ
Չեն սոսկում վախ մեզ,
Հողմունք սաստկահար
Գրգռեն մեզ ի պար:
 
Օ՛ն, խըմենք զըվարթ
Գինին մինչ հատակ,
Օ՛ն գըրկենք զիրար,
Պարենք մենք անդադար:
 
Զանգակն ուժգնապիրկ
Կոչե մեզ ի կարգ,
Վերջ տանք խընդության,
Քաշենք մենք մեր պարան:

ԳԱՑԵՔ, ՏԵՍԵՔ

Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զէծ,
Գացին տեսան գելն ա կերել զէծ,
Գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն,
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է.
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է:
Դե գնա՛, կիգամ, դե գնա՛, կիգամ, շուտ կիգամ,
Կարմիր սոլեր հագնիմ, իգամ, շուտ կիգամ:
 
Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զգել,
Գացի՛ն, տեսան արջն ա կերել զգել,
Արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է:
Նազ մի՛ աներ, նազ մի՛ աներ, նազ աղջիկ,
Մինթանովդ թոզ մի՛ աներ, ջան աղջիկ:
 
Նազ կու էնեմ, կու, նազ կու էնեմ, կու,
Նազ կու էնեմ, նազ կու էնեմ, նազ, տղա,
Մինթանովս թոզ կու էնեմ, ջան տղա,
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է:
 
Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զարջ,
Գացին, տեսան առյուծն ա կերել արջ,
Առյուծն զարջուն, արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է:
Ծառը ես եմ, բարը դու ես, Աննա ջան,
Սրտով սիրած յարս դու ես, Աննա ջան:
 
Ծառը դու չես, դու, ծառը դու չես, դու,
Ծառը դու չես, ծառը դու չես, չար տղա,
Սրտով սիրած յարս դու չես, ջան տղա:
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է,
Գրիգորն եմ, Գրիգորն եմ, ձեր մահլեցի Գրիգորն եմ:

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Վա՜յ,
Ճղներդ իրար մի՛ տա,
Վա՜յ,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, -
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, -
Սրտիս խնդում ծովն ընկավ:
 
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
 
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:
 
Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

ԽՆԿԻ ԾԱՌ

Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ, գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար, գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պզտիկ յար, գյուլում ջան:
 
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Նախշուն բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Երթար ու գար, շորոր տար, գյուլում ջան,
Սիրուն յարին օրոր տար գյուլում ջան:
 
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Մարջան բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Գնար ու գար, շվին տար, գյուլում ջան,
Անուշ յարի թևին տար գյուլում ջան:
 
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Ոսկի բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Կարմիր խնձոր հաներ, տար, գյուլում ջան,
Ալվան ծաղիկ տանել տար գյուլում ջան:

ԹԵԼԼՈ

Գնա, գնա, գալիս եմ,
Թելլո,
Ես քո թարգը տալիս չեմ,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:
 
Ես ի՞նչ անեմ. դուն արիր,
Թելլո,
Զոռով սավդի տեր արիր,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:
 
Գնանք արտը, չանաք անենք,
Թելլո,
Դառնանք տունը, հանաք անենք,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:

ՍՈՆԱ ՅԱՐ

Սո՛նա յա՛ր, Սո՛նա յա՛ր,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:
 
Վարդավառը գալիս ա,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,
Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ձենդ ծլվլալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,
 
Կանաչ տեղը բաղում ես,
Պարի միջին խաղում ես,
Կաքավի պես ծորալով,
Տղաներին դաղում ես:
 
Սիրուն աղջիկ, նազ ունիս,
Շահզադայի սազ ունիս,
Հողեմ շահզադի գլուխ,
Դու իմ հոգուն հազ ունիս:

ՀՈՅ, ՆԱԶԱՆ ԻՄ

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
 
Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Գլխիս վրով պտույտ տուր,
Հոյ, Նազան, իմ Նազան իմ,
Նաշխուն թև-թիթեռնիկ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ: 
 
Յար ջան դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

ԻՄ ՉԻՆԱՐԻ ՅԱՐԸ

Արև թռվռով ելավ,
Իմ չինարի յարը,
Մեր բանը կռվով էլավ,
Դարդիման յարը.
Թշնամու հոգին մեռնի,
Իմ չինարի յարը,
Իրա չար սրտով էլավ,
Դարդիման յարը:
 
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Գովական յարը:
 
Ճրագը վառա, վառա,
Հոր հետ վատամարդ դառա,
Մեր ու ախպեր թող տվի,
Ես իմ սիրածին առա:
 
Քարափի ծերին կանչի,
Թող թշնամին ամաչի,
Արևիդ մեռնեմ, յար ջան,
Չինարի պես կանաչի:

ԹԱԳՎՈՐԻ ՄԵՐ

Թագվորի՛ մեր, դո՛ւս արի,
Տե՛ս, քե ինչեր ենք բերե.
 
Թագվորի՛ մեր, դո՛ւս արի,
- Քե գլուխ դմփող ենք բերե.
- Քե լվացք անող ենք բերե.
- Գրդնակ անող ենք բերե.
- Քե թախտ ավլող ենք բերե.
- Քե տաշտ մաքրող ենք բերե.
- Քե հաց թխող ենք բերե.
- Ծամ լվացող ենք բերե.
- Կարկատան անող ենք բերե.
- Սոլոր շտկող ենք բերե.
- Քե բուրդ գզող ենք բերե.
- Ճախրակ մանող ենք բերե:

ՄՈԿԱՑ ՀԱՐՍՆԵՐ

Եկան, եկան Մոկաց հարսներ,
Հարալո, ջարալո,
Հարկող եկան, բարվոր գացին,
Հարալո, ջարալո:
 
Մեր բաղը վարդ ա,
Ձեր բաղը հարթ ա,
Ես քեզ չեմ առնի,
Իմ սիրու սավդա:
 
Մեր բաղը ծառ ա,
Ձեր բաղը քար ա,
Ես քեզ չեմ առնի,
Իմ ախպոր ծառա:
 
Իմ չինար յարին,
Իմ չինար յարին,
Ո՞վ ա բան ասել,
Գովական յարին:
 
Եկան, եկան Մոկաց հարսներ,
Հարալո, ջարալո...

ՎԱՅ ԳԻԴԻ ԲԼԲՈՒԼՍ

Մի՛ գնա, մի՛ գնա, քեզ բան հարցնեմ,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սիրուհուցս լուր տուր, լուր բեր, լուսաբեր,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սարերի գյուլս:
 
Գիշեր-ցերեկ չի հեռանում մտքիցս,
Վա՜յ գիդի բլբուլս,
Կանչում եմ, յար, արի՛, յարս չի գալիս,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սարերի գյուլս:
 
Սիրտս կրակ ընկավ, կէրվեմ, կվառվեմ,
Վա՜յ գիդի բլբուլս,
Ջրի պես ծարավ եմ,ճամփին կնայեմ,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սարերի գյուլս:

ԱԼԱԳՅՈԶ ԱՉԵՐԴ

Ալագյոզ աչերդ,
Կամար ունքերդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թողնում սերդ:
 
Ադե՛ ջան ջուրն ընկնեմ,
Մայրիկ ջան ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը:
 
Ես քեզ սիրեցի,
Որ ինձ յար ըլնիս,
Էրված-վառված սրտիս,
Դեղ ու ճար ըլնիս:
 
Ես քեզ ի՞նչ արեցի,
Ինձնից հեռացար,
Քո մեկ ու ճար յարին
Ո՞նց շուտ մոռացար:
 
Ալագյոզ աչերդ,
Կամար ունքերդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թողնում սերդ:

ԱԼ ԱՅԼՈՒՂ

Աղջիկ.
Ալ այլուղս կորավ ձեր դուռ, 
Փոթոթել է սիրտս մրմուռ,
Բախտը ինձի գցեց էս կուռ,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն տղա, տո՛ւր այլուղս:
 
Տղա.
Ալ այլուղդ ես չգտա,
Երդվում եմ, Աստված վկա.
Ով գտել է, թող բերի տա,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն աղջիկ, քո այլուղդ:
 
Աղջիկ.
Այլուղս յարի բաշխած էր,
Ալ աբըրշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն տղա, տո՛ւր այլուղս:
 
Տղա.
Ջահել-ջիվան` սարերն ընկա,
Ցավոտ սրտիս ճար չգտա,
Քո սերն ինձի հոգի կուտա,
Ջանո՛ ջան,
Թող ինձ մնա ալ այլուղդ:
 
Աղջիկ.
Ա՜խ, ի՞նչ ասեմ ես իմ մորս,
Կամ ի՞նչ պատմեմ ազիզ հորս,
Խաբար կուտան մեծ ախպորս,
Ջանո՛ ջան,
Տղա՛, տղա՛, տո՛ւր այլուղս:
 
Տղա.
Սևո՛ւկ աղջիկ, սիպտակ հագիր,
Ա՛ռ այլուղդ, վերքս կապի՛ր,
Սիրուդ գերի` ինձ մի՛ տանջիր,
Ջանո՛ ջան,
Էրված աղջիկ, առ այլուղդ:

ԼՈՒՍՆՅԱԿԸ ՑՈԼԱՑ, ԳՆԱՑ

Լուսնյակը ցոլաց, գնաց,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜,
Ջա՜ն, լե՜, լե՜, լե՜,
Վա՜յ, լե՜, լե՜.
Դեմ առավ ամպին, մնաց,
Ո՞վ էր տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
Սրտով սիրած անուշ յարս
Ինձ թողեց, հեռու գնաց:
 
Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներդ շաղով թաց ա,
Յարիցդ հեռացել ես,
Աչքերդ լիքը լաց ա:
 
Արտս ցորեն ցանեցի,
Դարդս հետը թաղեցի,
Հազար ու մեկ աղոթքներ
Ցանած վախտը շարեցի:
 
Վարդը գցի, ձեռքով բռնեմ,
Յարալու սրտիդ մեռնեմ,
Քյոշկիցը մի դուրս արի,
Բալքի հավասս առնեմ:

ԿԱՅՆԵԼ ԵՄ, ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ

Կայնել եմ, գալ չեմ կարող,
Լցվել եմ լալ չեմ կարող,
Քանի որ գնացել ես,
յար ջան,
Անունդ տալ չեմ կարող:
 
Աչքերս ճամփիդ մնաց,
Խելքս ինձանից գնաց.
Քո սիրուն, իմ գլխի տեր
յար ջան,
Յոթն օր մնացի քնած:
 
Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունդ դարձիր, իմ ախպեր
յար ջան,
Բոլորքս պստիկ գառն ա:

ԱՆՁՐԵՎՆ ԵԿԱՎ

Անձրևն եկավ շաղալեն,
Ուռ ու տերև դողալեն.
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն:
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,
Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն...
 
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր, կարագ հազըրել եմ:
 
Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածուն բերեմ,
Որ գիտենաս անո՛ւշ ջան,
Թե քեզ սրտով կսիրեմ:
 
Ղուշ մի՛ դառնա թևավոր,
Դու խա՛ղ կանչե ձևավոր...
Յարաբ կըլնի՞ էն օրը,
Որ գաս մեր տուն թագավոր:

ԳՆԱ, ԳՆԱ

Գնա, գնա, ոտիդ եմ,
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Սարին, օ՜, յա՜ր ջան,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Կարմիր խնձոր գոտիդ եմ,
Հա՛,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Սարին, օ՜, յա՜ր ջան,
Դու ինձ մենակ չես թողնի,
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Սարին, օ՜, յա՜ր ջան,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Ու որ երթաս, մոտիդ եմ,
Հա՛,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Սարին, օ՜, յա՜ր ջան:
 
Ապարանը քարոտ ա,
Քարի տակն արոտ ա,
Ուղիղ յոթը տարի ա,
Քիրն ախպորը կարոտ ա:
 
Յար եմ գտել՝ յարի պես,
Ընկուզենի ծառի պես,
Ուր որ երթա, կայնել եմ
Էն մեր սիրուն սարի պես:

ՀՈՎ ԼԻՆԻ

Հո՛վ, հո՛վ, հո՛վ լինի,
Յարիս տունը ծո՛վ լինի.
Թո՛ղ , թո՛ղ, թո՛ղ լինի,
Յարս քամարով լինի:
 
Դե՛, թռե՛ք, թռե՛ք, հողը հանենք
Մեր թշնամու դողը հանենք:
 
Ծաղիկ ես ծաղկանց միջին,
Հո՛վ, հո՛վ, հո՛վ լինի,
Մի հատ ես աղջկանց միջին,
Յարիս տունը ծո՛վ լինի.
Յա՜ր ինձ պարզերես արա,
Թո՛ղ , թո՛ղ, թո՛ղ լինի,
Իմ ընկեր մարդկանց միջին,
Յարս քամարով լինի:
 
Դե՛, թռե՛ք, թռե՛ք, հողը հանենք
Մեր թշնամու դողը հանենք:
 
Իրար հետ բաղը գնանք,
Ուտենք, խմենք, լիանանք
Թշնամու աչքը հանենք,
Մեր Աստծուց գոհանանք:

ՀՈՎ ԱՐԵՔ

Հո՛վ արեք, սարե՛ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարմա՛ն արեք:
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում:
 
Ամպե՛ր, ամպե՛ր, մի քիչ զո՛վ արեք,
Վարար անձրև՛ թափեք, ծո՛վ արեք.
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:
 
Հո՛վ արեք, ամպե՛ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարմա՛ն արեք:
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում:
 
Սարե՛ր, ձորե՛ր, դաշտե՛ր ու ջրե՛ր,
Մարմանդ-մարմանդ վազո՛ղ աղբյուրներ,
Մի վե՛ր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:

ՇՈՂԵՐ ՋԱՆ

Ամպել ա, ձուն չի՛ գալի,
Շողե՜ր ջան,
Սարիցը տուն չի՛ գալի,
Շողե՜ր ջան,
Դու շորորա՛, դուն օրորա՛
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:
 
Սիրտս կըրակով լըցված,
Շողե՜ր ջան,
Աչքիս քուն չի գալի,
Շողե՜ր ջան,
Դու շորորա՛, դուն օրորա՛
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:
 
Հուրք ա թափում վերիցը,
Ես վառա քո սերիցը,
Վարդավառին ինձ համար
Ձուն բեր դու սարերիցը:
 
Սարի գլխին ձուն եկավ,
Շողե՜ր ջան,
Շեկլիկ յարըդ տուն եկավ,
Շողե՜ր ջան,
Ուն կերևա, ձուն կերևա,
Շողե՜ր ջան,
Բերդի տակին տուն կերևա,
Շողե՜ր ջան:
 
Դեռ մուրազիս չըհասած,
Շողե՜ր ջան,
Վըրես խորունկ քուն եկավ,
Շողե՜ր ջան,
Ուն կերևա, ձուն կերևա,
Շողե՜ր ջան,
Բերդի տակին տուն կերևա,
Շողե՜ր ջան:
 
Աշունն եկավ սարիցը,
Տերև թափեց ծառիցը.
Շողոն դարդով լըցվել ա,
Հեռացել ա յարիցը:

ՉԻՆԱՐ ԵՍ

Չինար ես, կեռանա՛լ մի,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր,
Մեր դըռնեն հեռանա՛լ մի,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր,
Յա՜ր, նա նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Նա՜յ նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
Յա՜ր, քո Աստված կսիրես,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր:
Հեռու ես, մոռանա՛լ մի:
Յա՜ր, յա՜ր, յա՜ր,
Յա՜ր, նա նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Նա՜յ նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
 
Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներըս շաղով թաց ա.
Ինձանից հերացել ես,
Աչքերըս լիքը լաց ա:
 
Էս գիշեր երազ տեսա,
Հերկերըս վարած տեսա,
Ամոթ քեզի, ա՛յ տըղա,
Քո յարը տարած տեսա:

ԿՈՒԺՆ ԱՌԱ

Կուժն առա, ելա սարը,
Չգտա ֆիդան յարը:
Ֆիդան յարը ինձ տվեք,
Չքաշեմ ահ ու զարը:
 
Մեծ սարի հովին մեռնեմ,
Շեկ տղի բոյին մեռնեմ,
Մի տարի ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ:
 
Բլբուլը դարի վրա,
Խնձորի սարի վրա.
Սիրած սիրածի տային,
Չոր գետնին՝ քարի վրա:

ԻՆՉՈ՞Ւ ԲԻՆԳՅՈԼԸ ՄՏԱՐ

Ինչո՞ւ Բինգյոլը մտար,
Բաղի բյուլբյուլը գտալ.
Ինչո՞ւ Կարոյին առար,
Անտեր ու գերի դառար:
Տըլե՛, Մկոն, տե՛,
Ափոն թխկոնտե՛.
Թխկո՛ն, թխկո՛ն, թխկո՛ն, տե՛,
Ափոն կոնտե, թխկոնտե:
 
Սուսան սյումբյուլ,
Բաղի բյուլբյուլ:
 
Ինչո՞ւ Բինգյոլը մտար,
Բաղի բյուլբյուլը գտալ:

ՋԱՆ, ՅԱՐՈ ՋԱՆ

Վարդ եմ քաղել շաղերով,
Ջա՛ն, յարո ջան,
Վեր եմ դրել մաղերով,
Ջա՛ն, յարո ջան,
Տեսնեմ յարս գալիս ա
Ջա՛ն, յարո ջան,
Առաջ գնամ տաղերով:
 
Ջա՛ն, յարո ջան,
Ջա՛ն, Մարո ջան,
Ես սիրել եմ,
Ես կառնեմ:
 
Մազեր ունի ծիրանի,
Քամին տա թել-թել անի,
Իմ յարը սարում-ձորում՝
Իմ քունը ո՞նց կտանի:
 
Հրեն յարս գալիս ա,
Լուսն երեսին տալիս ա,
Գնամ, վզովն ընկնեմ,
Աչքս խնդից լալիս ա:

ԳԱՐՈՒՆ Ա

Գարուն ա, ձուն ա արել
Վա՜յ, լե, լե, վայ, լե, լե,
Վայ, լե, լե, լե, լե,
Իմ յարն ինձնիցա սառել,
Ա՜խ, չորնա, վա՜խ, ա՛յ յար,
Չար մարդու լեզուն:
 
Քամին փչումա պաղ-պաղ,
Լերթ ու թոքս անում ա դաղ:
 
Յար, ինձ բեմուրադ արիր,
Սերդ ինձնե զատ արիր:

ԵՍ ՍԱՐԵՆ ԿՈՒԳԱՅԻ

Ես սարեն կուգայի,
Դուն դուռը բացիր,
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՛խ, արիր, լացիր:
 
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վառվում եմ,
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ: 
 
Ես մի պինդ պաղ էի,
Դու՝ մրմուռ լացիր,
Քո հրեղեն արցունքով
Ինձի հալեցիր:
 
Ես մի չոր ծառ էի,
Դու՝ գարնան արև,
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև:
 
Թե ինձ չէիր առնի,
Ինչո՞ւ սիրեցիր,
Մի բուռ կրակ եղար,
Սիրտս էրեցիր:

ԱԼԱԳՅԱԶ

Խոսք՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Ալագյազ բարձր սարին,
Ձյուն ա կիտվել կատարին.
Սարի՛ ճամփեք, բա՛ց ելեք,
Երթամ, հասնեմ իմ յարին:
 
Օ յա՜ր, օ յա՜ր,
Ա՜յ սարեր, ա՜յ սարեր,
Վա՜յ արևոտ սարեր,
Կանաչ արոտ սարեր.
Օ յա՜ր, օ յա՜ր,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ: 
 
Ա՜խ, իմ ճամփեն քարոտ ա,
Սիրտս էրված, յարոտ ա,
Ղարիբի օրն ըլնի սև,
Ազիզ յարի կարոտ ա:
 
Յարիս տեսա. լալիս էր,
Լալիս, գլխին տալիս էր,
Ճամփա՛ տվեք, ա՛յ սարեր,
Ձեռով արի, գալիս էր:
 
Էն ի՞նչ ղուշ ա էն քարին,
Սիրտս կաթում ա արին,
Ա՛յ իմ թառլան, թև՛ տուր ինձ,
Թռչեմ, հասնեմ իմ յարին:

ԵՐԿԻՆՔՆ ԱՄՊԵԼ Է

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է:
 
Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է:
 
Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ:
 
Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով:
 
Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է.
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է:
 
Շորո՜ր դու, շեկլի՛կ յար.
Տեսնեմ՝ դու ումն ես.
Իրավ եմ ասում՝
Դու իմ սըրտումն ես:

Ա՛Յ ԱՂՋԻԿ, ԾԱՄՈ՜Վ ԱՂՋԻԿ

Ա՛յ աղջիկ, ծամով աղջիկ,
Վա՜յ, ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ: 
 
Ունքերդ խելքս տարան,
Վա՜յ, խելքս տարան,
Թուխ աչքերդ ծով, աղջիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ: 
 
Կապել ես քիրման գոտին,
Վա՜յ, քիրման գոտին,
Մարդ չես թողնում քեզ մոտիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ:

ԱՐՈՐՆ ՈՒ ՏԱՏՐԱԿԸ

Արորն ասաց տատրակ հավքուն.
«Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն,
Երթա լցվի բարակ առուն»,
Տատրակն ասաց արոր հավքուն.
«Գընաց գարուն, եկավ աշուն,
Կըտրավ ջըրիկ աղբյուրներուն,
Կըտրավ խոտիկ ծաղիկներուն,
Կըտրավ ձենիկ կաքավներուն:
Էնքան պիտի լամ երերուն,
Արուն կաթե իմ աչքերուն,
Ես ի՞նչ անեմ իմ ձագերուն»:
 
Ասաց. «Դու մի լա էս աշուն,
Չէ՞, վաղ կուգա բարի գարուն,
Լույս կըբացվի վեր աշխարհուն,
Դուռ կըբացվի խեղճիկներուն,
Ես քեզ կառնեմ իմ թևքերուն,
Թըռնեմ բանձրիկ վեր սարերուն,
Բուն կըդնեմ մեջ քարերուն,
Տուն կը շինեմ մեջ գազերուն,
Երթիկ բանամ դեմ հով քամուն,
Թոնիր թաղեմ մեջ այրերուն,
Ծուխ կը հանեմ հետ ամպերուն,
Մեր ցավ կըտանք հարավ քամուն»:
 
Գընաց աշուն, եկավ գարուն,
Կաթեր ջըրիկ աղբյուրներուն,
Կերթար լըցվեր բարակ առուն:
Աղբըրանցարուն մեջ քարերուն,
Դեղին սուսուն վեր սարերուն,
Փունջ մանուշակ մեջ ձորերուն,
Կանաչ-կարմիր, գույն-գույն ծաղկունք,
Դաշտերն ամեն էրունք թըռչունք,
Ձենիկ կուգա գառնիկ մաքուն,
Մեր ապրելիք վեր երկընքուն:

ՆՈՐ ԳԱՐՈՒՆ

Խոսք՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Քեզ սպասող չմնաց,
Ո՞ւր ես գալի, ա՜յ գարուն,
Գովքդ ասող չմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն:
 
Սև-մութ պատեց աշխարհին,
Սար ու ձոր դառան արին,
Մեզ վայ բերեց էս տարին,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:
 
Բլբուլը գա, թող ձեն տա,
Էլ ո՞վ պիտի քեզ խնդա,
Էլ ո՞ր սիրտը կթնդա,
Զուր ես գալի, ա՛յ գարուն:
 
Բլբուլն եկավ, վարդ չունի,
Ծաղկոցը կա, զարդ չունի,
Էլ ո՞վ ա, որ դարդ չունի.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:
 
Դու ետ բերիր հավքերուն,
Ո՞նց տեր ըլնեն բներուն.
Սաղ տեղ չկա մեր երկրին,
Զուր ես գալի, ա՛յ գարուն:
 
Աշուղի բերանը փակ,
Սազ-քյամանչեն փակի տակ,
Սիրտնա էրվում անկրակ.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:
 
Քեզ սպասող չմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չմնաց,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:

ՄՈԿԱՑ ՄԻՐԶԱ

Օրն էր ուրբաթ, 
        Լուս ի շաբաթ,
Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն.
Թղթիկ մը եկավ Ջզիրու քաղքեն,
Առան, բերին Մալաքյավեն,
Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն:
        Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն:
 
        Առեց կարդաց,
Քաղցրիկ լեզվին էրավ Մազգեն,
Շլեց աչքեր, կախեց չաներ,
Քաղավ գույն կարմիր երեսեն:
        Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն:
 
        Կանչեց ասաց
        Յուր մշակին
-Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,
Վրա դրեք թամք սադաֆին
Սաֆար կերթամ չուր Ջզիրեն:
        Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն:

ԱԼԱԳՅԱԶ ՍԱՐՆ ԱՄՊԵԼ Ա

Ալագյազ սարն ամպել ա,
        Վա՛յ, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Աղբերն իր ձին թամբել ա:
        Իմ մայրիկ ջան, իմ մայրիկ ջան:
Աղբերն իր ձին թամբել ա,
Յարոջ դռնեն անցել ա:
 
Յարոջ դռնեն անցել ա,
Ելե դաշտը՝ խաղցել ա:
 
Ելե դաշտը՝ խաղցել ա,
Անձրև եկե, թրջել ա:
 
Անձրև եկե, թրջել ա,
Արև զարկե՝ չորցել ա:
 
Արև զարկե՝ չորցել ա,
Քան կարմիր վարդ բացվել ա:

ՀԱՎԱՐ ԶՈՒԼՈ

Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կմեռնեմ քեզի համար.
 
        Հավա՜ր, Զուլո, մադա՜թ Զուլո,
        Բացվիր, բացվիր, բացվիր,
        Բացվիր, իմ վարդ Զուլո: 
 
Արևն ընկավ ամուր բերդին,
Քո սերն ընկավ մեջ իմ սրտին,
Ես քեզ սիրեմ, թող ինձ քերթին.
 
Դու դաշտ կուգաս հուլա-հուլա,
Կնմանիս բամբկի քուլա,
Աչքս տեսավ, սիրտս կուլա.

Ա՜Խ ՄԱՐԱԼ ՋԱՆ

Ա՛խ մարա՛լ ջան,
Կոկոնս թոռմած մնաց,
        Ջա՜ն, գյարա՜լ ջան,
Սիրտս կրակած մնաց.
        Ա՜խ, մարա՛լ ջան,
Ի՞նչ անեմ իմ ապրելը,
        Ջա՜ն, գյարա՜լ ջան,
Իմ աչքերը թաց մնաց:
 
Կամար ունքդ գովեցիր,
Սիրել էիր՝ ատեցիր,
Ինձ պես ուժով կտրիճին
Դու անդանակ մորթեցիր:
 
Ջահել եմ, ընկեր չունեմ,
Ընկել եմ ես, տեր չունեմ,
Ո՛չ վատ ասեք, ո՛չ էլ լավ.
Հարստության սեր չունեմ:

ԷՐՎՈՒՄ ԵՄ

Էրվում եմ, էրվում,
Կարմիր քարը տաշած ա,
Էրվում եմ, էրվում,
Բոյս վրեն քաշածա:
        Էրվում եմ, էրվում,
Ի՞նչ անեմ, որ քաշած ա,
        Էրվում եմ, էրվում,
Սիրտս հալած մաշածա:

ԷՍ ԱՌՈՒՆ

Էս առուն ջուր է գալի,
Մի տեսեք, ո՞ւր է գալի.
Գալիս է, գալիս է, սեր անե:
Քենին մահանա արել,
Իր յարին հյուր է գալի.
Գալիս է, գալիս է, սեր անե:
 
Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դրել շաղերով.
Գալիս է, գալիս է, սեր անե:
Արի՛, իմ սիրական յար,
Առաջ գամ քեզ տաղերով.
Գալիս է, գալիս է, սեր անե:
 
Տանս տակին կա նռնի,
Ես բարձ բերեմ, դու կռնի.
Գալիս է, գալիս է, սեր անե:
Ես, դու մի բաղում պիտենք,
Դու՝ չինարի, ես՝ նռնի.
Գալիս է, գալիս է, սեր անե:

ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ

Ես քեզ տեսա,
Սիրտս էլավ ցիր ու ցան.
Յար, արի, յար, արի,
 
        Ա՜խ, արի, արի,
        Վա՜խ, արի, արի,
        Ես քեզ ինչ արի: 
 
Լուսնակ գիշեր,
Սիրտս կուլա քեզ համար.
Յար, արի, յար, արի,
 
Գիշեր-ցերեկ
Մտածում եմ քեզ համար,
Յար, արի, յար, արի,
 
Սարից իջա,
Յարս դռան կանգնած էր,
Յար, արի, յար, արի

ՁԻԳ ՏՈՒ, ՔԱՇԻ

Ձիգ տու, քաշի՛, ա՜յ եզը,
        Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Լուծդ մաշի, ա՜յ եզը,
        Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Աստված պահե քո տերը,
        Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Մինն էլ տաշի, ա՜յ եզը,
        Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
                Ա՛րա հո՜, ա՜րա հո՜,
 
Մեր գութանը օդած ա,
Եզանց ուսը նոթած ա,
Վարե՛ վարը, ա՜յ գութան,
Հազիվ խոփը զոդած ա:
 
Շողքն ընկավ ծմակին,
Աստված կտա մշակին,
Սուր գութանը ծիր գնաց,
Տեր մշակը քամակին:
 
Սերմե՛, սերմե՛, ա՜յ մշակ,
Սուրբ ա, սուրբ ա քու փեշակ,
Մինը հազար տուր Աստված,
Քեզ ձեն կտան տեր մշակ:

ԳՆԱՑ ՁՄԵՌՆ

Գնաց ձմեռն, եկավ գարուն,
Հալեց ձնիկ վեր սարերուն,
Երթար, լցվեր բարակ առուն.
 
        Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, ջա՜ն, լե՛, լե՛, լե՛,
        Ջա՜Ն, լե՛, լե՛, լե՛, վա՜յ, լե՛, լե՛, լե՛:
 
Աղբրանց-առուն մեջ սարերուն,
Դեղին սուսան վեր սարերուն,
Փունջ մանուշակ մեջ ձորերուն.
 
Կանաչ-կարմիր գույն-գույն ծաղկունք,
Դաշտեր ամեն էրունք, թռչունք,
Ձենիկ կուգա գառնիկ մաքուն.

ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ

Վարդն ի բացվե Վանա քյաղքի Էգեստար,
Աստված սիրես, մեկ օրոխկի, տյու ձիկ տար,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:
 
Վարդն ի բացվե առավըտման խավ խուսոց,
Իմ յար բախչեն կայնի երկու ձեռն ի ծոց,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:
 
Վարդն ի բացվե առավըտման շաղերով,
Իմ յար բախչեն վարդ կքյաղի մաղերով,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:

ԳԱՐՆԱՆ ԳՈՒԹԱՆ

(Քաղհանի երգ)
 
Գարնան գութան հանեցի,
        Յա՛ր, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
        Սոնա՛ յար, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Ամառ եկավ, քաղն ելավ,
        Յա՛ր, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
        Սոնա՛ յար, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
 
Քաղհան կանեմ հո՝ բարով,
Տոլմա կեփեմ բիբարով,
Աշնան անի լավ օրեր,
Բամբակ քաղեմ նուբարով:
 
Բեռնեմ սայլը, սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր անեմ:

ՉԵՄ ԿՐՆԱ ԽԱՂԱ

Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Վարդ կոշիկս կճռճռա,
Անոթի փորս կղռղռա,
Կեսուրս կգա կվռվռա:
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Սևասուգ սիրտս կդողդողա,
Լացից աչքս կմրմռա,
Չար կեսուրս կբռբռա:
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Ջահել-ջիվան դոշիս դաղ ա,
Լաչառ տալս կճղճղա,
Տեքրակինս կբղբղա:
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Քավթառ յարս կծու սոխ ա,
Ի՞նչ եղավ քեզ, ա՛յ շեկ տղա,
Ես քո սիրուց հալ-մաշ եղա:

ԷՆ ԴԻԶԱՆ

Էն դիզան, պետ-պետ դիզան,
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-էն դիզան, պետ-պետ դիզան՝
        Գեղի համբերքն է:
 
Կաքըվներ կղկղալեն՝
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-Կաքըվներ կղկղալեն՝
        Էն երիցներն է:
 
Ճնճուղներ ճլվլալեն՝
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-Ճնճուղներ ճլվլալեն՝
        Էն տիրացուքն է:
 
Էն միջի հաստագերան
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-Էն հաստագերան՝
        Թագվորի հերն է:
 
Էն քուլա բամբակն ի ծակ՝
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-Էն քուլա բամբակն ի ծակ՝
        Թագվորի մերն է:
 
Էն արև, երկնուց արև՝
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-Էն արև, երկնուց արև՝
        Մեր թագվորն է:
 
Էն լուսին ամպերի տակ՝
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-Էն լուսին ամպերի տակ՝
        Մեր թագուհին է:
 
Շունն եկավ պարկն ի բերան՝
        Տեսե՛ք, էն ո՞րն է:
-Շունն եկավ պարկն ի բերան՝
        Գեղի գզիրն է:

ԼՈՒՍՆԱԿՆ ԱՆՈՒՇ

Լուսնակն անուշ, հովն անուշ,
        Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
        Վա՜յ, լո՛, լո՛, լո՛, լո՛.
Շինականի քունն անուշ:
        Երնեկ էն օրեր,
        Որ կելնենք սարեր:
 
Ծագեց լուսնակ երկընուց.
Հովըվի փողն էր անուշ:
 
Հոտաղն եզներ կարածա,
Մաճկալ պառկեր՝ քունն անուշ:
 
Դաշտեր, ձորեր մնջեր են,
Ջրեր գլգլան՝ ձենն անուշ:
 
Հավքեր թռան իրենց բուն,
Բլբուլի տաղն էր անուշ:
 
Անմահական հոտ բուրեր.
Քաֆուր վարդի հոտն անուշ:

ԼՈՒՍՆԱԿԸ ՍԱՐԻ ՏԱԿԻՆ

Լուսնակը սարի տակին,
        Յա՛ր, յա՛ր.
        Յա՛ր, նա նա՛յ, նա՛յ, նա՛յ, նա՛յ,
        Նա՛յ, նա նա՛յ, նա՛յ, նա՛յ, նա՛յ.
Մամուռը քարի տակին.
        Յա՜ր.
        Յա՜ր, նա նա՜յ, նա՛յ, նա՜յ, նա՜յ,
        Նա՜յ, նա նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
Ես իմ յարին կարոտ եմ,
        Յա՛ր, յա՛ր.
        Յա՛ր, նա նա՛յ, նա՛յ, նա՛յ, նա՛յ,
        Նա՛յ, նա նա՛յ, նա՛յ, նա՛յ, նա՛յ.
Քան վարդ ու մանուշակին:
        Յա՜ր.
        Յա՜ր, նա նա՜յ, նա՛յ, նա՜յ, նա՜յ,
        Նա՜յ, նա նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
 
Աչքս գցել եմ սարին,
Ոտքս տվել լեռ քարին.
Երթա ու էլ ետ չգա
Քեզ զինվոր գրած տարին:
 
Կանգնեմ սարին ու քարին,
Գիր գրեմ ղարիբ յարին.
Արցունքով գրեմ, կանչեմ,-
Աղու կտրի ըսենց տարին:

ԽՈՒՄԱՐ

(Հարսանեկան կատակ-պարերգ) 
 
Խումար պառկե երես բաց,
Հո՛պ, հո՛պ, հո՛պպըտա, դըմբա՛.
Դեղին կարպետ, բմբուլ բարձ:
Հո՛պ, հո՛պ, հո՛պպըտա, դըմբա՛.
Հե՜յ, հե՜յ, լավն է, հե՜յ, հե՜յ, լավն է,
Հե՜յ, հե՜յ, լավն է, հե՜յ, հե՜յ, լավն է:
 
Անուշ քնե՝ երես բաց,
Սահակն եկավ՝ խելք գնաց:
 
Հաջոնց բակն էր ղալդըրմա,
Աշնան թոխլին ղավուրմա:
 
Խաբար տարեք ըռեսին,
Աղջիկ բերե վեր մսին:
 
Հավարն ընկավ ըռեսին,
Գյադեք թափան վեր մսին:
 
Հերոն ուտեր, գիրանար,
Մկոն խմեր, ուրխանար:
 
Հաջոնց կալը բելերպար,
Խումար մեջը կխաղար:
 
Ծամեր թալուկ յուր հետև,
Կթռվռեր շատ թեթև:
 
«Հաստատ մնա մեր Հաջին,
Որ պահե մեր նոր փեսին»:
 
Գարնան բացվավ նոր լալա,
Խումար բերավ ջուխտ բալա:
 
Աչքդ լո՜ւյս, Հաջի՛ աղա,
Թոռներուդ հալա՛վ արա:

ԿԱՆՉՈՒՄ ԵՄ, ՅԱՐ, ԱՐԻ

Կանչում եմ, յա՜ր, արի՛, յա՜ր, արի՛, յա՜ր,
Սևավոր, մութն ընկավ, տո՛ւն, արի՛, յա՜ր,
Մեր դռան խնկի ծառ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Խնձոր գցեմ դու տար տուն, արի՛ յա՜ր:
 
Ի՞նչ էլավ քո գալըդ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Տուն արի մութն ընկավ, անջիգյար յա՜ր,
Ձեր դռան չինարի ծառ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Խաս մինթանեդ եկ, տար, անջիգյար յա՜ր:
 
Շուտ արի, սեր անենք, յա՜ր, արի՛, յա՜ր,
Թե չգաս, սև ըլնես, անջիգյար յա՜ր,
Մեր դռան նշի ծառ, յա՜ր, արի՛, յա՜ր,
Ոսկի մատնիքդ տար, անջիգյար յա՜ր:

ՍԱՐԵՐԻ ՎՐՈՎ ԳՆԱՑ

Սարերի վրով գնաց,
        Յա՜ր, յա՜ր,
        Արոտով, արոտով,
        Յարիս կարոտով:
Իմ յարը խռով գնաց,
        Յա՜ր, յա՜ր,
        Մնացիր, մնացիր,
        Զինվոր գնացիր:
 
Ո՛չ լոր էլավ, ո՛չ կաքաց,
        Յա՜ր, յա՜ր,
        Արոտով, արոտով,
        Յարիս կարոտով.
Ձեռնես թռնելով գնաց,
        Յա՜ր, յա՜ր,
        Մնացիր, մնացիր,
        Զինվոր գնացիր:
 
Ծաղիկ ես հոտով-մոտով,
        Յա՜ր, յա՜ր,
        Արոտով, արոտով,
        Յարիս կարոտով:
Եկավ անցավ իմ մոտով,
        Յա՜ր, յա՜ր,
        Մնացիր, մնացիր,
        Զինվոր գնացիր:
 
Աչքս տեսավ՝ սիրեցի,
        Յա՜ր, յա՜ր,
        Արոտով, արոտով,
        Յարիս կարոտով:
Ու մնացի կարոտով,
        Յա՜ր, յա՜ր,
        Մնացիր, մնացիր,
        Զինվոր գնացիր:

ԵՐԻ՛, ԵՐԻ՛, ԵՐԻ՛ ՋԱՆ

Էս գիշեր լուսը տեսա,
        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմ յարը դուսը տեսա,
        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Ելել էր, ուխտ էր գալի,
        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրացանն ուսը տեսա,
        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:
 
Էն սարեն մարդ ա գալի,
        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Սարը կրակ ա տալի,
        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Առաջս աղլուխ բացավ,
        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմացա՝ վարդ ա տալի,
        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

ՓԵՍԻՆ ԳՈՎՔԸ

Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ,
Պսակն էր կարմիր,
Արևն էր կանաչ:
 
Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ,
Շապիկն էր կարմիր,
Արևն էր կանաչ:
 
Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ,
Չուխան էր կարմիր,
Արևն էր կանաչ:
 
Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ,
Շալվարն էր կապույտ,
Արևն էր կանաչ:
 
Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ,
Գոտին էր կարմիր,
Արևն էր կանաչ:
 
Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ,
Գուլպան էր նախշուն,
Արևն էր կանաչ:
 
Մեր թագվորն էր խաչ,
Հայոց խաչ ու մաչ,
Ձիուկն էր հրեղեն,
Թագվորն էր վրեն:

ՔԵԼԵՐ, ՑՈԼԵՐ

Քելեր, ցոլեր իմ յարը,
        Արևի տակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
        Սարի սովոր,
        Մեն-մենավոր,
        Շեկ տղա,
        Շող արեգակ,
        Թո՛ղ արեգակ,
        Ե՛կ, տղա:
 
Քելեր, ցոլեր իմ յարը,
        Աղբյուրի ակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
        Կանաչ առվով,
        Ճանաչ առվով,
        Ե՛կ, տղա,
        Բաղովն արի,
        Շողովն արի,
        Շեկ տղա:
 
Քելեր, ցոլեր իմ յարը,
        Գերանդին ուսին՝
Քելեր, ցոլեր իմ յարը:
        Հով ծառի տակին,
        Զով ծառի տակին,
        Ե՛կ, տղա.
        Հունձ ես արել,
        Քրտինք դառել,
        Շեկ տղա:
 
Քելեր, ցոլեր իմ յարը,
        Ջա՜ն, աչք ի լուսին՝
Քելեր, ցոլեր իմ յարը:
        Հով է, քնիր,
        Զով է, քնիր,
        Ե՛կ, տղա,
        Հունձ ես արել,
        Շատ բեզարել,
        Շեկ տղա:

ՀԱԲՐԲԱՆ

(Զուգերգ) 
 
Տղա.
            Հաբրբա՛ն:
 
Աղջիկ.
            Ջանե՜, ջա՜ն:
 
Տղա.
            Սիրել եմ սերն երեսին,
            Անթառամ թերն երեսին.
            Ով իմ սիրունն ինձ չի տա,
            Աստըծու կերն երեսին:
 
Աղջիկ.
            Հաբրբա՛ն:
 
Տղա.
            Ջանե՜, ջա՜ն:
 
Աղջիկ.
            Սարի թրթնջուկ թազա.
            Մեղր ու շաքար քեզ մազա,
            Ինձ պես նազանի աղջիկ,
            Քեզ պես տղին ո՞նց սազա:
 
Տղա.
            Պզտի՛կ աղջիկ, համ ունիս,
            Չորեք դիմաց ծամ ունիս.
            Խունջիկ-մունջի մի՛ անի,
            Ինձ առնելու կամ ունիս:
 
Աղջիկ.
            Գութանը հոլա, հոլա,
            Գութանիդ տակը քոլ ա.
            Քանի գժություն անես,
            Քեզի առնողը տոլ ա:
 
Տղա.
            Ձեր տան տակի վար կանեմ,
            Չար ագռավին քար կանեմ,
            Թող իմ սիրածն ինձի տան,
            Գժությունս թարկ կանեմ:
 
Աղջիկ.
            Ջուրը իր ճամփով կերթա,
            Ցողածը վարդի թերթ ա.
            Ինձ սիրող կտրիճ տղեն
            Հազարի մեջ մի բերդա:
 
Տղա.
            Բուսել ես բաղի միջին,
            Շամամի թաղի միջին.
            Գիշեր-ցերեկ միալար
            Դու ես իմ խաղի միջին:
 
Աղջիկ.
            Աշուղի պես խա՛ղ ասա,
            Բլբուլի պես տա՛ղ ասա.
            Ինչքան որ գովես՝ արժեմ,
            Իմ մոր գովակա՛ն փեսա:

Яндекс.Метрика